Չպետք է հանդուրժենք փողոցում մսի վաճառքը՝ մտածելով, որ սոցիալական խնդիր ենք լուծում. Փաշինյան
Սպառողների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է ՀՀ կառավարության համար։ Այս մասին այսօր՝ մարտի 15–ին, Սպառողների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված համաժողովի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչի՞ մասին է սպառողների իրավունքը։ Ես դա պատկերացնում եմ այսպես՝ երբ քաղաքացին բենզալցակայանում չափիչ սարքի վրա տեսնում է, որ գնել է 15 լ բենզին, իրականում այդ գնված բենզինը պետք է լինի 15 լ եւ պետք է համապատասխանի այն ստանդարտներին, որը հայտարարված է։ Երբ քաղաքացին խանութից գնում է խաղալիք, նա պետք է համոզված լինի, որ պետությունը բավարար ջանք է գործադրել, որ այդ խաղալիքը մեր երեխաների առողջությանը չվնասի։ Երբ քաղաքացին խանութից գնում է կաթնամթերք, նա պետք է համոզված լինի, որ իր գնածը կաթնամթերք է»,–նշեց նա։
Փաշինյանը շեշտեց, որ այժմ այլեւս չպետք է թույլ տալ, որ առեւտուրն իրականացվի փողոցում, ինչպես 1990-ականների սկզբին էր. «Երբ մեր երկիրը ստացավ անկախություն, մենք սկսել ենք «սեղանիկներից», որոնք անկախության առաջին տարիներին առեւտրային նոր ֆենոմեն էին։ Այս ժամանակ առեւտրի հսկայական ծավալը տեղի էր ունենում բառացիորեն «մայթերին»։ Սակայն հիմա, կարծում եմ, ժամանակն է, որ մենք այս իրավիճակին ցուցաբերենք բոլորովին այլ մոտեցում, որովհետեւ սպառողների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար»։
Նրա համոզմամբ՝ փողոցային առեւտուրը սոցիալական ապահովության հետ կապելն անթույլատրելի է. «Մենք չպետք է առեւտրային այս գործընթացները դիտարկենք եւ փոխկապակցնենք սոցիալական ապահովության եւ սոցիալական պաշտպանության հետ։ Եթե մենք փողոցում մսի վաճառքը հանդուրժենք՝ մտածելով, որ դրանով սոցիալական խնդիր ենք լուծում, դա նշանակում է, որ մենք հանդուրժում ենք, որ մեր երկիրը լինի ցածր ստանդարտների երկիր, ոչ միայն սպառողների իրավունքներիկ պաշտպանության, այլ նաեւ սոցիալական պաշտպանության առումով»։
Վարչապետը հավելեց, որ կառավարության առաջիկա նպատակի՝ արտահանման ծավալների ավելացման համար կարեւոր է նաեւ հայրենական արտադրանքի ստանդարտների համապատասխանեցումը միջազգային ամենաբարձր չափանիշներին. «Մեր մեծագույն խնդիրը առաջիկա շրջանում ստանդարտների բարձրացումն է, ստանդարտների համապատասխանեցումը միջազգային ամենաբարձր չափանիշներին։ Սա հնարավորության կտա իրագործել մեր կառավարության ծրագրի առանցքային դրույթներից մեկը, համաձայն որի՝ մենք Հայաստանի տնտեսությունը պատկերացնում ենք արտահանմանը միտված, մինչդեռ մենք արտահանման հսկայական պոտենցիալ ուղղակի չենք կարողանում իրագործել, որովհետեւ մեր արտադրանքը շատ դեպքերում չի համապատասխանում այն ստանդարտներին, որոնք ընդունված են ԵՄ–ում, ԱՄՆ–ում, ԵԱՏՄ–ի երկրներում»։
ՀՀ վարչապետը իր ելույթը եզրափակեց՝ նշելով, որ սպառողների իրավունքների պաշտպանությանը միտված աշխատանքը ունի բազմակի նշանակություն. «Սպառողների իրավունքների պաշտպանությանը միտված աշխատանքը ունի բազմակի նշանակություն, դրանով մենք բարձրացնում ենք մեր երկրի ստանդարտները տնտեսապես, քաղաքականապես եւ տուրիզմի առումով, եւ ընդհանրապես բոլոր հնարավոր առումովներով, սա համապարփակ թեմա է»։