23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

100-րդ անգամ նշվեց Սայաթ-Նովյան Վարդատոնը /ֆոտ/

Մայիսի 25-ին հոբելյանական սայաթնովյան “Վարդատոնը” մեկնարկեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կիրակնօրյա Սուրբ Պատարագով: Սայաթնովյան “Վարդատոնին” մասնակցելու նպատակով տարբեր շրջաններից եւ երկրներից ժամանած հյուրերը եւ հայ համայնքի ներկայացուցիչները հավարտ Սբ. Պատարագի իրենց խոնարհումը բերեցին Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում հանգչող ազգի արժանավոր զավակների շիրիմներին:

Բազմահազարանոց եւ բազմազգ հասարակությունը Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում, որտեղ հանգչում է մեծ սիրերգակն ու բանաստեղծը, սպասում էր Սայաթնովյան “Վարդատոնին”: Մեկ դար առաջ Հովհաննես Թումանյանի, Գեւորգ Բաշինջաղյանի եւ Իոսեբ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ սկիզբ դրված Սայաթ-Նովայի “Վարդատոնը”, շարունակում է մնալ արդիական ու ժողովրդի սիրված տոներից մեկը: Հատկանշական է, որ դեռեւս նախորդ օրը “Հայարտուն” կենտրոնում մեծ հանդիսավորությամբ նշվեց Իոսեբ Գրիշաշվիլու ծննդյան 125-ամյակը:

Տոնահանդեսին իրենց մասնակցությունն էին բերել Հայաստանի գրողների միության, Վրաստանի գրողների միության, ՀՀ Սփյուռքի նախարարության, Ֆրանսիայի Մարսել քաղաքի պատվիրակությունները:

Արդեն 100 տարի շարունակվող ավանդույթի համաձայն, “Վարդատոն-2014” սկսվեց անմահ աշուղի հուշարձանին կարմիր վարդեր խոնարհելով:

Հոբելյանական հանդիսությունը կազմակերպել էր Վիրահայոց Թեմի “Հայարտուն” կենտրոնը՝աջակցությամբ Պ.Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի, Վրաստանի հայ գրողների “Վերնատուն” միության, Վրաստանում ՀՀ դեսպանության, ՀՀ Մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունների, Թբիլիսիի քաղաքապետարանի եւ բարձր հովանավորությամբ՝ “Հայարտան” հոգաբարձուների խորհրդի:

Ելույթ ունեցան բանաստեղծ,թարգմանիչներ Գիվի Շահնազարը, Անահիտ Բոստանջյանը, Բադրի Քութաթելաձեն,Վրաստանի հայ գրողների “Վերնատուն” միության նախագահ Գեւորգ Սնխչյանը, ովքեր մեծարեցին այն ժողովրդին, ով աշխարհին տվել է Սայաթ-Նովա հանճարին:

Տոնահանդեսի համերգային մասը բացեց ավանդաբար “Վարդատոնին” մասնակցող Հայաստանի Հանրապետության ռադիոյի Սայաթ-Նովայի անվան պետական վաստակավոր համույթը, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ: Կրկին սերն ու բարեկամությունն էր իշխում Թբիլիսիի հինավուրց Մեյդանում, կրկին սայաթնովյան երգն ու տաղն էր տարածվում հայերեն եւ վրացերեն՝ “Քսովրելեբի” համույթի,Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի դերասանների, անհատ երգիչների ու ասմունքողների, Հայաստանի եւ Վրաստանի տարբեր վայրերից ժամանած կատարողների կողմից:

Տոնահանդեսի մասնակիցներին իր օրհնությունը հղեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը:

Ուրախ երգ ու պարով, գեղեցիկ ասմունքով “Վարդատոն-2014”-ը դարձավ ժողովրդական մեծ տոն, որի ուղենիշը սիրո եւ բարեկամության գովերգումն է: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ