“Երեւան սիթի”-ն մոլորեցնո՞ւմ է հաճախորդներին /ֆոտո/
“Երեւան սիթի” սուպերմարկետների ցանցի այն հաճախորդները, ովքեր ամսական 50 հազար դրամի գնումներ են կատարում՝ դառնում են “Հավատարիմ հաճախորդ” ակումբի անդամ: Ըստ այդմ էլ նրանք հնարավորություն են ստանում ամսվա ընթացքում որոշակի ապրանքներից օգտվել կես գնով:
Ըստ նախօրոք տարածած հայտարարության եւ գովազդային բուկլետների մայիսի 20-ին հավատարիմ հաճախորդները հնարավորություն ունեին 5100դրամանով “Մաչ Հաուզ 8” վիսկին գնելու 2550 դրամով: Սակայն հավատարիմ հաճախորդները՝ ցանցի Ավանի եւ Զեյթունի մասնաճյուղերում հնարավորություն չունեցան ժամը 19-ից հետո ձեռք բերելու նշված ապրանքատեսակը:
Փոխարենը նրանց առաջարկվում էր 12100 դրամանոց “Լոնդոն” օղին՝ 6050 դրամով, որից կարող էիր գնել 5 հատ: Ի դեպ, այս օղին կես գնով վաճառվում էր նաեւ մայիսի 13-ին:
Նկատենք, որ ոչ մի տեղ գրառում չկա վիսկիի սահմանափակ քանակի մասին: Արդյո՞ք սա նշանակում է, որ սուպերմարկետների տնօրինությունը մոլորության մեջ է գցել հաճախորդներին:
Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ հարցը վիսկին չէ: “Ինչ գրել են, ինչ գովազդել են պիտի անեն”,-ասաց նա:
Փորձեցինք նաեւ ստանալ “Երեւան սիթի”-ի պատասխանատու Էդգար Այվազյանի տեսակետը: Սակայն վերջինս անհասանելի էր:
Henaran.am-ը տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի ուշադրությունը հրավիրում է խնդրո առարկայի վրա: Պատրաստ ենք ներկայացնելու նաեւ “Երեւան սիթի”-ի տեսակետը: