27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին իր հավատարմագրերը հանձնեց Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը

Մարտի 9-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին իր հավատարմագրերը հանձնեց Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը։

Արարողությանը հետևած զրույցի ընթացքում դեսպան Նազարյանը ՀՀ քաղաքացիների, նրանց ընտրյալ իշխանությունների անունից Հռոմի Քահանայապետին փոխանցեց ջերմ ողջույններ, նշելով, որ Հայաստանում մշտապես վառ են նրա՝ առաջին քրիստոնյա երկիր պատմական այցելության հուշերը։ Դեսպանն իր երախտագիտությունն հայտնեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Նորին Սրբության սկզբունքային դիրքորոշման համար, որը ճշմարտության ու արդարության միջոցով ժողովուրդների ու պետությունների միջև համերաշխությանը միտված կարևորագույն քայլ է։

Պատեհ առիթն օգտագործելով, ՀՀ դեսպանը նշեց, որ Ս․ Գրիգոր Նարեկացուն Կաթոլիկ եկեղեցու Տիեզերական վարդապետ հռչակելու որոշումն առավել ամրացրեց միասնության ու հավատքի կամուրջը՝ գոտեպնդելով և ոգևորելով Հայաստանում ու սփյուռքում բնակվող հայրենակիցներին։ Դեսպանն իր պատրաստակամությունը հայտնեց ջանքեր չխնայել ապահովելու համար ամենատարբեր ոլորտներում միջպետական կապերի շարունակական ընդլայնումը։

Ֆրանցիսկոս Պապը ողջունեց ՀՀ իշխանությունների մտադրությունն առավել զարգացնելու երկկողմ հարաբերությունները Սուրբ Աթոռի հետ, որոնք խարսխվում են հայ-վատիկանյան վաղեմի բարեկամական առնչությունների վրա՝ կարևորելով նաև սփյուռքի դերակատարումը։

Հռոմի Քահանայապետը նորանշանակ դեսպանին մաղթեց օրհնաբեր դիվանագիտական առաքելություն` ի փառս երկու պետությունների միջև հարաբերությունների հետագա ամրապնդման և իր բարեմաղթանքները հղեց ՀՀ քաղաքացիներին, Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայաստանի քաղաքական ղեկավարությանը։

Նույն օրը, Պապի հետ հանդիպումից հետո, դեսպան Կարեն Նազարյանն առանձնազրույց ունեցավ Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ օրակարգին ու փոխգործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին ու տարածաշրջանային զարգացումներին։ Հանդիպմանը զրույց ծավալվեց նաև Մերձավոր Արևելքում քրիստոնյաների, նրանց պատմամշակութային արժեքների ու հոգևոր ժառանգության պաշտպանության հարցերի շուրջ։ ՀՀ դեսպանը պետքարտուղարին տեղեկացրեց Հայաստանում ընթացող լայնածավալ բարեփոխումների օրակարգի մասին։

Պետաքարտուղար Պարոլինին իր ջերմ ողջույնները փոխանցեց վարչապետ Փաշինյանին՝ կառավարությանը մաղթելով արգասաբեր աշխատանք տևական խաղաղությանը և կայուն զարգացման նպատակներին հասնելու համար։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ