Պարգեւներ ասմունքի մրցույթների հաղթողներին
Պարույր Սեւակի 90-ամյակի եւ Հ. Սահյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումներում ներառված ասմունքի մրցույթի հաղթողները հյուրընկալվել են Երեւան քաղաքի պատմության թանգարանում։ Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը շնորհավորել է մրցույթի մասնակից աշակերտներին եւ շնորհակալություն հայտնել նրանց ուսուցիչներին:
“Սիրելի՛ աշակերտներ, Երեւանի պատմության նոր կերտողները դուք եք լինելու եւ արդեն սկսել եք, քանի որ ձեր վերաբերմունքը պոեզիային, գրականությունը անպայմանորեն անհետք չի մնալու ձեր կենսագրության մեջ. գրականությունը լավագույն ինքնաճանաչման դրսեւորումն է։ Շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին եւ շնորհակալություն եմ հայտնում բոլոր մանկավարժներին, ովքեր աշակերտների հոգիներում ու մտածողության մեջ սերմանում են գրականությունը, հայի ազգային լինելու կարեւորությունը, ոգեւորում են աշակերտներին ու արժանացնում պարգեւների”,- նշել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը եւ հաղթող աշակերտներին է հանձնել մրցանակ գրքերը։
Պարույր Սեւակի 90-ամյակի եւ Հ. Սահյանի 100-ամյակի կապակցությամբ ասմունքի մրցույթներն անցկացրել է Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովը։ Երեւանի քանաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ընդգծել է, որ մրցույթն անցկացվել է աշակերտական գիտական ընթերցումներ ներառելով, ինչը աշակերտների՝ գրականության գիտելիքների դրսեւորման լավագույն միջոց է։
Մրցույթներին մասնակցել է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների 358 աշակերտ։ “Պարույր Սեւակ” ասմունքի մրցույթի մրցանակային տեղեր է գրավել տարիքային 2 խմբերից 9 աշակերտ, խրախուսվել է 2-ը։ “Համո Սահյան” ասմունքի աշակերտական մրցույթի հաղթողները 6-ն են, խրախուսվել է 16 աշակերտ։
Միջոցառման ավարտին Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկաներին հրավիրել է դիտելու Երեւանի 17-19-րդ դարերի մասին պատմող “Հին Երեւանի անցուդարձը” գրաֆիկական անիմացիան, որը, որպես նորարարություն, վերջերս է ներառվել Երեւան քաղաքի պատմության թանգարանի ցուցադրությունում։
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն