Ո՞վ է նշանակել Կառավարության նոր կադրերին
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ցիտելով օրենսդրությունը՝ նշեց, որ Կառավարության անդամը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:
՛՛Ձեր Կառավարությունում չկա՞ն անդամներ, որ զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ՛՛,-հարցրեց նա, ապա նկատեց. ՛՛Ականջալուր լինելու սկզբունքով՝ բոլորը շատ վատ են արտահայտվում Ձեր նշանակած կադրերի մասի, շատ վատ: Հատկապես նոր նշանակված որոշ կադրեր Ձե՞ր առաջարկով էին, որ Սերժ Սարգսյանը նշանակեց, թե՞ Սերժ Սարգսյանի առաջարկով էր, որոնց Դուք համաձայնություն եք տվել: Սա շատ կարևոր է, ընդ որում՝ երկու դեպքում էլ վտանգավոր է Ձեզ համար՛՛:
Վարչապետը պատասխանեց, թե որևէ տեղեկատվություն չունի, թե որևէ նախարար այսօր զբաղվում է ձեռնարկատիրությամբ: ՛՛Եթե նման մարդիկ կան, Կառավարությունից կհեռանան: Յուրաքանչյուր կադր էլ, որ նշանակեինք, նույնիսկ Ձեզ, էլի մարդիկ կլինեին, որ կասեին՝ վատ կադր եք նշանակել: Մենք ձգտել ենք, որ կադրերը լինեն հնարավորինս պրոֆեսիոնալ: Իմ՝ Կառավարությունը ձևավորելուց հետո առաջին իսկ ելույթում ասել եմ՝ այն անդամը, որ չի լուծի իր առջև դրած խնդիրները կամ չի իրականացնի Կառավարության ծրագիրը, կհեռացվեն, ես այդ սկզբունքը պահելու եմ՛՛,- շեշտեց Աբրահամյանը:
Մանուկյանը հորդորեց վարչապետին, որ եթե չգիտի՝ իր Կառավարությունում ովքեր ինչ ձեռնարկատիրական գործունեությամբ են զբաղվում, ապա մամուլը տպում է, մի քիչ հետևելու դեպքում՝ կարող է տեղեկանալ և չխախտել Սահմանադրությունը:
Աբրահամյանի խոսքով՝ մամուլին որ նայեն, չեն կարողանա աշխատել: ՛՛Այնքան տեղեկություններ են տարածում, որ չկողմնորոշվել չի լինում: Ես գնահատում եմ մարդու աշխատանքով, ես հասկանում եմ Ձեր մտահոգությունը, որ մենք ավելի լավ աշխատենք, որ հնարավորություն չլինի Կառավարությանը փնովելու, աշխատելու ենք նվիրված, կազմակերպված, քիչ սխալներ թույլ տալով, որ հաճույք չպատճառենք, որ Դուք քննադատեք մեզ՛՛,- եզրափակեց վարչապետը: