Տղե՛րք, հասկանում եմ՝ գրեթե անհնար բան եմ պահանջում ձեզնից, բայց պարտավոր եք լրջանալ. Շարմազանովն՝ իշխանությանը
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կոչ է անում լրջանալ։
«Գրեթե անհնար բան եմ պահանջում ձեզնից, բայց պարտավոր եք լրջանալ
2018-ի մայիսից հրապարակային իմ մտահոգությունն եմ հայտնել Արցախյան կարգավորման հետ կապված:
Երբ Ալիևն ու Էրդողանը Բաքվում շքերթ էին ընդունում ու հակահայկական ելույթներ էին ունենում, ասում էի, որ Բաքուն ու Անկարան միավորվում են, իսկ Փաշինյանն ազգը բաժանում է սևերի ու սպիտակների:
Ալիևը հայտարարում էր տարածքների վերադարձի մասին, իսկ Փաշինյանը տպավորված էր նրա կիրթ ու նորմալ վարքից:
Դեսպան Միլսը խոսում էր տարածքներ խաղաղության դիմաց թեզից, իսկ Փաշինյանն այն համարում էր հեռացող դեսպանի հայտարարություն:
Ահազանգեցի, երբ Բոլթոնը Երևանում առաջարկում էր մեզ հրաժարվել մեր պատմական կաղապարներից:
Ի պատասխան՝ Նիկոլն ԱԺ-ում հայտարարեց, որ այդ հայտարարությունը վնասներ չի պարունակում:
Ահազանգում էի, երբ Ալիևն ու Մամեդյարովը 2019-ը հռչակում էին առաջընթացի տարի: Մեր կառավարությունը այդ ժամանակ էլի լռում էր:
Նիկոլի իշխանությունը նույնիսկ լռում էր, երբ դեկտեմբերի 17-ին Ալիևը բաց տեքստով չբացառեց ռազմական լուծման հեռանկարը:
Ես կոչ էի անում սթափվելու, միավորվելու ու գիտակցելու հնարավոր ռազմական բախման վտանգը, իսկ Փաշինյանի իշխանությունը խոսում էր խաղաղության մասին:
ԵԱՀԿ Մինսկի խումբը մտահոգիչ հայտարարությամբ է հանդես գալիս, իսկ Նիկոլի իշխանությունը նրան մատերի արանքով է նայում ու ասում, թե հերթական հայտարարություն է:
Ադրբեջանը մայիսից ակտիվացրել է իր հակահայկական գործունեությունը հնարավոր ուղղություններով, իսկ Փաշինյանի իշխանությունը զբաղված է սելֆի անելով, լայվ մտնելով ու ծաղիկ բաժանելով:
Տղե՛րք, լրջացեք: Հասկանում եմ, որ գրեթե անհնար բան եմ պահանջում ձեզնից, բայց պարտավոր եք լրջանալ», – Facebook-յան իր էջում գրել է Էդուարդ Շարմազանովը։