“Նրանք լինեին իմ տեղը, ի՞նչ կանեին” /վիդեո/
“Հարսնաքարի” գործով ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մորը` Նունե Մարգարյանին, երեկ հրավիրել են ոստիկանության Նոր Նորքի վարչական շրջանի քննչական բաժին՝ որպես կասկածյալ: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը):
Հիշեցնենք, որ երբ հրապարակվում էր վճիռը, ամբաստանյալների հարազատների, մասնավորապես Գարիկ Մարգարյանի մայրը սկսեց անվայել խոսքեր ասել:
“Ասացին, որ իմ դեմ քրեական գործ է հարուցվել: Ես էլ ասացի, որ դուք լինեիք իմ փոխարեն, ի՞նչ կանեիք: Ո՞ր մոր սիրը կարող էր նման անարդար դատավճիռ տանել: Տղայիս անմեղ տեղը նստեցրին, հիմա էլ իմ հետեւից են ընկել: Վարձով եմ մնում ու հիմա տան վարձն էլ չեմ կարողանում վճարել, քանի որ ես եւ տղաս էինք ապրում: Տղայիս դատապարտելուց հետո իմ վիճակը օր-օրի է վատանում”,- ասաց Նունե Մարգարյանը: Վերջինս հանրային պաշտպան է պահանջել:
Հիշեցնենք, որ Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին եւ Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին , Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի եւ Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:
Նշենք նաեւ, որ “Հարսնաքարի” գործով դատապարտայլների հարազատները մարտի 25-ից շարունակում են նստացույցը՝ նախագահի նստավայրի առաջ: Նրանք համաձայն չեն Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռի հետ: Բոլորը դատապարտվել են 12 տարվա ազատազրկման:
Գարիկ Մարգարյանի մորը՝ տիկին Նունեին մյուս դատապարտյալների հարազատները մենակ չեն թողնելու: Նրանց խոսքով միասին են գնալու հարցաքննության:
Նշենք նաեւ, որ ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան:
Մանրամասները տեսանյութում: