26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Շուտով կլրանա իշխանափոխության մեկ տարին, բայց դրա տնտեսական ու սոցիալական ազդեցությունը գրեթե տեսանելի չէ. Համաշխարհային բանկը զգուշացնում է նոր ցնցումների մասին

Չնայած Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից մեկ տարի դեռ չի անցել, այնուհանդերձ նոր ցնցումների ռիսկերը չեն վերացել։ Դրանք կապված են սպասվող տնտեսական բարեփոխումների հետ, գրում է 168.am-ը:

Համաշխարհային բանկի փորձագետները զգուշացնում են, որ, եթե չիրականացվեն այդ բարեփոխումները, հնարավոր չի լինելու տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում հասնել շոշափելի արդյունքների։ Մի բան, ինչը կարող է Հայաստանում հերթական ցնցումների պատճառ դառնալ:

«Առանց հաստատակամ բարեփոխումների՝ հնարավոր չէ հասնել շոշափելի արդյունքների աշխատատեղերի ստեղծման, աշխատավարձերի բարձրացման, սոցիալական խնդիրների ավելի հաջող լուծման և ներդրումներ ներգրավելու համար գործարար միջավայրի բարելավման հարցերում: Նշված արդյունքների ձախողումը կարող է կրկին բորբոքել սոցիալական և քաղաքական լարվածությունը և տնտեսական անորոշության պատճառ դառնալ»,- այս մեջբերումը տեղ է գտել Հայաստանի վերաբերյալ ՀԲ հերթական զեկույցում։

Համաշխարհային բանկի փորձագետները բարեփոխումների անհրաժեշտություն են տեսնում բազմաթիվ ուղղություններով։ Թեև կարծում են, որ դրանք այնքան էլ հեշտ չեն լինելու, և կարող են հանդիպել նաև դիմադրության` կապված «անձնական շահերի կամ ընկալվող բարձր ծախսերի հետ»։

Մինչ ՀԲ փորձագետները կուտակված տնտեսական ու սոցիալական խնդիրների լուծումը մեծապես կապում են բարեփոխումների հետ, այդ գործընթացը Հայաստանում չափազանց դանդաղ է առաջ գնում։ Այս ընթացքում ձեռնարկված քայլերից մեկը կապված է Հարկային օրենսդրության վերանայումների և բիզնեսի համար նպաստավոր պայմանների ստեղծման հետ, բայց դրա վերջը չի էլ երևում։ Լավագույն դեպքում այս վերանայումները գործողության մեջ կմտնեն հաջորդ տարվա սկզբից։ Այսինքն` իշխանափոխությունից գրեթե երկու տարի հետո։

Անընդհատ հետաձգվում են նաև կառավարման համակարգի բարեփոխումները։ Գրեթե չորս ամիս է անցել խորհրդարանական ընտրություններից, բայց Հայաստանը դեռևս չունի անգամ լիարժեք կառավարության կառուցվածք։ Ոչ մի կերպ կարծես չի հաջողվում այն բերել վերջնական տեսքի։

Եթե այս տեմպերով պիտի իրականացվեն բարեփոխումները, դժվար չէ պատկերացնել, թե երբ կարող ենք ընդհանրապես արդյունքներ ակնկալել։ Շուտով կլրանա իշխանափոխության մեկ տարին, բայց դրա տնտեսական ու սոցիալական ազդեցությունը գրեթե տեսանելի չէ։ Առայժմ դրված չեն նաև այն հիմքերը, որոնք կարող են պայմաններ ստեղծել հետագա զարգացումների համար։ Իշխանափոխությունից հետո տնտեսական գործընթացների ակտիվությունը սպասվածից անհամեմատ ցածր է։

Պատահական չէ, որ, ինչպես Համաշխարհային բանկը, այնպես էլ՝ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) մեծ ակնկալիքներ չունեն Հայաստանի տնտեսական աճի առումով։ Այս տարվա համար ՀԲ-ն կանխատեսում է համախառն ներքին արդյունքի՝ 4,3, իսկ ԱՄՀ-ն` 4,5 տոկոս ավելացում։ Ըստ այդմ, թեև տնտեսական աճը կպահպանվի, այնուհանդերձ այն անհամեմատ ավելի ցածր կլինի նախորդ երկու տարիների ցուցանիշներից։

Հիշեցնենք, որ 2017թ. Հայաստանում արձանագրվեց՝ 7,5, իսկ 2018թ.` 5,2 տոկոս աճ։

Տնտեսական ակտիվության դանդաղումը, բնականաբար, թույլ չի տալու անդրադառնալ սոցիալական այն խնդիրներին, որոնց լուծմանն անհամբեր սպասում է հասարակությունն իշխանափոխության արդյունքում։ Դրանք կապված են, առաջին հերթին՝ աշխատատեղերի ստեղծման և հասարակության եկամուտների ավելացման հետ։ Այստեղից էլ, թերևս, կարող են առաջանալ այն ռիսկերը, որոնց մասին զգուշացնում են Համաշխարհային բանկի փորձագետները։

Թեև Հայաստանի տնտեսության ռիսկերը կապված չեն միայն ներքին բարեփոխումների հետ` «Արտաքին միջավայրում առաջացող համաշխարհային առևտրային և քաղաքական լարվածությունների պատճառով հիմնական առևտրային գործընկեր հանդիսացող երկրներում կարող են առաջանալ կամ խորանալ տնտեսական անկումները»։ Դա կարող է «բացասաբար անդրադառնալ Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանման վրա»։

Այդ ազդեցությունները գալիս են, առաջին հերթին՝ Ռուսաստանի տնտեսությունից։ Հայաստանը մեծապես կապված է ՌԴ-ի հետ, որի տնտեսական անկումը, փորձագետների գնահատումներով, բացասաբար է ազդում արտահանման, ինչպես նաև՝ այստեղից ստացվող դրամական փոխանցումների վրա։

Արտաքին ֆինանսական հոսքերի առումով՝ խնդիրները, անշուշտ, նոր չեն։ Դրանք սկսեցին դրսևորվել դեռևս անցած տարվա վերջից, երբ առանձին ամիսներին մասնավոր փոխանցումները նույնիսկ նվազեցին։ Ռուսաստանից տրանսֆերտային հոսքերի անկում գրանցվեց նաև այս տարվա սկզբին։ Բայց խնդիրը միայն դա չէ։ Շատ ավելի մտահոգիչ է Հայաստանից ֆինանսական միջոցների արտահոսքը, որն արագորեն ավելանում է։ Այսպես շարունակվելու դեպքում ֆիզիկական անձանց փոխանցումների հաշվեկշիռը շուտով կարող է բացասական լինել։ Այլ կերպ ասած, դուրս փոխանցվող գումարները գերազանցեն ստացվողներին` խորացնելով ֆինանսական շուկայի լարվածությունը։ Սա լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար։ Հատկապես արտաքին միջավայրից ստացվող այլ ֆինանսական հոսքերի կրճատման կամ դանդաղելու պայմաններում։

Այս փուլում Հայաստանի տնտեսական աճին նպաստող գործոնները, փորձագետների կարծիքով՝ մի քանիսն են։ Այդպիսին են համարվում, մասնավորապես, բյուջետային ծախսերի չափավոր ընդլայնումը, վարկավորման շարունակական աճը և բիզնեսի բարելավման տրամադրվածությունը։ Թե դրանք որքանով կդրսևորվեն տարվա ընթացքում, ցույց կտա ժամանակը։

Չնայած կառավարությունը հայտարարել է Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրականացնելու իր մտադրությունների մասին, այնուհանդերձ դրա հիմքերն առայժմ չեն երևում։ Հավանաբար նաև դա է պատճառը, որ միջազգային կազմակերպությունները նման հայտարարությունների հետ մեծ հույսեր չեն կապում։ Նրանք կարևորում են բարեփոխումները, որոնք կարող են պայմաններ ստեղծել հնարավոր տնտեսական ու սոցիալական ցնցումներից խուսափելու համար։

Թե ինչ հետևություններ կանի կառավարությունը, հավանաբար առիթ կունենանք տեսնելու։

Փաստն այն է, որ այս փուլում բարեփոխումները Հայաստանում շատ երկար են ձգվում։ Մի բան, որն ամենևին էլ չի բխում քաղաքական իշխանության շահերից։ Այն օր օրի կորցնում է վստահությունը` նվազեցնելով նաև բարեփոխումների իրականացման իր ռեսուրսը

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ