Կառավարությունն իր ողջ գործիքակազմով աջակցելու է ՓՄՁ-ների զարգացմանը. Հովիկ Աբրահամյան
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում հանդիպել է փոքր եւ միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարներ՝ Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Ճշմարիտյանը, հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Դիմելով ներկաներին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է. “Կառավարությունը, գիտակցելով փոքր եւ միջին ձեռնարկատիրության դերը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, տնտեսական աճի ապահովման եւ աշխատատեղերի ստեղծման գործում, ուշադրության կենտրոնում է պահելու ՓՄՁ ոլորտը, եւ իր ողջ գործիքակազմով աջակցելու է այս բնագավառի զարգացմանը: Աջակցությունն իրականացվելու է հիմնական հետեւյալ գործիքներով. սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցություն, վարկային երաշխավորությունների եւ վարկերի տրամադրում: Որպես նոր գործիքներ՝ աջակցելու ենք տեղական տնտեսական զարգացմանը եւ առանձին ոլորտային բիզնեսներին”:
Վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունը քննարկում է Ասիական զարգացման բանկի հետ՝ ՓՄՁ-ով զբաղվող կին գործարարների համար 25 մլն դոլարի ծրագիր իրականացնելու ուղղությամբ:
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ հստակ քայլեր են ձեռնարկվելու՝ ոլորտի համար հարկային արտոնյալ պայմաններ սահմանելու եւ հարկային բեռի նվազեցման ուղղությամբ, այդ թվում շրջանառության հարկի դրույքաչափերի վերանայման մասով: “Հետեւողականորեն բարելավելու ենք բիզնես միջավայրը՝ կրճատելով բիզնեսով զբաղվելու խոչընդոտները, լիցենզիաները, թույլտվությունները: Ներդրվելու են էլեկտրոնային նոր համակարգեր, նվազելու է տեսչական ստուգումների քանակը”,- տեղեկացրել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը վստահեցրել է ՓՄՁ ներկայացուցիչներին, որ այս ոլորտին առնչվող յուրաքանչյուր օրենսդրական նախաձեռնություն, խնդիր եւ առաջարկ քննարկվելու է նրանց հետ:
Հանդիպման ընթացքում տնտեսվարողները եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու խնդիրները, որոնց շուրջ ընթացել է անկաշկանդ քննարկում:
ՓՄՁ-ների ներկայացուցիչները ողջունել են Հովիկ Աբրահամյանի կողմից ներկայացված մոտեցումները եւ շնորհակալություն հայտնել խնդիրներին հետեւողական լինելու պատրաստակամության համար:
Կողմերը պայմանավորվել են, որ նման հանդիպումները կկրեն պարբերական բնույթ: