25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դուք ովքե՞ր եք, որ այդ հնարավորությունը տալիս եք, կներեք, տպավորություն էր, որ պետք է ասենք շնորհակալություն. Վարչապետը՝ ԱԳ նախարարի տեղակալին

Այսօր կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի և Արման Բաբաջանյանի հեղինակած «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծին՝ պայմանով, որ այն կքննարկվի ԱԺ հանձնաժողովում։

«Կառավարության կարծիքը դրական է, ընդունելի են համարվում այն կարգավորումները, որոնք առաջարկվում են նախագծով, քանի որ դրանք միտված են դիվանագիտական ծառայության առավել պրոֆեսիոնալիզացմանը», – ասաց հարցը ներկայացնող արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը:

Ըստ նրա, խոսքն, ըստ էության, դեսպանների կարգի նշանակման մասին է։

«Առաջարկվում է քաղաքական նշանակումների թիվը սահմանափակել դեսպանների ընդհանուր թվի 15 տոկոսով, իսկ կարիերային դեսպաններին՝ որպես պարտադիր նախապայման, առաջարկվում է աշխատանքային ստաժ։ Նախաձեռնությամբ 15 տարի էր առաջարկվում, իսկ կառավարությունն առաջարկվում է սահմանել 10 տարի։ Այն դեպքերում, երբ քաղաքական նշանակում է առաջարկվում կառավարության կողմից, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժոողովին իրավունք է վերապահվում ներկայացնել խորհրդակցական կարծիք», – ներկայացրեց փոխնախարարը:

Վարչապետը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են խորհրդակցական կարծիք հայտնելու.

«Այսինքն, պե՞տք է հանձնաժողովին տեղյակ պահեն, թե մտադրություն կա այսինչ մարդուն դեսպան նշանակել», – հարցրեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև հետաքրքրվեց՝ ինչու՞ դիվանագիտական ծառայության դեպքում նույն պահանջը չի դրվում։

«Այդ ինչի՞ց է կանխավարկածը, որ ով 10 տարվա աշխատանքի ստաժ ունի ԱԳՆ-ում, ուրեմն վերջ, իր հետ կապված հարցեր չեն կարող լինել, իսկ ով չունի՝ կարող են լինել։ Ես, օրինակ, այդ կարծիքին չեմ, որ ինչ-որ տեղ 10 տարին աշխատելը ինդուլգենցիա է տալիս, որ իր հետ կապված ոչ մի հարց չկա»։

ԱԳ նախարարի տեղակալն ասաց, որ աշխատանքային ստաժի առկայությունը որոշակիորեն ապահովագրում է համակարգը չարաշահումներից։

«Նվազեցնելով քաղաքական նշանակումների թիվը` հասցնելով 15 տոկոսի, հնարավորություն ենք ընձեռում կառավարությանը մանդատի ընթացքում ընդհանուր դեսպանների թվից 7-8 քաղաքական նշանակում իրականացնել», – ասաց փոխնախարարը։

«Դուք ովքե՞ր եք, որ այդ հնարավորությունը տալիս եք, կներեք, տպավորություն էր, որ պետք է ասենք շնորհակալություն, որ կառավարությանն այդ հնարավորությունը տալիս եք», – արձագանքեց վարչապետը:

Նա նշեց՝ պետք է հստակեցնել.

«Եթե խորհրդարանական ֆիլտրով անցնում են, ուրեմն բոլորն են անցնում, չեն անցնում՝ ոչ մեկ չի անցնում։ Թե չէ հակառակ դեպքում ստացվում է, որ մենք ի սկզբանե դեսպաններին բաժանում ենք երկու սորտի՝ առաջին և երկրորդ»։

Վարչապետն առաջարկեց նախագծին տալ դրական եզրակացություն, պայմանով, որ հեղինակների հետ հարցը պետք է նորից քննարկել։

 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ