05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եթե կարծում եք, որ Պետրոս Ղազարյանը Լեոնիդ Իլյիչ Բրեժնևն է և անգամ սառնարանի դուռը բացելիս պետք է երևա… բաց նամակ

Տիգրան Պասկևիչյանը բաց նամակ է գրել ՀՌԽ նախագահ Արա Շիրինյանին, որում մասնավորապես ասվում է․

Կարծում եմ՝ կարիք չկա սկսելու նրանից, թե որքան վաղուց ենք մտերիմ եւ մարդկային հարաբերությունների այդ որակի մեջ որքան բնական էր խորհրդականդ դառնալու առաջարկն ընդունելը։ Լավ ճանաչելով ինձ՝ ինքդ էլ գիտեիր, որ երբեւէ տիտղոսային դիրք ու պաշտոնով չեմ հաստատել անձս, եւ ուրեմն առաջարկդ ընդունելը միայն ու միայն ուս-ուսի գործի լծվելու համար էր, ոչ այլ պատճառով։

Հիմա ասեմ, թե ի՞նչ էի մտածում առաջարկդ ընդունելու պահին։ ա) Մտածում էի, որ հանրային հեռարձակողի նախագահը վերջապես ընտրյալ է եւ ոչ նշանակված՝ քաղաքական որոշմամբ։ բ) Ընտրյալ լինելով՝ օժտված է անկախությամբ եւ մի ուժով, որի գործադրմամբ կարելի է լուրջ բարեփոխումներ անել։ (Իսկ որ Հանրայինը, հատկապես՝ ՀՀԸ-ն, կարիք ունի արմատական փոփոխությունների, խոսել ենք թե՛ նախկինում, թե՛ առաջարկդ անելու պահին, թե՛ հետո։) գ) Մտածում էի, որ գնացել ես մի տեղ, որում լինելով ազնիվ արվեստագետ, անբասիր մարդ՝ կանգնելու ես նոմենկլատուրային բետոնի առջեւ, եւ կյանքդ այնքան էլ հեշտ չի լինելու։

Մի խոսքով, առաջարկդ ընդունեցի եւ չեմ ափսոսում այն 75 օրերը, որոնք անց եմ կացրել հանրայինում՝ ժամանակիս մեծ մասը վատնելով ինտրիգներ վերծանելու եւ կանխարգելելու, իսկ փոքրը՝ ստեղծագործական աշխատանքի վրա։ Չեմ ափսոսում, որովհետեւ երբեւէ առիթ չէի ունենալու ներսից տեսնելու եւ հասկանալու, թե ինչ են ստեղծել քոչարյան-սարգսյանական իշխանությունները եւ թե հանրայինն ինչպես է բազմաշերտ պարսպով մեկուսացվել՝ ըստ էության դառնալով հակահանրային։

Առաջին իսկ օրվանից պնդել եմ, որ իրավիճակը փոխելու համար պետք է անել կտրուկ եւ արմատական քայլեր՝ դրանք սկսելով հեռուստաընկերության ղեկավարին զբաղեցրած պաշտոնից ազատելով եւ ընտրություն նշանակելով, ինչի իրավունքն ունես։ Առաջարկիս դեմ քո բերած միակ հակափաստարկը հետեւյալն էր. «Ընտրություն անենք, ո՞վ գա, մարդ չկա»։ Հակափաստարկիդ դեմ իմ առարկությունն էլ հետեւյալն էր. «Ռադիոյի տնօրենն ընտրվեց, կարծեմ, քսան թեկնածուներից, հետը խնդիր ունե՞ս»։

Մինչեւ փոփոխությունը գլխից սկսելու առաջարկիս մեկնությանն անցնելը՝ ասեմ, որ 75 այս օրերի ընթացքում ինձ միշտ ապշեցրել է հակափաստարկիդ սնանկությունը եւ ընտրությամբ պաշտոն ստացածիդ թերահավատությունը մարդկանց սելեկտիվ առաջխաղացման նկատմամբ։ Ցավոք, նիհիլզմդ տարածվում էր ոչ միայն ղեկավար վերնախավը փոխելու, այլեւ առհասարակ արմատական որեւէ տեղաշարժ անելու վրա, թեեւ, չգիտեմ ինչու, ոգեւորված խրախուսում էիր հանրությունից նախագծերի գաղափարներ ընդունող հարթակի ստեղծման առաջարկս, արտերկրյա հեռարձակման հայեցակարգի մշակումը եւ այլ բաներ, որոնք թերահավատությանդ հերքում-բացասումն էին՝ ինքնին եւ ըստ էության։

Առաջարկում էի փոփոխությունը սկսել գլխից մի քանի պատճառով. ա) հանրային հեռուստաընկերության տնօրենը հանրության մեջ ընկալվում է որպես նախկին իշխանությունների մնացուկ (չհիշեցնեմ, թե նախկին իշխանություններն ինչպես են ընկալվում), բ) ՀՀԸ տնօրենն ուղղակի կամ անուղղակի ներգրավված է քննչական կոմիտեում քննվող գործում, ինչը ստվեր է գցում հանրայինի հեղինակության վրա, գ) իր մտակերտվածքով ՀՀԸ տնօրենն ունակ չէ ընդունելու եւ իրականացնելու նոր պահանջները, որոնք առաջ են քաշվել տասնյակ տարիներ եւ ձեւակերպվել 2018-ի թավշյա հեղափոխությամբ, դ) նոր իրավիճակի թելադրանքով հանրայինում նոր բովանդակություն ներմուծելու համար անհրաժեշտ են կառուցվածքային փոփոխություններ, ֆինանսների վերաբաշխում, տնտեսական կարողությունների վերադասավորումներ, որը ՀՀԸ տնօրենը չի ցանկանում եւ չի կարող անել։

Թվարկված չորս կետերից յուրաքանչյուրն առանձին եւ բոլորը միասին հանրայինը հանրայնացնելու լուրջ խոչընդոտ են եւ դա է պատճառը, որ 2018-ի ապրիլից մինչ օրս հեղափոխությունը հեռուստատեսությամբ չի ցուցադրվել։ Եւ չի ցուցադրվելու, քանի դեռ կան մարդիկ, որոնց ընկալման մեջ հեռուստատեսությունը սուրբ խորան է, որին մոտ գալու, առավել եւս բեմ բարձրանալու իրավունք ունեն միայն ընտրյալները՝ այսպես կոչված անվանիներն ու հանրահայտները, մի բառով՝ աստղերը։

Իմ բոլոր ջանքերը նոր գաղափարներ կրող նոր մարդկանց ներմուծել եթեր, հանդիպեցին լուռ դիմադրության։ Առաջին օրերի ճանաչողական հանդիպումների ընթացքում անընդհատ հնչող «մարդ չկա, մարդ առաջարկեք» ծիծաղելի հորդորը, պարզվեց, գործի համար չէր. խորանի սրբազանությունը կորցնելու ահն էր ստիպում աղաղակել։ Եւ բնական էր, որ իմ առաջարկած մարդիկ ո՛չ հրավիրվելու էին, ո՛չ էլ փորձարկվելու։ Լուռ դիմադրությունը քո համաձայնությամբ էր։

Եթե դու կամ քեզանից աշխարհագրորեն վեր գտնվող տնօրինուհին կարծում եք, որ Պետրոս Ղազարյանը Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւն է եւ անգամ սառնարանի դուռը բացելիս պետք է երեւա, առնվազն պիտի հիմնավորեք՝ ինչո՞ւ։ Պիտի հիմնավորեք նաեւ, թե ինչո՞ւ Պետրոսից մինչեւ «Առավոտ լուսո» ընկած ժամանակային դիապազոնում (մոտ 10 ժամ) Հանրայինը չունի գեթ մեկ հաղորդում եւ հաղորդավար, որը կարող է զրույցներ վարել ոչ քաղաքական կամ ոչ էստրադային թեմաներով։

Մարդ չկա՞։ Իսկ դուք փնտրե՞լ եք։ Չեք փնտրել ու չեք փնտրելու, որովհետեւ չեք հավատում սելեկտիվ առաջխաղացմանը։ Որովհետեւ, դու՝ չգիտեմ ոնց, բայց տնօրինուհին պարզապես սարսափում է կրթված, փորձառու, անկախ ու կայացած մարդկանցից, որոնց չես ղեկավարի, պետք է համագործակցես հետները։
Հանրայինի նախագահ ընտրված ցանկացած ոք պաշտոնավարումը կսկսեր Խորհրդի կողմից կառավարվող ընկերությունների անձնակազմին մոտիկից ծանոթանալուց, հաշվապահությունը, կառուցվածքն ու հաստիքացուցակը, պայմանագրերն ու դրանց ծագումը խորությամբ ուսումնասիրելուց։

Եթե չէիր ուզում ակտիվ միջամտել ընկերությունների գործերին, այս ամենին գոնե պետք է ծանոթանայիր քո անունից կառավարություն ուղարկվող փաստաթղթերը վստահ ստորագրելու համար։

Ռադիոյի դեպքում դրա կարիքը չկար, որովհետեւ մրցույթով ընտրված գործադիր տնօրենն ինքը եռանդով լծվել է այդ գործին։ Հանձնարարեցիր ուսումնասիրել հեռուստաընկերության հաստիքացուցակը։ Մի ամբողջ հարցաշար ուղարկեցի քեզ՝ ուռճացված ադմինիստրացիայի, ղեկավար վերնախավի՝ անպարկեշտության աստիճան բարձր աշխատավարձերի եւ այլնի մասին։ Հարցաշարս մնաց սեղանիդ, իսկ տնօրինուհին, պահանջատիրոջ կեցվածքով՝ շարունակ պնդում էր. «Փող չկա, փող չկա, փող չկա…»։

Հանրայինի արբանյակային հեռարձակումը Հայաստան-Սփյուռք երկխոսության գործուն հարթակ դարձնելու փող չկա, համացանցային հեռուստաալիք ստեղծելու փող չկա, մինչդեռ, հաստիքացուցակին, հաղորդումների ու ֆիլմերի արտադրության փաստացի ծախսերին հպանցիկ հայացք նետելով անգամ՝ կարելի էր գալ եզրակացության, որ հարկատուներիս հաշվին պետության հատկացրած 6 միլիարդ դրամը խնայողաբար ծախսելով, կառավարման եւ լոգիստիկայի արդյունավետ ձեւեր կիրառելով հնարավոր է անել ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը։ Հակափաստարկեցիր. «Հասկանո՞ւմ ես, սա պատերազմ է»։ Հասկացա ու չշարունակեցի։

Ոչ մեկի հետ անձնական խնդիր չունեմ։ Չունեմ եւ չեմ ունեցել պաշտոն զբաղեցնելու նպատակ, ինչի մասին միշտ բաց ասել եմ։ Քո երեւակայած «պատերազմը» ոչ թե նոր ու հին թիմերի պայքար է, այլ առհասարակ նորի ու հնի հակամարտություն։

Մի քանի անգամ մատչելի կերպով բացատրել եմ, որ հանրային հեռուստաընկերության անառիկության դարաշրջանում, նրա պարիսպներից դուրս ստեղծվել է այլ իրականություն՝ այլ բովանդակությամբ եւ արժեհամակարգով։ Այդ բովանդակությունն ու արժեհամակարգն էլ եղել է 2018-ի թավշյա հեղափոխության լիցքը։

Հիմա հեղափոխությունից անցել է մոտ 15 ամիս եւ հանրությունը դեռ չի տեսել նոր դեմքերի, չի հանդիպել նոր բովանդակության։ (Խոսքս հաղորդավարների եւ հեռուստատեսային ձեւաչափերի մասին է։) Եւ գուցե սա է պատճառը, որ, ասենք օրինակ՝ ՏԻՄ վերջին ընտրություններում տասնհինգ դեպքից ութում վերընտրվեցին նախկինները։ Ստացվեց, որ ազատ ընտրելու հնարավորությունը կա, բայց չկա քննադատաբար մտածելու եւ համեմատելով դատելու ունակություն։

Մտածողության այս տեսակները, որ դեռ անցած գարնանը Երեւանի կենտրոնում հեղափոխություն էին արտադրում, հանրության լայն զանգվածին պետք է փոխանցվեր մեր հարկերով սնվող հեռուստատեսության եթերից։ Եթե հանրայինն աշխատում է քոչարյան-սարգսյանական ռեժիմով, իսկ նույն մարդկանց գրպանային մեդիան զբաղված է փաստերի աղավաղմամբ, ֆեյք ու ցեխ շպրտելով, հանրությունն ինչպե՞ս պետք է կողմնորոշվի հնի ու նորի, լավի ու վատի, դրականի ու բացասականի ընտրության հարցում։ Ի՞նչ եզրահանգում պետք է անի հանրությունը, երբ ամեն օր եթերում տեսնում է Պետրոս Ղազարյանին, որը, պոլիցայի՝ «Կենտրոն»-ից հետը բերած ջերմեռանդությամբ՝ հիմա էլ լծվել է նոր իշխանությունների հակառակորդներին սատկացնելու գործին։

Թավշյան, անցնցումը, «սիրո եւ համերաշխության» անունն ստացածը բարոյական արժեքների փոփոխություն չէ՞ր ենթադրում։ Լավ կլինի պատասխանես այս հարցին, միայն թե ոչ «մարդ չկա» ձանձրալի հանգերգով։ Իմիջիայլոց հիշեցնեմ իմ միջնորդությամբ մոսկովյան TV-ներից մեկի հայ աշխատակցի բերած առաջարկը, որը համացանցային հեռուստաալիք ստեղծելու եւ լրատվականը հիմնովին փոխելու նորարար հայեցակարգ էր եւ որը քո կողմից արժանացավ նուրբ քամահրանքի։

Դու եւ քո հովանավորությունը վայելող տնօրինուհին լուծումներ չեք կարող գտնել, ոչ այն պատճառով, որ չեք փնտրում, այլ որովհետեւ ունեք այլ աշխարհայացք։ Ուղղահայաց, հրամայական կառավարումը նոր իրականությունում կորցրել է կենսունակությունը։ Ուղղահայաց, հրամայական կառավարողն այլեւս վարակված է լուրջ բարդույթներով. ատում է արդի իրականությունը, ազատ մարդուն, նրա մտավոր, քաղաքացիական, մասնագիտական կարողությունն ու հմտությունները։

Վեթթինգի այս դարաշրջանում ես դեռ չեմ խոսում այն մասին, որ տնօրինուհին եւ նրա մերձավոր շրջապատն, ուղղահայաց կառավարչի դիրքից հոխորտալու փոխարեն, պետք է պատասխանատվության կանչվեին՝ հանրությանը տարիներ շարունակ մոլորեցնելու եւ նույն հանրության հարկերով վարձատրվելու համար։ Сверх наглость-ի մասին Հայկական ռադիոյի մի անեկդոտ կա, դաստիարակությունս թույլ չի տալիս պատմել։

Եւ այսպես՝ 75 օր հանրայինում անցկացնելուց հետո որոշեցի հրաժարական տալ քո խորհրդականի պաշտոնից ու վերադառնալ այնտեղ, ուր ինձ հարմարավետ եմ զգում։ Ցավում եմ, որ հեռանալով չեմ կարող հաջողություն մաղթել, որովհետեւ այն ինչ պատրաստվում ես անել (ավելի ճիշտ՝ չանել), անկախ որեւէ մեկի բարի կամքից կամ մաղթանքից՝ դատապարտված է ձախողման։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ