Կենցաղային մակարդակի խնդիրներով զբաղված՝ կարևոր նշանակություն ունեցող բազմաթիվ գորընթացների անհաղորդ ենք մնում. իրանագետ
Ակնհայտ է, որ այս տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները Հայաստանին չեն կարող չհետաքրքրել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Հատկապես չեն կարող չհետաքրքրել այն բոլոր զարգացումները, որոնք կապված են մեր հարավային հարևան և բարեկամ պետության՝ Իրանի հետ։ Իսկ այս հարթության մեջ մենք ունենք բավականին հետաքրքիր, որոշ դեպքերում անհանգստացնող գործընթացներ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնենք», – ասաց Ոսկանյանը։
Նա նշեց, որ Հայաստանի շահերի և հետաքրքրությունների տեսանկյունից կարևոր են Իրան-ԱՄՆ հարաբերությունները։ Այս պետությունների հարաբերություններն ուղղակի կամ անուղղակի, ըստ բանախոսի, ազդում են Հայաստանի ներսում զարգացումների վրա։
«Մենք՝ իրանագետներս, բազմիցս զգուշացրել ենք, որ Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունների ֆոնին հատկապես խոցելի ոլորտ պետք է դիտարկել Հայաստանի բանկային, ֆինանսական համակարգը` հատկապես կապված ՀՀ-Իրան առևտրաշրջանառության հետ։ Բոլորովին վերջերս էլ հայկական բանկերից մեկը պաշտոնական հայտարարություն տարածեց, որից բխում էր, որ Իրանի հետ ոչ միայն բանկային փոխանցումների խնդիր ենք ունենալու, այլ նաև խնդիրներ ենք ունենալու բեռնափոխադրումների հետ», – ասաց Վարդան Ոսկանյանը։
Իրանագետը զգուշացրեց, այդ ռիսկերն առկա են և դրանք պետք է կառավարել։ Մինչդեռ, նրա խոսքով, այս խնդիրները կամ արձագանք չեն գտնում, կամ՝ փոքր ծավալներով։
«Մեր երկիրը զբաղված է հիմնականում ներքաղաքական կամ կենցաղային մակարդակի զանազան խնդիրներով, ինչի հետևանքով մեզ համար կարևոր նշանակություն ունեցող բազմաթիվ գորընթացների մենք ուղղակի անհաղորդ ենք մնում, կամ հաղորդ ենք մնում միայն որոշում կայացնողների վրա ազդեցություն չունեցող փորձագետների մակարդակով», – նշեց Ոսկանյանը։