Նույնիսկ զոքանչ չունեմ, որից կարող է կախվածության մեջ լինեմ. ԲԴԽ անդամի թեկնածու
Ազգային ժողովում մեկ ժամից ավելի տևած քննարկումներից հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գրիգոր Բեքմեզյանը հանդես եկավ եզրափակիչ ելույթով։
Նա փորձեց հստակեցնել, որ ինքը ԲԴԽ անդամի թեկնածու լինելու առաջարկին համաձայնել է՝ մտածելով, որ որևէ կերպ կապված չի լինելու քաղաքական ուժի հետ։
«Իմ մասին իմացել են, զանգել են, առաջարկել են ու ես վստահ եմ, որ իմացել են, որ ես առաջարկն ընդունելուց հետո կապված չեմ լինելու այդ քաղաքական ուժի հետ։ Իմ էությունը բացառում է որևէ կախվածություն։ Պարոն Վարդանյանն իմ կենսագրությունը ներկայացնելուց հպարտորեն կամ քննադատորեն նշեց, որ ամուսնացած չեմ։ Նույնիսկ զոքանչ չունեմ, որից կարող է կախվածության մեջ լինեմ։ Հասկանո՞ւմ եք։ Ես ազատ մարդ եմ։ Իմ ազատությունն ապահովում է իմ սկզբունքայնությունը։ Միակ բանը, որից ես կարող է կախվածություն ունենամ, դա այս երկրի նկատմամբ սերն է, որովհոտև ուր էլ գնացել եմ, ինչ աշխատանքի առաջարկ ստացել եմ՝ հետ եմ եկել, որովհետև սիրում եմ երեկոյան ծառերի զով խաղը։ Իսկ ես այս երկրում դեռ շարունակելու եմ ապրել։ Որևէ ազդեցություն թույլ չեմ տա, որ իմ հեղինակությունը նսեմացվի», – իր եզրափակիչ ելույթում հայտարարեց Բեքմեզյանը։
ԲԴԽ անդամի թեկնածուի ընտրությունը խորհրդարանում կշարունակվի մինչև ժամը 18։10։