Ծիծեռնակաբերդում են բազմահազար հայեր ու հյուրեր արտերկրից
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Ծիծեռնակաբերդը լի է բազմահազար հայերով ու արտասահմանցի հյուրերով, ովքեր այստեղ են իրենց հարգանքի տուրքը մատուցելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Ոչ միայն Երևանում, այլև հանրապետության այլ քաղաքեներում, աշխարհի շատ այլ երկրներում այսօր մեր ազգակիցներն ու ազգությամբ ոչ հայերը հիշում են, թե ինչ է կատարվել 99 տարի առաջ այս օրերին Արևմտյան Հայաստանում, և իրենց հարգանքի տուրքը մատուցում:
Ապրիլի 8-ին դրվեց Արևմտահայության տեղահանությունների և կոտորածների սկիզբը Զեյթունում:
Բանակ զորակոչված հայ զինվորներին ոչնչացնելուց հետո երկրորդ ծանր հարվածը հայերին հասցվեց 1915թ. ապրիլի 24-ին: Այդ օրը Կոնստանդնուպոլսում ձերբակալվեց և, առանց որևէ պաշտոնական մեղադրանք ներկայացնելու, աքսորվեց արևմտահայ մտավորականությանընտրանին, այդ թվում՝թուրքական խորհրդարանի՝ մեջլիսի հայ անդամներ, գրողներ, փաստաբաններ, ուսուցիչներ, լրագրողներ, բժիշկներ, հասարակական գործիչներ, հոգևորականներ, արվեստի գործիչներ, թվով մոտ 800 մարդ: Նրանք բոլորը ոչնչացվեցին աքսորի ճանապարհին կամ աքսորավայրում` տեղ հասնելուն պես: Ծրագրված կերպով ձերբակալվում և սպանվում էին հայ կուսակցական և քաղաքական գործիչները: Այդ ճակատագրին արժանացան Զեյթունի հայտնի ղեկավար Նազարեթ Չաուշը, Վանի ականավոր ազգային գործիչ Իշխանը, Ուրֆայի հայության ողջ ղեկավարությունը՝ մոտ 100 մարդ: Հունիսի 15-ին Կ. Պոլսո Սուլթան Բայազետ հրապարակում կախաղան բարձրացվեցին Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության20 անդամները` քաղաքական գործիչ Փարամազի գլխավորությամբ: Օսմանյան կառավարության նպատակն էր անմիջապես գլխատել արևմտահայությանը, թողնել նրան առանց զինական ուժի և քաղաքական ու մտավորական ղեկավարության, կազմալուծել և բարոյալքել հայությանը և դրանով իսկ կանխել հայության կողմից դիմադրություն կազմակերպելու որևէ հնարավորություն: Կարելի է ասել, որ մոտ 60 հազար հայ զինվորների ոչնչացումը և հայ մտավորականության գլխատումը ճակատագրական եղան արևմտահայության համար: Նա կորցրեց իր կազմակերպչական և դիմադրողական ուժը, որով և բացատրվում է ցեղասպանության իրականացման համեմատաբար հեշտությունը և մեծ ծավալները: Դրանից հետո ջարդարարներն անցան հայության հիմնական մասի բռնի տեղահանմանը և ոչնչացմանն իր իսկ բնօրրանում՝ բուն Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, ինչպես նաև Արևմտյան Անատոլիայի տարբեր շրջաններում ու քաղաքներում: Հայկական կոտորածները և տեղահանումը ընդգրկեցին ողջ Օսմանյան կայսրությունը:
Ապրիլի 15-ին Վանի մերձակա Ականց գյուղաքաղաքում շուրջ 500 հայ գնդակահարվեց թուրքական իշխանությունների կողմից: Կոտորածներ տեղի ունեցան Վանի շրջակայքի 80 այլ գյուղերում. 3 օրվա ընթացքում սպանվեց 24 000 հայ: Ապրիլի 20-ին, Վանի մերձակա գյուղերի բնակիչներին կոտորելով, թուրքերը հասան քաղաք, և սկսվեց Վանի հերոսամարտը, որը տևեց մինչև 1915թ. մայիսի 16ը:
Մայիս-հունիս ամիսներին զանգվածային տեղահանություններ տեղի ունեցան ողջ Թուրքիայի տարածքում:
Մինչև օրս Թուրքիան չի ճանաչել իր կատարած ոճիրը: