”ԵԼ-ին մասնակցելն ինչ-որ չափով արդարացնում է առաջնությունում գրանցված անհաջողությունը”. Սարգիս Հովսեփյան
«Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում ամփոփել է ավարտված մրցաշրջանը, ինչպես նաև պատմել է, թե ինչպես է թիմը նախապատրաստվելու Եվրոպա լիգային:
-Պարոն Հովսեփյան, փորձենք ամփոփել 22-րդ առաջնությունը, նման լարված վերջաբան, կարծես, վաղուց չէր եղել:
-Առաջնության վերջաբանը, իհարկե, լարված էր: Բայց լարված էր ոչ այն պատճառով, որ շատ ուժեղ էր, այլ որովհետև թիմերի մակարդակը գրեթե հավասար էր: Այդ պատճառով էլ այսպիսի վերջաբանի ականատես եղանք: Հուսով եմ` մյուս առաջնությունն ավելի բարձր մակարդակի կլինի:
-«Փյունիկի» ելույթները գոհացուցի՞չ էին:
-Իհարկե, առաջնությունում` ոչ, որովհետև բավականին ցածր տեղ գրավեցինք, սակայն գավաթը նվաճելուց հետո մեզ ավելի լավ զգացինք, որովհետև ակումբը մասնակցելու է ՈւԵՖԱ գավաթներին, և դա ինչ-որ չափով արդարացնում է առաջնությունում գրանցված անհաջողությունը:
– Մարզչի պարտականությունները ստանձնելիս Ձեր առջև դրած խնդիրները որքանո՞վ հաջողվեց կյանքի կոչել:
-Շատ դժվար է միանգամից մտնել այս գործի մեջ, բայց բոլորիս համատեղ ջանքերով նվաճեցինք գավաթը: Առաջին երեք-չորս ամիսն աշխատող մարզչի համար գավաթ նվաճելը, գտնում եմ, բավարար արդյունք է:
-Ձեր օրոք մի շարք պատանի ֆուտբոլիստներ նշեցին նորամուտը Բարձրագույն Խմբում: Խոսենք նրանց պոտենցիալի մասին. որքանո՞վ են նրանք պատրաստ եվրագավաթներին, կկարողանա՞ն հաղթահարել լարվածությունը:
-Պոտենցիալ, անշուշտ կա, բայց ամեն ինչ կախված է նրանցից: Ես շատ ֆուտբոլիստներ գիտեմ, ովքեր ավելի մեծ պոտենցիալ ունեին, բայց այդպես էլ մնացին պոտենցիալ ֆուտբոլիստներ: Չեմ ուզում անուններ նշել: Ոմանք սխալ են հասկանում գովաբանությունը և դա ինչ-որ չափով վատ դեր է դա խաղում նրանց կարիերայում: Պոտենցիալներ շատ կան, երեք-չորս լավ ֆուտբոլիստներ ունենք, բայց ամեն ինչ կախված է իրենցից. արդյոք կօգտագործե՞ն այդ պոտենցիալն ու դառնան լավ ֆուտբոլիստներ:
-Արձակուրդից վերադառնալուց հետո թիմը սկսելու է նախապատրաստվել Եվրոպա լիգային, ինչպիսի՞ն է նախապատրաստական ծրագիրը:
-Ամեն ինչ արդեն նախագծված է. հունիսի 2-ին սկսում ենք մարզումները, մինչև ամսի 13-14-ը կմարզվենք Հայաստանում, որից հետո նախատեսվում է ուսումնամարզական հավաք արտերկրում: Ուզում եմ նշել, որ կլինեն նոր ֆուտբոլիստներ, այս պահին փնտրում ենք լավ խաղացողներ, լեգեոներներ` հայ և ոչ հայ: Անպայման համալրումներ կլինեն: Մեր նպատակը շարունակում է մնալ լավ ֆուտբոլիստներ պատրաստելը, կարծում եմ` եթե լավ լեգեոները խաղա մեր պատանի ֆուտբոլիստի կողքին, նրան տա իր փորձը, որակները, էլ ավելի աճ կունենանք:
-Ցանկալի համալրումները ստանալու դեպքում ինչպիսի՞ն են ակնկալիքները Եվրոպա լիգայից:
-Ելույթները սկսելու ենք առաջին իսկ փուլից, որն ամենաթույլն է: Եթե ամեն ինչ լինի այնպես, ինչպես ցանկանում ենք, մեկ-երկու ակումբ պետք է անցնենք անպայման:
-Վերջերս գլխավորեցիք մինչև 19 տարեկանների հավաքականը և երկու հանդիպում եք անցկացրել, ի՞նչ ընդհանուր գնահատական կտաք:
– Գնահատականը և լավ է, և վատ, որովհետև այդ հանդիպումները միայն նրա համար էինք կազմակերպել, որ տեղեկություն ստանանք, թե որտեղ ինչ ֆուտբոլիստներ ունենք և ըստ դրա որոշենք ընդհանուր այդ 18-20 անուններից բաղկացած կազմը, ով է մեզ պետք: Իհարկե դեռևս վերջնական որոշում չենք կայացրել, որովհետև կան ֆուտբոլիստներ արտերկրում, որոնց դեռ չենք տեսել: Հուսով ենք մյուս ընկերական խաղին Ուկրաինայի հետ նրանք կգան, կարդարացնեն սպասելիքները, քանի որ լավ ֆուտբոլիստների կարիքը կա: Անփորձ ֆուտբոլիստներ շատ կան, ովքեր ընդհանրապես Բարձրագույն խմբում չեն խաղացել: Լեհաստանի դեմ խաղերը ցույց տվեցին, որ նրանք ոչ ֆիզիկապես, ոչ տեխնիկապես, ոչ տակտիկապես գրագետ պատրաստված չէին: