Կառավարությունը կրկին մերժեց «Լուսավոր Հայաստան»-ին
Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում էր փոխհատուցել ծառայության ընթացքում զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված բոլոր վնասները, այդ թվում՝ ոչ մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասը:
Հիշեցնենք, որ գործող՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» կամ հանրության շրջանում առավել հայտնի «1000 դրամների» օրենքը նախատեսում է փոխհատուցում միայն մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների կամ նրանց ընտանիքների անդամներին։
ԼՀԿ-ն առաջարկում էր նաև օրենքի կարգավորման առարկան սահմանել մարտական գործողությունների հետևանքով կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ներառյալ՝ Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումը:
Առաջարկվում էր նաև, որպես օրենքի կիրառման դեպք, համարել նաև առողջական վիճակի վատթարացումը:
Պաշտպանության նախարարությունն իր եզրակացության մեջ նշել է, որ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով սահմանված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ» եզրույթն իր մեջ ներառում է նաև Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումը, և այդ կապակցությամբ օրենքում հատուկ նշումը ճիշտ չէ ու անընդունելի է:
Ինչ վերաբերում է առողջական վիճակի վատթարացումը որպես հասցված վնասի հանգամանք սահմանելու առաջարկությանը, ապա դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ օրենքը վնասների հատուցում է նախատեսում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստանալու դեպքում, որոնք առաջացել են վնասվածքի կամ խեղման հետևանքով՝ առանց տարանջատում դնելու, թե ժամանակային առումով երբ կամ ինչ պատճառով է առաջացել այդ վնասվածքը կամ խեղումը: