Թբիլիսիում հանդիպել են Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները
Թբիլիսիում կայացել է Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներ Գեորգի Մարգվելաշվիլիի, Աբդուլլահ Գյուլի ու Իլհամ Ալիևի հանդիպումը, գրում է Ermenihaber.am-ը:
Վրաստանի նախագահական պալատում տեղի ունեցած հանդիպմանը հաջորդել է նախագահների մասնակցությամբ ընդհանուր մամուլի ասուլիս: Թուրքական «Գազեթելեր» լրատվական կայքի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն իր խոսքում նշել է, որ հանդիպել են որպես Հարավային Կովկասի վերաբերյալ ընդհանուր տեսլական ունեցող երկրների ղեկավարներ՝ մանրամասնորեն քննարկելու համագործակցության ուղղությունները:
Գյուլը խոսել է նաև երեք երկրների միջև ընթացող համագործակցության, առևտրաշրջանառության ծավալների ու առանց վիզային ռեժիմի սահմանը հատելու քաղաքացիների հնարավորությունների մասին: Գյուլը, թվարկելով երեք երկրների համագործակցության արդյունքում իրականցված ու իրականացվելիք մեծածավալ նախագծերի, մասնավորապես՝ Բաքու-Թբիլիսի-Ջայհան նավթամուղի, Բաքու-Թբիլիսի-Էրզրում բնական գազի խողովակաշարի ու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի մասին, նշել է, որ դրանք տարածաշրջանը վերածում են ծանրության կենտրոնի:
Գյուլն անդրադարձել է նաև Ադրբեջանի ու Վրաստանի տարածքային ամբողջականության հարցին՝ նշելով, որ իր երկիրն աջակցում է կոնֆլիկտների՝ տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա լուծմանը:
Վրաստանի նախագահը հանդիպումը պատմական է անվանել՝ ասելով, որ դրա տված արդյունքներից օգտվելու են տասնյակ միլիոնավոր մարդիկ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ հայտարարել է, որ այս միասնության արդյունքում տարածաշրջանի էներգետիկ անվտանգությունն ապագայում ապահովելու են Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը:
Ermenihaber.am