Տպավորված եմ Հայաստանի պատմությամբ, հայ ժողովրդով եւ նրա հարուստ մշակույթով. Իսրայելի դեսպանը՝ Գարեգին Բ-ին
Հուլիսի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկին (նստավայրը՝ ք. Երուսաղեմ):
Հանդիպմանը ներկա էր նաեւ Իսրայելում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը:
Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր բարեմաղթանքները բերեց դեսպանին:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկու ժողովուրդների պատմական առնչակցություններին ու ընդհանրություններին եւ ներկայում երկու երկրների միջեւ առկա հարաբերություններին: Խոսվեց նաեւ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության կարեւոր առաքելության եւ Իսրայելում հայ համայնքի կյանքի, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրների մասին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Բելոցերկովսկին վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի երկկողմ կապերի ամրապնդման եւ խորացման համար: Վերջինս ընդգծեց նաեւ, որ տպավորված է Հայաստանի պատմությամբ, հայ ժողովրդով եւ նրա հարուստ մշակութային ժառանգությամբ:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետն արդյունավոր առաքելություն մաղթեց դեսպանին: