Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ
Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքն առավել հարմարավետ դարձնելուն ուղղված՝ 2013թ. իրականացված և 2014 թվականին ծրագրված աշխատանքները։
«2013 թվականին աննախադեպ մի ծրագիր մեկնարկեց՝ թեքահարթակների կառուցումը. առաջին անգամ համայնքային բյուջեից գումար է հատկացվել, մասնավորապես՝ 20 մլն դրամ, թեքահարթակների կառուցման համար։ Այս ծրագիրը ևս մեկ ուղի է դեպի ավելի հարմարավետ Երևանի կառուցումը։ Իսկ փողոցների հիմնանորոգման արդյունքում ևս 292 թեքահարթակ կամ հարմարեցում է կառուցվել։
Այս ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում մեզ հետ համագործակցել են շահառու հասարակական կազմակերպությունները՝ հասցեների ընտրության ձևավորումից մինչ վերջնարդյունքի գնահատականը։ 2014-ին ծրագրին կրկնակի գումար է հատկացվել՝ 40 մլն դրամ։ Մրցույթն արդեն ավարտված է, պայմանագրերը կնքելուց հետո սկսվի դրանց կառուցումը։ Ցուցակում մոտ 200 հասցե է՝ տարբեր վարչական շրջաններում։
Բոլոր հասցեները ներկայացվել ու ընտրվել են ըստ առաջնահերթության»,- նշել է Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը և հավելել, որ թեքահարթակների կառուցման ածանցյալ փուլ էլ է մեկնարկել՝ մասնավորի հետ համագործակցությամբ։ Արձագանքելով Երևանի քաղաքապետի հորդորին՝ այսօր բազմաթիվ մասնավոր հաստատություններ մուտքերի մոտ թեքահարթակներ են կառուցում, շտկում են եղած թերությունները։
«Այս հարցում քաղաքապետարանը զուտ հանձնարարողի կամ առաջարկողի դիրքում չէ. անհրաժեշտության դեպքում մեր մասնագետները տրամադրում են խորհրդատվություն, ինչպես նաև՝ նախագծեր»,- նշել է Երևանի քաղաքապետի օգնականը։
Երևանի քաղաքապետարանը «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ նոր ծրագիր է մեկնարկել՝ ուղղված կազմակերպության շահառուների ամենաթիրախային և կարիքավոր խմբին՝ հաշմանդամություն ունեցող երեխաներ խնամող միայնակ մայրերի ընտանիքներին։
Ծրագրում ընդգրկված 17 երեխաները կստանան 3 տեսակի այլընտրանքային վերականգնողական բուժում՝ հիպոթերապիա, հիդրոթերապիա, արտթերապիա։ Յուրաքանչյուր թերապիայի տևողությունը մեկ ամիս է, ներառում է 12-ական պարապմունք։
«Հիպոթերապիան դարեր ի վեր հայտնի վերականգնողական մեթոդ է, այն ունի ավելի մեծ արդյունավետություն, քան ավանդական մերսումն ու մարզանքը։ Հիպոթերապիայի հիմքում ընկած է ձիու շարժումը։ Քայլելիս ձիու ողնաշարը կատարում է նույնպիսի շարժումներ, ինչպիսիք կատարում է մարդու ողնաշարը, ուստի ձին հեծյալին փոխանցում է ճիշտ շարժման ազդակներ։
Հիպոթերապիան նախատեսված է մանկական ուղեղային կաթվածի, աուտիզմի և մի շարք այլ հենաշարժողական խնդիրների դեպքում: Հիդրոթերապիան, կամ ջրային թերապիան կարգավորում է մկանային տոնուսը, հանգստացնում կամ ամրացնում է մկանները, կոփում է, զարգացնում է հավասարակշռության զգացումը, շարժողական համակարգը, թուլացնում է սպաստիկ (կծկողական) վիճակը։ Ջրային թերապիան վերականգնողական համալիր բուժման անբաժանելի մասն է։ Արտթերապիան իրականացվում է գեղարվեստական գործունեության միջոցով:
Սա ամենաազդեցիկ և խոր հոգեբանական և ֆիզիկական մեթոդներից է»,- ներկայացրել է «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանը՝ շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար այսչափ կարևոր ծրագրին աջակցելու համար։ Նարինե Մանուկյանը նկատել է նաև, որ վերջին երկու տարում բազմապատկվել է Երևանի քաղաքապետարանի գործնական ուշադրությունը հաշմանդամություն ունեցող քաղաքացիների խնդիրների լուծման ուղղությամբ, ինչը ակնառու է թիրախային ծրագրերով։