17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Շատ լուրջ վերապահումներ ունենք կապված կառավարության կազմի հետ

՛՛Նախորդ կառավարության հրաժարականը պահանջելիս մենք նշում էինք, որ Հայաստանին անհրաժեշտ են արմատական համակարգային փոփոխություններ և, որ կառավարության հրաժարականը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է երկիրը առկա համակողմանի ճգնաժամից դուրս բերելու համար։ Դա առավել քան ակնհայտ դարձավ նոր կառավարության կազմը հրապարակելուց հետո։ Կառավարությունը ներկայացված ծրագրում նշում է հավասար հնարավորություններ իրական մրցակցություն ապահովող տնտեսական միջավայր ստեղծելու անհրաժեշտություն մասին և դրանով իսկ փաստում է, որ նման տնտեսական միջավայր չկա մեր երկրում ( ի դեպ Տ. Սարգսյանն էլ էր նշում այդ մասին)՛՛,-Կառավարության ծրագրի վերաբերյալ ելույթում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը։

՛՛Բայց փաստ է նաև, որ գործող կառավարության որոշ կառկառուն դեմքեր ակտիվ մասնակցություն են ունեցել այսօրվա արատավոր համակարգի ձևավորման գործում, երբ իշխանությունը սերտաճել է բիզնեսի հետ, պաշտոնական դիրքը օգտագործվում է սեփական բիզնես շահերի սպասարկման համար։ Հիմա, երբ կառավարությունը իր ծրագրի մեջ նախատասում է հետևողականորեն շարունակել հասարականությունում հանրային կառավարման ոլորտում օրինականության, ազնվության ու բարեխղճության հաստատմանն ուղղված քայլերը, դա մեղմ ասած, համոզիչ չէ, որովհետև իրականում մենք տեսնում ենք ճիշտ հակառակը՝ բարձր պաշտոնների շատ դեպքերում նշանակվում, կամ վերանշանակվում են արատավորված, կոռուպցիայի մեջ խրված անձինք։ Երկրում տիրում է անպատժելիությունը և ամենաթողությունը: Ով է պատասխան տալիս իրեն վստահված ոլորտում արձանագրված ձախողումների համար։ Կառավարության ծրագիրը ծրագիր չէր լինի եթե չնշվեր կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Կառավարությունը նախատեսում է մշակել “ Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգին” համապատասխան ռազմավարություն ու միջոցառումներ և ձեռնամուխ լինել դրանց իրականացմանը։ Ամբողջ հարցը նրանում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգերի ռազմավարությունների և միջողառումների պակաս երբեք չի եղել, սակայն կոռուպցիան մեր երկրում անշեղորեն աճել է։ Ներկայացված ծրագիրը առատ է դեկլարատիվ ձևակերպումներով, մասնավորապես՝ “ ՀՀ կառավարության ծրագիրն ուղղված է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ազատության, անվտանգության ու բարեկեցության ապահովմանը։ ՀՀ կառավարությունը անելու է հնարավորը, որ ՀՀ քաղաքացին իր ստեղծագործ աշխատանքով ապագան կերտի իր հայրենիքում։ Հայրենիքը դառնալու է ապահով հանգրվան և սեփական կարողությունների փորձի և գիտելիքների առավելագույն դրսևորման հնարավորության երկիր՝ յուրաքանչյուր հայի համար։ Նման գեղեցիկ ձևակերպումներով լի էր նաև նախորդ կառավարության ծրագիրը, որի գործունեության հետևանքով շուրջ 300000 մարդ արտագաղթեց երկրից և կտրուկ աճեց աղքատությունը։ Առհասարակ ներկայացված ծրագրի և նախորդ կառավարության ծրագրերի միջև տարբերությունները շատ չեն։ Եվ դա պատահական չէ քանի որ ներկայացված ծրագիրը մշակվել է 2013 թվականի ծրագրի հիմքի վրա։Կարելի է ասել, որ նոր կառավարությունը ավելի զգուշավոր է։ Ծրագրում կոնկրետ ցուցանիշները քիչ են և հետագայում դժվար կլինի գնահատել թե ծրագիրը որքանով է կատարվել։ Եթե նախկին ծրագրով նախատեսվում էր 100000 նոր աշխատատեղեր ստեղծել, ապա ներկայացվածում որևէ թիվ նշված չէ։ Կառավարությունը մինչև 2017 թվականը նախատեսում է ապահովել տարեկան 5% տնտեսական աճ, կրճատել աղքատությունը 10 տոկոսային կետով և բարձրացնել մինիմալ աշխատավարձը մինչև 65000 դր., ինչը բավարար չենք կարող համարել։ Ժամանակը ցույց կտա թե ինչպես կառավարությունը կկատարի իր ծրագիրը, բայց կառավարության առաջին քայլերը՝ ըստ մեզ քայլեր են ոչ ճիշտ ուղղությամբ՛՛։

՛՛Խոսքը մասնավորապես շքեղության հարկի վերացման և խոշոր ընկերություններին պարտադիր աուդիտի ենթարկելու պահանջը հանելու մասին է։ Ոչ թե պարտադիր աուդիտի պահանջն էր պետք հանել, այլ բարձրացնել աուդիտորական ընկերությունների պատասխանատվությունը։ Վերացնելով պարտադիր աուդիտը կառավարությունը կոռուպցիոն նոր հնարավորություններ է բացում։ Եվ առհասարակ սա այն կառավարությունը չէ որը կարող է իրական պայքար ծավալել համատարած կոռուպցիայի, թալանի դեմ և մարդկանց մեջ վերականգնել հավատը պետության և վաղվա օրվա նկատմամբ, իսկ դա մեր երկրի համար առաջնահերթ խնդիր է։ Սա մեծահարուստների շահերը սպասարկող կառավարություն է։ Մենք չենք կարող կողմ լինել ներկայացված ծրագրին, քանի որ բացի նրանից որ ծրագրում կոնկրետությունը քիչ է, և շատ լուրջ վերապահումներ ունենք կապված կառավարության կազմի հետ, ակնհայտ է նաև, որ երկրում առկա արատավոր համակարգի պայմաններում կառավարությունը նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում չի կարող իրականացնել ժողովրդի շահերից բխող քաղաքականություն և ապահովել երկրի համար անհրաժեշտ փոփոխություններ՛՛։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ