Վարչապետի աշխատակազմը թաքցնում է
«Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման համար մարզերում ծախսվել է 83 428 110 դրամ, իսկ Երևանում՝ 25 020 000 դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից՝ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան։
Ապրիլի 29-ին ուղարկված գրավոր հարցմամբ մասնավորապես խնդրել էինք նշել, թե ով էր «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների կապալառուն և ինչպես էր այն ընտրվել։ Խնդրել էինք նաև անդրադառնալ միջոցառումներից յուրաքանչյուրի համար ծախսված գումարի չափին և նշել, թե տոնի կազմակերպման համար տրամադրված 124 մլն դրամի ո՞ր մասն է օգտագործվել մարզերում։
Կառավարությունից մայիսի 13-ին ստացված պատասխանից հետեւում է, որ կապալառուին ընտրելու համար մրցույթ չի հայտարարվել։ «ժամկետների սղության պատճառով հնարավոր չի եղել կազմակերպել մրցութային կարգով գնման գործընթաց»,- նշված է կառավարության պատասխանում։ Արդյունքում թե՛ Երևանում, թե՛ մարզերում միջոցառումների կազմակերպման ողջ գործընթացը հանձն էին առել մի քանի ընկերություններ։
Երևանում դա «Ֆակտորի Փրոդաքշն»-ն էր, ում տրամադրվել էր նախատեսված գումարի մոտավորապես 20 %-ը՝ 25 020 000 ՀՀ դրամ ։ Կառավարության տրամադրած տեղեկությունների համաձայն՝ մարզերից յուրաքանչյուրում կազմակերպչական աշխատանքներն իրականցրել են իրարից տարբեր ընկերություններ կամ անհատ ձեռներեցներ, բացառությամբ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի, որտեղ միջոցառումների կազմակերպումը հանձն էր առել «EX production» Ա/Ձ-ն։ Վերջինիս տրամադրվել էր նախատեսված գումարի մոտ 14 %-ը՝ 17 080 000 ՀՀ դրամ։ Թեեւ մի փոքր ուսումնասիրելով այդ կազմակերպություններից յուրաքանչյուրը՝ հասկանում ենք, որ դրանք հիմնականում փոխկապակցված են միմյանց հետ»։