22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեր ժողովուրդների արժեհամակարգային միասնությունից սերմանվել եւ ուժ է ստանում հայ-ֆրանսիական միությունը. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանի անունից` ի պատիվ պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի, այսօր երեկոյան Նախագահի նստավայրում տրվել է պետական ընթրիք:

Արարողակարգի համաձայն, երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանն ու երկու բարեկամ ժողովուրդների պատմական առնչություններին, միջպետական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին եւ դրանց զարգացման հեռանկարին:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի բաժակաճառը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի պատվին տրված պետական ընթրիքի ժամանակ

 

“Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգարժա՛ն տիկնայք եւ պարոնայք,

Մեզ համար մեծ պատիվ է պետական այցով Հայաստանում հյուրընկալել բարեկամ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի ղեկավարած պատվիրակությանը: Վստահ եմ՝ ձեզնից շատերը գիտեն, որ պարոն Օլանդը մեր երկրում գտնվելու առիթ է ունեցել դեռեւս 2007 թվականին, եւ ուրախ եմ, որ այսօր նրան մենք հյուրընկալում ենք արդեն Ֆրանսիայի Նախագահի բարձր պաշտոնում:

Ֆրանսիայի Նախագահի յուրաքանչյուր այց մեր երկիր, հագեցած քննարկումներով հանդերձ, վերածվում է իսկական տոնակատարության, քանի որ ջերմ տրամադրությունը տիրում է ամենուր:

Հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների միջեւ առանձնահատուկ համակրանքը բխում է բազմադարյա առնչություններից: Անդրադարձ կատարելով պատմական աղբյուրներին՝ հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների կապերի մասին մի հսկայական ժառանգություն ենք բացահայտում: Փարիզի Սեն Դընի արքայական դամբարանում Ֆրանսիայի թագավորների կողքին ամփոփված Կիլիկիայի Հայոց արքա Լեւոն 5-րդի գերեզմանը փաստում է երկու թագավորությունների միջեւ սերտ կապերի մասին: Պատմական աղբյուրները վկայում են ֆրանսիական արքունիքում մեծ համարում ունեցող հայազգի թարգմանիչների, ճարտարապետների, առեւտրային ակտիվ կապերի, 17-րդ դարում Ոսկան Երեւանցու կողմից Մարսելում հիմնված հայկական տպագրության, 18-րդ դարում Փարիզի Արեւելյան կենդանի լեզուների դպրոցում բացված հայագիտության ամբիոնի մասին. վերջինը, ի դեպ, գործում է մինչեւ այսօր: Ֆրանսիայի նորագույն պատմության էջերում անմահացել են Միսաք Մանուշյանը եւ Դիմադրության շարժման նրա զինակիցները: Վաղը առիթ ենք ունենալու միասին հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:

Ուրախալի է, որ այդ ժառանգությունը մշտապես համալրվում է: Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել անգերազանցելի մաեստրո, հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության մարմնացում, հարգարժան Շառլ Ազնավուրին՝ իր ինը տասնյակ գարունների եռանդը շքեղ համերգի տեսքով մեզ շնորհ անելու համար:

Հարգարժա՛ն ներկաներ,

Պատմական այս կապերն ակնհայտորեն իրենց հետքն են թողել մեր միջպետական հարաբերություններում: Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ մեր օրակարգը զարգացել է ամենատարբեր ուղղություններով: Չկա մի ոլորտ, ուր ձեռքբերումներ արձանագրված չլինեն՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ կրթամշակութային:

Հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում կարեւոր դերակատարություն ունի նաեւ միջխորհրդարանական համագործակցությունը, որի պարագայում նույնպես առկա է անցյալի գործոնը: Ես ցանկանում եմ հիշատակել Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, մեծ հումանիստ Ժան Ժորեսի անունը, ով առաջիններից բարձրաձայնեց Օսմանյան կայսրությունում 19-րդ դարի վերջին հայերի հանդեպ համիդյան ջարդերի մասին: Մենք շնորհակալ ենք Ֆրանսիային մարդկությանը նման երախտավոր զավակներ տալու համար, ինչպես նաեւ 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց ցեղասպանությանից փրկված տարագիրներին ապաստան տալու եւ ապահով ապագա ընձեռելու համար: Ձեր պարագայում, պարո՛ն Նախագահ, երախտագիտության իմ խոսքն եմ ուղղվում Ձեզ ոչ միայն որպես այդ քայլն արած պետության Նախագահի, այլեւ հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության դատապարտման ու դրա ժխտողականությունը քրեականացման գործի առաջամարտիկի:

Հազարավոր հայեր արժանին փոխհատուցեցին Ֆրանսիային: Պահպանելով կարոտը կորսված հայրենիքի եւ հավատարմությունը՝ հայ ինքնության հանդեպ, նրանք նվիրվեցին Ձեր երկրին եւ որպես օրինակելի քաղաքացիներ՝ ֆրանսիացի ժողովրդի հետ համերաշխորեն հանձն առան Առաջին աշխարհամարտից կեղեքված Ֆրանսիայի վերակառուցմանը, Երկրորդ աշխարհամարտի ընթացքում նրա ազատագրմանը՝ հետագայում իրենց ստեղծագործ աշխատանքը ներդնելով Ֆրանսիայի բարգավաճմանն ու միջազգային հեղինակության ամրապնդմանը:

Պարո՛ն Նախագահ,

Հայաստանը գիտի, որ Ֆրանսիան իր կողքին է մեզ համար զգայուն ու կարեւոր բոլոր հարցերում: Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի հետեւողական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման բանակցություններում:

Հայաստանը բարձր է գնահատում նաեւ բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը մեր արտաքին քաղաքականության եվրոպական ուղղության զարգացմանը: Եվրամիության օժանդակությամբ մեր երկրում լայնածավալ բարեփոխումներ են իրականացվել՝ նպաստելով ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ իրավական պետության ամրապնդմանը: Գիտակցելով, որ դեռ անելիքներ ունենք այս ճանապարհին՝ Հայաստանը հանձնառու է խորացնել համագործակցությունը Եվրամիության հետ եւ այդ առումով կարեւորում է, իհարկե, Ֆրանսիայի հետեւողական աջակցությունը:

Հարգարժա՛ն հյուրեր,

Մտորելով, թե ի վերջո որն է հայ-ֆրանսիական հարաբերությունների կենսունակության բանաձեւը՝ առանց վարանելու կարող ենք հաստատել՝ մեր ժողովուրդների արժեհամակարգային միասնությունը, որից սերմանվել եւ ուժ է ստանում հայ-ֆրանսիական միությունը: Թույլ տվեք բաժակ բարձրացնել ի պատիվ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ պարոն Ֆրանսուա Օլանդի եւ բարեկամ Ֆրանսիայի:

Կեցցե՛ Ֆրանսիան,
Կեցցե՛ Հայաստանը,
Կեցցե՛ հայ-ֆրանսիական բարեկամությունը”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ