Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել սամբոյի Եվրոպայի առաջնությունում
Մայիսի 16-ից 18-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող սամբոյի Եվրոպայի 2014թ. առաջնության առաջին մրցումային օրը հայ սամբիստները նվաճեցին երեք մեդալ:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ մեր հավաքականի առաջին մեդալը վաստակեց 90 կգ քաշային կարգում հանդես եկող, Բանակի կենտրոնական մարզական ակումբի սան Էդիկ Պետրոսյանը՝ գրավելով 3-րդ տեղն ու արժանանալով բրոնզի:
Մեր մարզիկներից երկուսը, հաղթելով բոլոր գոտեմարտերը հասան եզրափակիչ և ապահովեցին մեր ընտրանու հաջորդ երկու մեդալները:
57 կգ քաշային, սպիտակցի Մխիթար Մխիթարյանը, ցավոք պարտվեց եզրափակիչ գոտեմարտում և բավարարվեց արծաթե մեդալով, փոխարենը գերազանց հանդես եկավ Տիգրան Կիրակոսյանը և արժանանալով չեմպիոնի կոչման, ի պատիվ Հայաստանի հնչեցրեց հայոց օրհներգը: Ի դեպ, Տիգրանի մրցակիցը 52 կգ քաշային կարգի եզրափակչում ադրբեջանցի Ագասիֆ Սամեդովն էր:
Հիշեցնենք , որ վանաձորցի մարզիկը չեմպիոն էր հռչակվել նաև 2013թ. համաշխարհային ունիվերսիադայում: Մեր մյուս մարզիկները մրցասպարեզ կմտնեն նաև մայիսի 17-ին ու 18-ին: