Հայաստանն ՛՛իմունիտետ՛՛ չունի
”Կա պառլամենտական վեցյակ, որ ունի տաբեր դերակատարումներ, որի նպատակն է պահպանել այս համակարգը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ խոսելով հաջորդ նախագահական ու խորհրդարանական ընտրություններում քառյակի հաղթելու հնարավորությունից: ՛՛Քառյակի գործունեության արդյունքը մենք տեսանք, հիմա քառյակը ամեն ինչից գոհ է, քառյակի լիդեր ԲՀԿ-ն ամեն ինչից գոհ է: Սա, փաստորեն, այլ կերպ, քան ներիշխանական պայքար՝ սեփական մասնաբաժինը մեծացնելու համար, լծակներն ընդլայնելու հետ կապված, գնահատել չի կարելի՛՛:
Մեհրաբյանը նշեց, որ ի սկզբանե էլ ասել է, որ քառյակի ուժերը միայն այդ պատճառով են միավորվել, և հիմա էլ իրադարձությունները ցույց են տալիս, որ Կառավարությանն անվստահություն հայտնելու գլխավոր դրդապատճառը դա էր: ”Մենք այսօր գործ ունենք ապաքաղաքականացման հետ, ընդհանրապես քաղաքականության ապաքաղաքականացման հետ, ինչը կարող է պարզապես կատաստրոֆիկ հետևանքներ ունենալ Հայաստանի համար, մանավանդ առջևում են Եվրասիական, Մաքսային ապուշությունները, և Հայաստանը որևէ ՛՛իմունիտետ՛՛ չունի այդ ապուշություններին դիմակայելու համար՛՛,-նկատեց նա:
Փորձագետի խոսքով՝ այսօր հայաստանյան ներքաղաքական կյանքում այնպիսի մարդիկ են, ովքեր հասարակության շահի մասին ընդհանրապես չեն մտածում: ՛՛Զբաղվում են իբրև թե քաղաքականությամբ, իսկ քաղաքականությունը մի գործունեություն է, որ պետք է սպասարկի հանրության շահը, իսկ սա քաղաքականություն չէ, կապ չունի հանրության շահի հետ, գզվռտոց է, որ տանում է դեպի պետականության կատաստրոֆա: Հանրությունն այս պահից պետք է մտածի դրա մասին. մեզ այսպիսի քաղաքական գործիչներ պետք չեն, մեզ այդպիսի քաղաքականություն պետք չէ, այդպիսի քաղաքականությունը մահացու է ՀՀ-ի համար՛՛,-եզրափակեց Ռուբեն Մեհրաբյանը: