Ես մոտ հարաբերություններ ունեմ Վահե Գրիգորյանի հետ. Արարատ Միրզոյան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:
ԱԺ ներկայիս կազմն արդեն երկու անգամ մերժել է Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված՝ Գոռ Հովհաննիսյանի և Արթուր Վաղարշյանի թեկնածությունները: Վահե Գրիգորյանի թեկնածությունը մեկ անգամ մերժել է նախորդ գումարման խորհրդարանը: Շրջանառվող լուրերի համաձայն, «Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ նոր անդամի պաշտոնում ցանկանում է տեսնել հենց Վահե Գրիգորյանին:
ՀՀ նախագահի հայտարարության մեջ ուշագրավ դիտարկում կա. «Կարևորելով իրավական համակարգի, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի գործունեության արդյունավետությունը, նկատի ունենալով, որ ՍԴ անդամի թեկնածուի ընտրության հարցը չի կարող անվերջանալի գործընթացի վերածվել, դառնալ քաղաքական սակարկությունների կամ շահարկումների առարկա, հենվելով իր և իրավական հանրույթի ներկայացուցիչների, ինչպես նաև ՍԴ դատավորի հավանական թեկնածուների հետ վերջին երկու օրերի ընթացքում ունեցած քննարկումների արդյունքների վրա, Հանրապետության նախագահն առաջարկում է Վահե Գրիգորյանի թեկնածությունը»:
Օրերս՝ Ա. Վաղարշյանի թեկնածությունը մերժելուց հետո, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողներին ասել էր, որ հանդիպել է Ա.Սարգսյանի հետ:
Այսօր Ա.Միրզոյանը լրագրողների հարցադրումներին ի պատասխան՝ ամեն կերպ հերքեց, որ Վահե Գրիգորյանն իրենց նախընտրելի թեկնածուն է Սահմանադրական դատարանում:
«Վահե Գարիգորյանի թեկնածության առաջադրումը և գուցե հավանական հետագա ընտրությունը բոլորովին չի նշանակում գործող իշխանությունների կողմից, այսպես ասած, յուրայինի, թիմակցի գործուղում ՍԴ: Եթե Վահե Գրիգորյանն ընտրվի, լինելու է անկախ ՍԴ դատավոր: Վահե Գրիգորյանին ընտրելը չի նշանակում՝ մեր մարդն ունենալ, այդ մարդիկ պետք է լինեն անկախ, այդ կառույցը պետք է լինի անկախ»,- ասաց Ա.Միրզոյանը:
Նա նշեց, որ չափազանց դրական է վերաբերվում Վ.Գրիգորյանի թեկնածությանը, իսկ թե ինչպիսին կլինեն խմբակցության վերաբերմունքը, ընտրության արդյունքը, կերևա առաջիկայում:
«Ես մոտ հարաբերություններ ունեմ Վահե Գրիգորյանի հետ, և դա ձևավորվել է բազմաթիվ տարիներ առաջ, երբ մենք տարբեր եղանակային պայմաններում տարբեր հարցերով ընդվզման շարժումներ էինք անում, հայտնվում էինք ոստիկանական բաժանմունքներում, և այդտեղ մեզ հետ էին տարբեր իրավապաշտպաններ, այդ թվում՝ Վահե Գրիգորյանը: Կարծում եմ՝ նորմալ է, որ մենք այդ տարիներից սկսած, այդպիսի հանգամանքներում ծանոթանալով՝ կարողացել ենք մտերիմ հարաբերություններ ձևավորել: Իհարկե, չափազանց մեծ դեր է խաղում այն, որ արժեհամակարգի առումով, երկրի զարգացման տեսլականի առումով, երկրի մասին ունեցած երազանքի առումով՝ բավականին մեծ ընդհանրություններ կան»,- ասաց Ա.Միրզոյանը:
Ա.Միրզոյանի համոզմամբ՝ ՀՀ նախագահն իր փաստարկները կներկայացնի, թե ինչու է թեկնածու ընտրել Վ.Գրիգորյանին: Նրա խոսքով՝ ԱԺ-ն ՀՀ բարձրագույն օրենսդրական մարմինն է և կարող է կայացնել այն բոլոր քաղաքական որոշումները երկրի հետ կապված, որով լիազորված է Սահմանադրությամբ և ունի ժողովրդի մանդատը. «Ճնշման հարց չկա»:
Անդրադառնալով «հին» խոսակցություններին, որ Վահե Գրիգորյանը նոր թեկնածու չէ, իսկ օրենքը պահանջում է նոր թեկնածուի առաջադրում, Ա.Միրզոյանը հորդորեց.
«Բերեք այդ կամայական մեկնաբանությունները թողնենք։ Նոր թեկնածություն է սա, խնդիր չկա։ Իրավաբանների հետ հազար անգամ խորհրդակցություն է եղել, այս թեման հրապարակային քննարկվել է»։
Ըստ ԱԺ նախագահի՝ ՍԴ-ն այս տարիների ընթացքում «լղոզ» գնահատականներ է տվել, չի կատարել այն առաքելությունը, որին կոչված էր, և չի տվել այն լուծումները, որի համար ձևավորվել է. «Ես հույս ունեմ, որ այժմ գործընթացները կհանգեցնեն հակառակ գործընթացի»: