Այսօր չկա «Մարտի 1»-ի գործի բացահայտման գործընթաց. այն, ինչ տեղի է ունենում, քաղաքական լիրիկա է. Արծվիկ Մինասյան
Այսօր չկա «Մարտի 1»-ի գործի բացահայտման գործընթաց: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
«Սպանությունների մասով որեւէ առաջընթաց չկա, իսկ մնացած ամեն ինչը քաղաքական լիրիկա է»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին, Միքայել Հարությունյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օբանյանին, դաշնակցական գործիչն ասաց. «Դա կապ ունի՞ սպանությունների բացահայտման հետ: Եթե մենք խոսում ենք իրավական հարթության մեջ, ես ձեզ կհրավիրեմ, կխոսենք այդ մասով: Եթե խոսում ենք քաղաքական հարթության մեջ, ասում եմ՝ քաղաքական լիրիկա է: Եթե մենք խոսում ենք սպանությունների թեմայով, ապա արձանագրենք՝ սպանությունների բացահայտման առումով այսօր չկա առարկայական քայլ: Ասվել է, թե ովքեր են սպանողնե՞րը: Համենայնդեպս, որեւէ հրապարակային փաստաթղթում, այն ինչ ներկայացվում է, ես չեմ լսել որեւէ հայտարարություն, փաստ, թե ովքեր են սպանողները: Սա թեմա է, որ պետք է քննարկենք»:
Արծվիկ Մինասյնաը հիշեցրեց, որ ՀՅԴ-ն նախորդ տարի հայտարարել էր, որ այդ գործը չպետք է թողնի քաղաքական հետապնդման տպավորություն. «Այսօր վերահաստատում ենք մեր այդ հայտարարությունը: Իմ կողմից էլ ասում եմ, որ այն, ինչ քաղաքական մակարդակում է տեղի ունենում, դա քաղաքական լիրիկա է ընդամենը»: