17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նամակ ՀՀ պաշտոնյաներին` հոմոֆոբիայի դեմ պայքարի օրվա առթիվ

Մայիսի 17-ը հոմոֆոբիայի և տրանսոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Այն նշվում է ամեն տարի ավելի քան 100 երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից` բարձրաձայնելու ԼԳԲՏ մարդկանց մարդու իրավունքների ոտնահարումների մասին: Օրը խորհրդանշական է նրանով, որ 1990թ. մայիսի 17-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նույնասեռականությունը հանեց հոգեկան հիվանդությունների շարքից: Հոմոֆոբիան վախն է, հակակրանքը կամ ատելությունը նույնասեռականության, ինչպես նաև նույնասեռական ընկալվող կամ նույնասեռական մարդկանց նկատմամբ։

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ–ն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին,  վարչապետ Հովիկ Աբրահամյանին, մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում ապրող ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր) մարդկանց նկատմամբ վառ արտահայտված հոմոֆոբիայի առիթով, ինչը հիմք է հանդիսանում ԼԳԲՏ մարդկանց մարդու իրավունքների ոտնահարման, ատելության հիմքով հանցագործությունների կատարման և անպատժելիության մթնոլորտի ձևավորման համար: Նամակին կից ներկայացվել է նաև ԼԳԲՏ անձանց իրավունքների իրավիճակի մասին կազմակերպության տարեկան հաշվետվությունը:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում սահմանված է, որ բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ և իրավունքներով: Սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը չեն կարող անհավասար վերաբերմունքի և խտրականության պատճառ հանդիսանալ: Տարբեր սեռական կողմնորոշմամբ ու գենդերային ինքնությամբ մարդիկ իրավասու են լիարժեքորեն օգտվել մարդու բոլոր իրավունքներից: Համաձայն ՀՀ Սահմանադրության հոդված 14.1-ի` խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

2008-ի դեկտեմբերի 19-ին Հայաստանը միացել է ՄԱԿ-ի հռչակագրին, որը դատապարտում է խտրական վերաբերմունքը մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ` ելնելով սեռական կողմնորոշումից ու գենդերային ինքնությունից: 2009-ի մայիսի 17-ին Հայաստանը ստորագրել է Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված Եվրամիության դեկլարացիան, որով ԵՄ-ն (Եվրոպական միությունը) դատապարտում և մերժում է հոմոֆոբիայի ցանկացած դրսևորում` համարելով այս երևույթը մարդկային արժանապատվության պղծում:

Հայաստանում 2003 թվականին նույնասեռականությունն ապաքրեականացվել է: Բայց այդ փաստը դեռևս բավական չէր մարդկանց վերաբերմունքը փոխելու համար, և ԼԳԲՏ անձինք դեռևս խոցելի են, չհասկացված, ոչ բավականաչափ տեսանելի:

Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում նշվում է հոմոֆոբիայի ու տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը: Այս տարի ևս Հայաստանը միացել է Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ միջազգային օրվան:  «Հելսինկյան Ասոցիացիա» և «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք»  իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները նախաձեռնել են «Ես դեմ եմ հոմոֆոբիային» ուղերձով կարճ տեսահոլովակների պատրաստում, որին միացել են տասնյակ ՀՀ քաղաքացիներ՝ համերաշխության ու հանդուրժողականության կոչերով՝ պայքարելու հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ