Ես չեմ կարծում, որ այդ դեպքի համար ոստիկանապետը պետք է հրաժարական տա
՛՛Շատ վատ դեպք է տեղի ունեցալ: Փառք Աստծո, որ զոհեր չեն եղել: Այդ մարդկանց փոխարեն կարող էի լինել ես կամ իմ երեխան կամ դուք՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Մարգարյանն՝ անդրադառնալով Վերնիսաժի կրակոցներին:
Պատգամավորը վստահ է՝ համապատասխան մարմիններն այդ հարցը մինչև վերջ կտանեն: Մարգարյանն ասաց, որ ինքը թեմայից տեղյակ է այնքան որքանով ներկայացրել են լրատվամիջոցները. ՛՛Կարո Կարապետյանին դեռ չեմ հանդիպել՛՛: Հարցին, թե արդյոք նման դեպքերից հետո չպետք է ոստիկանապետը հրաժարական տա, պատգամավորը պատասխանեց. ՛՛Եթե ոստիկանապետը հրաժարական տա տվյալ հարցով, ապա մենք ամսական երեսուն կամ քառասուն անգամ պետք է ոստիկանապետ փոխենք: Ես չեմ կարծում, որ այդ դեպքի համար ոստիկանապետը պետք է հրաժարական տա և ընդհանրապես ես դեմ եմ դրան, որովհետև ոստիկանապետի ուժը նրանում է, որ նա պետք է կարողանա գործը բացահայտել՛՛:
Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավոր է, որ Կարո Կարապետյանը միջնորդություն ներկաացնի և փեսայի պատիժը մեղմի, ապա Մարգարյանը չի կարծում, որ այստեղ պատգամավորի միջնորդությունը մեծ ազդեցություն կարող է ունենալ. ՛՛Կարևորը քրեական գործի ընթացքն է, եթե գործի ընթացքը թույլ տա, որ բաց թողնեն անձին, ուրեմն բաց կթողնեն՛՛:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, ժամը 13:25-ի սահմաններում ”Վերնիսաժի” մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն և հնչել էին կրակոցներ, որի հետևանքով հրազենային վնասվածք էին ստացել պատահական անցորդներ։ Նրանց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:
Նշենք, որ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1985 թ. ծնված Գոռ Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 18-ին ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ հանձնվել է Կենտրոնական քննչական բաժին:
Ըստ տեղեկությունների՝ նա ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի (”Յուվեցի Կարո”) փեսան է։