22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայկ Մարությանը չի շփվում «Լույս»-ի և ԲՀԿ-ի անդամների հետ

Երեւանի քաղաքապետարանի  ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը քաղաքապետարանի՝   Օպերայի տարածքում սրճարանների ապամոնտաժման գործընթացը բնորոշեց հետեւյալ կերպ՝ ուզում էին անել լավ գործ, բայց ստացվեց, ինչպես միշտ։ 
Լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ իրենք կողմ են օպերայի տարածքի կանաչապատմանը, սակայն չպետք է կիրառվեն երկակի ստանդարտներ։

 

Անի Խաչատրյանը նշեց, որ բոլոր սրճարանները հավասար են եւ պետք է ապամոնտաժվեն։ Ավագանու անդամը դժգոհեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանից, որն անցած օրերին կարող էր այցելել Օպերայի տարածք եւ բացատրություն տալ գործընթացի մասին։
Միաժամանակ Անի Խաչատրյանն ասաց, որ Երեւանի քաղաքապետը մեկուսացած է ավագանու «Լույս» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններից, նախընտրում է շփվել միայն «Իմ քայլը» խմբակցության հետ։ 

«Քաղաքապետարանը ոչ մի հարց մյուս խմբակցությունների հետ չի քննարկում, քաղաքապետը մեզ չի ընդունում, մեզ հետ չի շփվում, քննարկումները միայն «Իմ քայլը» խմբակցության շրջանակներում են։ Մենք ամեն ինչ իմանում ենք այնպես, ինչպես իմանում եք բոլորդ»,- ասաց Անի Խաչատրյանը՝ հավելելով, որ իրենք քաղաքապետի վրա քար չեն շպրտում։ 

Վերջինիս խոսքով՝ այս պահին ապամոնտաժվում է չորս սրճարան։ Լրագրողների հարցին ի պատասխան՝ Անի Խաչատրյանը ասաց, որ գաղտնիք չէ, թե ում են պատկանում Օպերայի տարածքում գտնվող սրճարանները, բոլորն այդ մասին գիտեն։ 

«Մեկը դաշնակներինն  է, մեկը Միքայել Մինասյանինն է, մեկը Սամվել Ալեքսանյանինն է, մյուսը՝ Գագիկ Բեգլարյանինը։ Խնդիրը անձերը չեն, միեւնույնն է, թե ում են պատկանում դրանք։ Պետք է քանդել բոլորինը»,- ասաց Անի Խաչատրյանը։

Ավագանու անդամը դժգոհեց նաեւ «shabat.am» կայքից, որտեղ նյութ են հրապարակել, թե «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը սպասարկում է Միշիկին, իսկ իր եւ Թեհմինա Վարդանյանի անունների ներքո գրում են «Լուսավոր Հայաստան»։ Նա հիշեցրեց, որ իրենք ներկայացնում են «Հանրապետություն» կուսակցությունը, որը նույնիսկ նախարար ունի կառավարությունում։ 

Անի Խաչատրյանն ասաց, որ իրենք պահանջելու են, որպեսզի ողջամիտ ժամկետներում Օպերայի տարածքը դառնա այն պուրակը, որը պահանջում է ժողովուրդը։

«Ամբողջ համացանցը ողողված էր հին Օպերայի նկարներով, մարդիկ այդ Օպերայի տարածքն են ուզում։ Մարդիկ չեն ուզում սրճարանից ապամոնտաժած Օպերայի տարածք։ Օպերան ունի հստակ պարիսպներ, ինձ համար այդ պարսպից ներս միշիկներ, սաշիկներ, վաչիկներ՝ բոլորը հավասար են, բոլորի սրճարանները հավասար են»,- ասաց Անի Խաչատրյանը։ 

Միաժամանակ նա հավելեց, որ սրճարանի աշխատակիցներն արդեն ստացել են աշխատանքի առաջարկ, եւ եթե նրանք գործազուրկ չմնան, ապա չեն բողոքի։ Նաեւ, ըստ նրա, ներդրողներին չպետք է վախեցնել։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ