Ալավերդցի մտավորականները՝ Սուքիասյան ընտանիքին պատկանող բանկի դեմ
Հուլիսի 15-ին, Ալավերդիի մի խումբ մտավորականներ բողոքի ակցիա էին կազմակերպել «Հայէկոնոմբանկի» Ալավերդիի մասնաճյուղի առաջ՝ «Սուքիասյաններ, հանգիստ թողեք ալավերդցիներին» և ««Հայէկոնոմբանկ», ձեռքդ հեռու տար պատկերասրահից» կոչերով, հայտնում է Hetq.am-ը։
Բողոքի ակցիայի առիթ էր դարձել նաեւ այն, որ նախօրեին ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը իր ենթականերին հրահանգել էր Ալավերդու պատկերասրահի նկարները տեղափոխել ազգային պատկերասրահ:
«Տնօրեն Արման Ծատուրյանի առաքելությունը գեղանկարչությունը մեր ժողովրդին մատուցելն է, ոչ թե վերացնելը»,- ասել է Ալավերդու պատկերասրահի տնօրեն Ռաֆայել Ջավախյանը:
Նրա խոսքով՝ Ալավերդու պատկերասրահը ազգային պատկերասրահի 13 մասնաճյուղերից լավագույնն է եւ այն փակելն անթույլատրելի է․ «Եթե այս վիճակում հանձնարարվում է մեր պատկերասրահի նկարները տեղափոխել ազգային պատկերասրահ, էլ պատկերասրահը փակելը ոնց է լինում»:
Նկարիչ Զավեն Օհանյանն էլ նշել է, որ եթե Սուքիասյանիններին հաջողվի զավթել պատկերասրահի շենքը, մի օր էլ մեկ ուրիշ բանկիր աչքը գցելու է Ալավերդու մշակույթի կենտրոնի և մյուս մշակութային շենքերի վրա:
Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ եթե իրենց բողոքին Կառավարությունը չարձագանքի, ալավերդցիներով կփակեն «Հայէկոնոմբանկի» մուտքը և կխոչընդոտեն բանկի աշխատանքը:
Ըստ աղբյուրի՝ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն 19 տարի շարունակ ամեն ինչ անում է Ալավերդու պատկերասրահի շենքը յուրացնելու համար: Դրա պատճառն ընդամենն այն է, որ շենքի դիրքը ի սկզբանե դուր է եկել «Հայէկոնոմբանկի» սեփականատերերին՝ Սուքիասյանների ընտանիքն: Շենքը գտնվում է Ալավերդու կենտրոնական՝ Թումանյան փողոցում: Կառավարության 1997թ. մարտի 14-ի N 51 որոշմամբ ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի նախկին Կախոյան 7, ներկայում Թումանյան 44 հասցեում գտնվող շենքը, որպես պատկերասրահ այսօր էլ համայնքի սեփականությունն է:
Սուքիասյաններին հաջողվել է շրջանցել Կառավարության որոշումը և Ալավերդու Քաղառի վարկային պարտքի դիմաց , շինծու փաստաթղթերով զավթել պատկերասրահի ամբողջ տարածքը: «Հետքի» հրապարակումից հետո Ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնում 2018թ.-ի դեկտեմբերի 31-ին քրօրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործը: Արդեն 8 ամիս է քրեական գործը գտնվում Թումանյանի քննչական մարմնում, սակայն Սուքիասյաններին հաջողվել է ձգձգել գործի վարույթը: Մյուս կողմից նրանք պատկերասրահի շենքը վերջնականապես յուրացնելու համար ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանի միջոցով փորձում են ընդհանրապես փակել Ալավերդու պատկերասրահը: