Մարզահամերգային համալիրի աճուրդը անօրինական է
Մարզահամերգային համալիրի հայտարարված էլեկտրոնային աճուրդը անօրինական է եւ իրականացվում է ՀՀ մի շարք օրենքների խախտումներով:
Մարզահամերգային համալիրի, որպես պատմամշակութային հուշարձանի, փաստացի շուկայական արժեքի գնահատում չի կատարվել. ԴԱՀԿ-ը հրաժարվում է տրամադրել գնահատման վերաբերյալ հաշվետվություն:
“Բեստ Ռեալթի” ՍՊԸ-ի երկու բաժնետերերը, որոնք գրանցված են օֆշոր Պանամա համաշխարհային կենտրոն 0832, ԴԱՀԿ ծառայություն են ներկայացրել իրականությանը չհամապատասխանող գնահատում` 25,8 միլիարդ ՀՀ դրամ:
Պատմամշակութային հուշարձանի գնահատման համար չափորոշիչներ գոյություն չունեն: Համեմատական մեթոդի կիրառման պարագայում անհայտ է, թե որ գույքի հետ է համեմատվել Մարզահամերգային համալիրի շենքը:
ՀՀ մշակույթի նախարարությունը պատասխանում է, որ պատմամշակութային հուշարձանի շուկայական արժեքը գնահատելու համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան մասնագիտական հանձնաժողով:
Մարզահամերգային համալիրի շենքը, որպես պատմամշակութային հուշարձան, երբեւէ չի եղել Պաշտպանության նախարարության հաշվեկշռում եւ չի կարող լինել այն պարզ պատճառով, քանի որ ՊՆ կանոնադրությունով նման գործառույթն անթույլատրելի է: Ամեն դեպքում աճուրդին մասնակցող եւ հաղթող կազմակերպությունը պետք է փաստացի կատարի վճարումները, որոնք պետք է փոխանցվեն նախկինում տրամադրված բյուջետային վարկի մարմանը:
2014թ.-ի մայիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազին ներկայացվել է հաղորդում ԴԱՀԿ-ի աշխատակիցների կողմից պաշտոնական դիրքի չարաշահումների վերաբերյալ: Քանի որ որոշումը դատարանի կողմից դեռեւս ուժի մեջ չի մտել եւ գտնվում է վերաքննիչ դատարանի քննության փուլում, ԴԱՀԿ-ը հիմք է ընդունել առաջին ատյանի դատարանի որոշումը. անօրինական կատարողական վարույթը վերսկսվել է եւ գույքը ներկայացվել է էլեկտրոնային աճուրդին:
“Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր”
ՓԲԸ-ի հասարակության հետ կապերի եւ լրատվության բաժին