Հայաստանի Հանրապետությունում փող է պտտվում, տնտեսության արյունատար երակները բացվել են. վարչապետ
Կենտրոնական բանկից տեղեկացա, որ այս տարի Հայաստանում պահուստավորված դոլարի ծավալը հասել է 171 միլիոն դոլարի։ 3 օրվա ընթացքում 40 միլիոն դոլարով ավելացել է, «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» ներդրումային բիզնես համաժողով-ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա նշանակում է, որ Հայաստանում փող է պտտվում, տնտեսության արյունատար երակները բացվել են», – ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նաև նկատեց՝ ՀՀ կառավարության գերնպատակն է աջակցել մարդկանց, որպեսզի նրանք բացահայտեն իրենց տաղանդը և հավատան դրան։
ՀՀ վարչապետի խոսքով՝ դժվար է գերագնահատել խոշոր կապիտալի դերը տնտեսության զարգացման գործում, Հայաստանի Հանրապետությունում խոշոր բիզնեսը կայացել է, ինքն իր հարցերն ունակ է լուծել։
«Մեր խնդիրն այն է, որ ձևավորվեն նոր խոշոր բիզնեսներ։ Տնտեսությունն ուժեղացնելու համար պետք է ցույց տալ, որ Հայաստանը տաղանդավոր մարդկանց երկիր է։ Մենք հավատում ենք ՀՀ քաղաքացիներին, և ՀՀ քաղաքացին պետք է շարունակի իր հաղթարշավը», – ասաց վարչապետը։