Քեսապահայության նկատմամբ որդեգրվելիք որոշումները ճակատագրական են լինելու հայության համար
«Բութ անտարբերության, սեփական ճակատագրին տեր չկանգնելու ներկայիս գահավիժող ընթացքը կանգնեցնելու և ազգային համերաշխության վերահաստատման առումներով բացառիկ կարևորություն են ստանում սիրիահայության և քեսապահայության նկատմամբ հայությանկողմից որդեգրվելիք ներկայիս ճակատագրական որոշումները»
Հարցազրույց Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանի հետ
Պարոն Չուգասզյան, ինչպե՞ս կգնահատեիք ս.թ. մարտի 21-ին Թուրքիայից ներթափանցած իսլամիստ ծայրահեղականների կողմից Սիրիայի հայաբնակ Քեսապի շրջանի գրավման ու քեսապահայերի տեղահանության երևույթը:
Տեղի ունեցածը նախևառաջ մի քանի հազար քեսապցի հայրենակիցների մարդկային ողբերգությունն է և մերձավորարևելյան հայությանը հասցված ուժգին հարված:
Սակայն այն ունի նաև աշխարհաքաղաքական կարևորություն:
Ինչպես բազմիցս արդեն նշվել է, Քեսապը ծովափնյա Սիրիայի ռազմավարական նախադուռն է մի կողմից դեպի ալեվիների, ուրեմն և Ասադի իշխանության գլխավոր հենակետային տարածք, իսկ մյուս կողմից, որ նույնպես կարևոր է, դեպի ռուսական ռազմանավերի Միջերկրականի միակ ռազմակայանը: Սրանով է բացատրվում Քեսապի՝ աշխարհաքաղաքական օրակարգում հայտնվելը և տեղեկատվական շահարկումների ենթարկվելը:
Սակայն մեզ, հայերիս համար տեղի ունեցածը ունի այլ՝ համահայկական նշանակություն ևս:
Նախ՝ 1915թ. աղետի հարյուրամյա տարելիցի շեմին Քեսապի բռնագաղթի լկտի գործողությամբ վերաբացվում է Հայոց Ցեղասպանության հիշողությունը՝ որպես շարունակվող իրականություն:
Սա էթնիկական զտման դասական օրինակ է, որի համար, առաջին հերթին, անկասկած պատասխանատու է ներկայիս թուրքական պետությունը, քանի որ իր սահմաններից է տեղի ունեցել իսլամական ծայրահեղականների զինված հարձակումը հայկական բնակավայրի վրա և խաղաղ բնակչության ահաբեկման պայմաններում վերջինիս տարհանումը:
1915 թ.-ից հետո՝ տասնամյակներ շարունակ, իրենց պատմական հայրենիքին մոտ գտնվող հայաշունչ գաղութները մշտապես իրենցից պոտենցիալ վտանգ են ներկայացրել՝ որպես արևմտահայ պահանջատեր գաղութներ: Եվ ահա, թուրքական պետությունը, իր կարծիքով, ստացել է հարմար առիթ՝ ցիրուցան անելու արևմտահայ ամենահին գաղութը՝ սիրիահայությունը և իր սահմանին գտնվող պատմական Կիլիկիայի մաս կազմող Քեսապը:
Սակայն Մուսա լեռան մոտակայքում գտնվող Քեսապը վերաբացում է նաև հայտնի հերոսամարտի հիշողությունը, որը սեփական ճակատագիրը արժանապատվությամբ տնօրինելու ամենավառ օրինակն է:
Եվ ահա մենք լսում ենք խաղաղ քեսապցիների շրջանում զինված ինքնապաշտպանության առաջին փորձերի մասին:
Քեսապի ու քեսապահայության հետագա ճակատագրի կապակցությամբ Սերժ Սարգսյանը պաշտոնական կարծիք հայտնեց, որ դա մեր պատերազմը չէ, մենք այդ պատերազմում պետք է չեզոք լինենք, այլ ոչ թե կողմ: Ձեր դիրքորոշումը այս տեսակետի վերաբերյալ:
Առաջին հայացքից կարող է թվալ, որ այս խոսքը պայմանավորված է սիրիահայության ֆիզիկական անվտանգության ապահովման ողջամիտ անհանգստությամբ: Սակայն խնդրի ավելի խոր քննությունը մի շարք հարցեր է առաջադրում:
Ովքե՞ր են մտնում վերոհիշյալ «մենքի» մեջ: Արդյո՞ք այդ «մենքում» քեսապահայերը, սիրիահայերը, լիբանանահայերը և առհասարակ արևմտահայերը տեղ ունե՞ն, թե՞ ոչ: Եթե տեղ ունեն, ապա որտե՞ղ՝ իրենց ներկայիս կացության երկրներո՞ւմ, Հայաստանի Հանրապետությունո՞ւմ, Արցախո՞ւմ, ազատագրված տարածքներո՞ւմ, թե՞ Արևմուտքում կամ Մաքսային Միությունում… Եթե Հայաստանում, ապա ո՞ւր կորավ ներգաղթած իրաքահայերի գերակշռող մեծամասնությունը: Եվ արդյո՞ք նույն ճակատագիրը չի սպասում Հայաստան ներգաղթած սիրիահայերին:
Հայության պատմամշակութային հետքը, դերն ու ներկայությունը հնարավորություն են տալիս ասելու, որ մենք, հիմնականում ապրելով Հարավային Կովկասի տարածաշրջանում, չենք դադարում Մերձավոր Արևելքի ժողովուրդ լինել, և այդ ամբողջ տարածքում ունենք անշրջանցելի շահեր և իրավունքներ:
Սա սկզբունքային աշխարհաքաղաքական հաստատում է, որը կենսական նշանակություն ունի մեզ համար ցանցային ներկայիս դարաշրջանում և որից բխում են ռազմավարական բնույթի քաղաքական եզրակացություններ:
Ե՞րբ և ինչպե՞ս պետք է արձագանքի հայությունը մերծավորարևելյան գաղութների ցանցի վերացման վտանգին: Արդյո՞ք նույն կերպ կշարունակի արձագանքել Սերժ Սարգսյանը, եթե Աստված մի արասցե, վտանգը կախվի Երուսաղեմի և կամ Լիբանանի հայության գլխին:
Արդյո՞ք արևմտահայ գաղութների վերացման հետ հայաստանյան հանրության կողմից համակերպվելը չի նշանակում, որ մենք Հայաստանում նորից վերադառնում ենք «թղթե շերեփի» քաղաքականությանը: Գոյություն ունի՞ արդյոք որևէ «կարմիր գիծ», որի խախտումից հետո ներկայիս վարչակազմը պատրաստ է գիտակցորեն այն դիմագրավելու որպես «մեր պատերազմ»: Տպավորություն է ստեղծվում, որ վերջինս պատրաստ է պաշտպանել միայն այն «կարմիր գծերը», որոնք իրեն թելադրվում են Հյուսիսից կամ Արևմուտքից:
Հայաստանի Հանրապետության նախագահի աթոռը զբաղեցնող անձնավորությունը պարտավոր էր գիտակցել, որ սփյուռքի հնագույն ու պատմական հայրենիքի անմիջապես մոտակայքում գտնվող համայքներին վիճակված պատանդային կացությունը, հայ բնակչության տարհանումը իր հայրենիքից, մեզ համար չեն կարող համարվել օտար երկրում ընթացող շարքային պատերազմական գործողություններ:
Եվ հնարավո՞ր է արդյոք չեզոքություն, այն պարագայում, երբ հայկական պատմական բնակավայրը արդեն իսկ ահաբեկման և զինված հարձակումների է ենթարկվում:
Ինչպե՞ս կգնահատեք ս.թ. ապրիլի 21-ին Երևանի օդանավակայանում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից կամավորոկանների առաջին խմբի՝ դեպի Լաթաքիա մեկնումը խափանելու գործողությունը:
Սա, իհարկե կատարյալ խայտառակություն է, որը իր հերթին մերկացնում է մեր իրական ազգային անվտանգության անմխիթար վիճակը:
Ինչո՞ւ չեն կարող կամավորականները ինքնուրույն քայլեր կատարել Քեսապի ինքնապաշտպանության կազմակերպմանը սատարելու գործում: Չէ՞ որ այսօր օրախնդիր է ձեւավորել անվտանգության ու խաղաղության այնպիսի կղզյակներ, որոնք վաղը պետք է դառնան Սիրիայում համընդհանուր խաղաղության հաստատման ինքնուրույն հայկական գործոններ:
Եվ ամեն տեսակ ֆիզիկական անվտանգության ապահովում վտանգված է, եթե բացակայում է բարոյա-հոգեբանական արժանապատիվ կեցվածքը: Եվ չի՞ խախտվում արդյոք վերջինս, երբ հիմարություն է հայտարարվում ինքնապաշտպանության բնական իրավունքին սատարող կամավորական համերաշխությունը:
Հատկապես այսօր՝ Աղետի հարյուրամյա տարելիցի շեմին, այս իրադարձությունների գումարային ազդեցությունը մեր ազգային արժանապատվության կորիզի ոչնչացման վտանգ է պարունակում և ուրեմն ազգային անվտանգությանը նետված մեծագույն մարտահրավեր է:
Ահա այս մասշտաբային մարտահրավերին դեմ հանդիման ազգային «ջոջերի» որդեգրած փոքրոգի վարքը իրականում պատասխանատվությունից խուսափելու, «ձեռքերը լվալու» և ազգային ապագայից հրաժարման նվաստացուցիչ քաղաքակականություն է:
Կամա թե ակամա, քեսապահայ և ավելի լայն՝ սիրիահայ համայքի հետագա ճակատագիրը պայթուցիկ ազդեցություն կարող է ունենալ մեր ազգային հավաքական գիտակցության և հոգեբանության վրա՝ թե՛ նրան նիրհից արթնացնելու և թե՛ կամազրկելու կրկնակի հեռանկարով: Այս իմաստով այն համեմատելի է սումգայիթյան հայտնի իրադարձությունների կարևորության հետ:
Բութ անտարբերության, սեփական ճակատագրին տեր չկանգնելու ներկայիս գահավիժող ընթացքը կանգնեցնելու և ազգային համերաշխության վերահաստատման առումներով բացառիկ կարևորություն են ստանում սիրիահայության և քեսապահայության նկատմամբ հայության կողմից որդեգրվելիք ներկայիս ճակատագրական որոշումները:
Պատմական հիշողության մեջ անթեղված հիշատակների արթնացումը չպետք է հիմնված լինի նոր սարսափների կամազրկող սպասումների վրա, ինչպես փորձում է ներկայացնել Սերժ Սարգսյանը, այլ ընդհակառակը՝ մենք դատապարտված ենք անհրաժեշտ կարծրության ձեռքբերման՝ հիշելով այն խայտառակ կրավորականության դրվագները, որով մեզնից ոմանք 1915թ. Աղետի օրերին հրաժարվում էին պաշտպանել մեր բնակավայրերը, մեր օջախները, մեր կանանց ու երեխաներին և դատապարտում էին նրանց տարհանման ու անսահման նվաստացման: Մյուս կողմից, մեր մեջ երբեք պետք է չհանգչի մեր պապերի մղած պայքարի կենդանի հիշողությունը, որի շնորհիվ մենք այսօր կանք, ու պիտի վերականգնենք մեր արժանապատիվ կեցությունը, որպես իր շահերը գիտակցող ու պաշտպանող պետականություն ունեցող ազգ: