17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թող այդ քաղաքական թիմը համապատասխան քաղաքական որոշում կայացնի. Սահակյանը խորհուրդ ունի Զոհրաբյանին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը վստահ է՝ Վերնիսաժի կրակոցների հետ կապված միջադեպի բոլոր մեղավորները կպատժվեն: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

 Հարցին, թե արդյոք նախաքննությանը չի խանգարի այն հանգամանքը, որ մեղավորներից մեկը պատգամավորի մերձավոր է, ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ պատգամավորը պարտավոր չէ պատասխանատվություն կրել փեսայի արարքի համար. ՛՛Հետևանքը քաղաքական է, դուք խոսում եք օրենքի մասին: Հանցավորության համար պատասխանատվություն է կրում այն անձը, ով հանցագործություն է կատարել՛՛:

Դիտարկմանը, որ ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանն այդ դեպքում ինչու պատասխանատվություն կրեց, երբ իրեն պատկանող ռեստորանային համալիրում սպանվեց զինվորական բժիշկ Վահե Ավետյանը, Սահակյանն արձագանքեց. ՛՛Դա քաղաքական որոշում էր, եթե այդ տեսանկյունից նայենք, ապա թող այդ խմբակցությունը և քաղաքական թիմը համապատասխան քաղաքական որոշում կայացնի՛՛:

Ինչ վերաբերում է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը,  թե իրավապահ համակարգը սկսում է գործել, երբ ԲՀԿ-ի ներկայացուցիչների մերձավորներին է այն վերաբերում, ՀՀԿ-ականը նկատեց. ՛՛Ինչպես տեսնում եք` դեռ ԲՀԿ-ի ներկայացուցչի հետ կապված որևէ գործ չի հարուցվել, կամ աղմկահարույց մանդատներ վայր դնելու խնդիր չի եղել, տիկին Զոհրաբյանին խորհուրդ կտամ հետևել քաղաքական անցուդարձին նաև քաղաքական մշակույթ ձևավորելու ճանապարհին համապատասխան որոշումը քննարկեն իրենց թիմում. օրենքի առջև հավասար են բոլորը՛՛,-ասաց նա:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, ժամը 13:25-ի սահմաններում ”Վերնիսաժի” մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն և հնչել էին կրակոցներ, որի հետևանքով հրազենային վնասվածք էին ստացել պատահական անցորդներ։ Նրանց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:

Նշենք, որ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1985 թ. ծնված Գոռ Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 18-ին ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ հանձնվել է Կենտրոնական քննչական բաժին:

Ըստ տեղեկությունների՝ նա ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի (”Յուվեցի Կարո”) փեսան է։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ