28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Արցախում տեղի է ունենում այն, ինչ վաղուց պետք է տեղի ունենար. Քաղաքագետ

«Անկախ այն հանգամանքից, թե ով ինչ կարգավիճակ է տեսնում Արցախի համար, միևնույն է՝ տասնամյակներ ի վեր գործել է մեկ սկզբունք՝ Ստեփանակերտում դե ֆակտո իշխանությունները պետք է համահունչ լինեն Երևանի հետ։ Այստեղ չէի ասի՝ Արցախ-Երևան հարաբերություններ, այլ՝ Ստեփանակերտի վերնախավ և Երևան։ Այս առումով տեղի է ունենում այն, ինչ վաղուց պետք է տեղի ունենար»,- այսօր  լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցած կադրային փոփոխություններին։

Նրա խոսքով՝ Երևանում տեղի է ունեցել հեղափոխություն, ինչն իր մեջ պետք է ներառի նաև Ստեփանակերտի վերնախավը։

Նրա բնորոշմամբ՝ երբ Երևանում հնչեցնում էին «Մերժիր Սերժին» կարգախոսը, ժողովուրդը նկատի ուներ ոչ թե անձին, այլ համակարգը։

«Այսօր Արցախում իշխողները կամ նրանք, որոնք հեռացել են, մաս են կազմում հին վարչախմբին, հետևաբար՝  պետք է հեռանան և հնարավորություն տան, որպեսզի նոր թարմ ուժեր գան՝ համերաշխ հարաբերությունները շարունակելու համար»,- ընդգծեց Արա Պապյանը։

Ըստ նրա՝ այսօր հանրությունը չափից ավելի է կարևորում Արցախում տեղի ունեցող պաշտոնանկությունները կամ անձանց պաշտոնների փոփոխությունը, ինչն այդքան էլ կարևոր հարց չէ։ Ամենակարևոր հարցն Արցախի անվտանգության հարցն է, որի համար պետք նայել ապագային, իսկ դրա համար անհրաժեշտ է մաքրել անցյալը։

«Արցախում կար այնպիսի խնդիր, ինչ կար Հայաստանի մայրաքաղում և մարզերում։ Հարցեր կան, որոնց պատասխանները պետք է տան նախկին և ներկա գեներալները, իշխանավորները։ Եթե մենք ժողովրդավարություն ենք ցանկանում, ապա չենք կարող առանց անցյալը հասկանալու հասնել դրան։ Իսկ անվտանգության հիմնական առանցքը մնում է բանակը, որը շարունակում է մնալ միասնական և լուծել իր առջև դրված խնդիրները։

Վիտալի Բալասանյանը վաղուց պետք է հրաժարական տար, քանի որ զբաղեցնելով պետական պաշտոն՝ արդեն սկսել էր որոշակի շարժում իրականացնել։ Հարցն այստեղ այլ է, արդյո՞ք ներկայիս վարչախմբի մնալու պարագայում, եթե նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հաջորդ տարի, մենք ունենալու ենք ժողովրդավարական ընտրություններ Արցախում, թե՞ ոչ։ Որովհետև, եթե Հայաստանում Սերժ Սարգսյանը մնար իշխանության, մենք դեկտեմբերին ունենալո՞ւ էինք ժողովրդավարական ընտրություններ։ Ինքս Արցախը համարում եմ Հայաստանի մարզ, բայց ներկա իրողությունները գիտակցելով՝ հասկանում եմ, որ առաջիկա ընտրություններն անխուսափելի են»,- շեշտեց Արա Պապյանը։

Նա նաև հավելեց, որ ճիշտ կլիներ, եթե առաջիկայում խորհրդարանական և ոչ խորհրդարանական ուժերը, անհատները խորհրդակցություն անցկացնեին՝ հասկանալու համար, թե եղած խնդիրներն ինչպես են փորձելու լուծել՝ հասկանալով, որ այն պայքարը, որը կա ներսում, կարող է դուրս գալ փողոց, ուստի չպետք է ամեն ինչ թողնել բարձիթողի վիճակում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ