Հայկ Մարությանը ոչ՛ նախընտրական շրջանում, ո՛չ դրանից հետո կարմիր գծերը վերացնելու խոստում չի տվել. խոսնակ
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեսյբուքյան իր էջում անդրադարձել է մամուլի հրապարակմանը, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ով նախընտրական շրջանում խոստացել էր վերացնել կարմիր գծերը, հայտարարում է, որ այս հարցի հետ կապված՝ պետք է տոտալ կերպով վերանայվեն մոտեցումները և գան ընդհանուր հայտարարի, որը ձեռնտու կլինի մայրաքաղաքի բնակիչներին։
Հրապարակման մեջ նշվել է` մշտապես քննարկվել է, թե կարմիր գծերը ծաղկեցնում են գործարար Միհրան Պողոսյանի՝ Քեթրինի Միհրանի բիզնեսը, իսկ որոշ տեղեկությունների համաձայն՝ «կարմիր գծերի» բիզնեսը պատկանում է հենց վերջինիս ընտանիքին:
Մամուլի խոսնակը նշում է, որ հոդվածը հիմնված է երկու պնդման վրա՝ «կարմիր գծերը» մասնավոր բիզնես է, և Հայկ Մարությանը, իբր, երբևէ խոստացել է «վերացնել» կարմիր գծերը։
«Երկու պնդումն էլ իրականությանը չի համապատասխանում։ Երևանում վճարովի կայանատեղերը («կարմիր գծերը») կառավարող ընկերությունը 100 տոկոսով պատկանում է Երևանի քաղաքապետարանին արդեն ավելի քան երկու տարի՝ 2016 թվականի աշնանից ի վեր, իսկ Հայկ Մարությանը ոչ՛ նախընտրական շրջանում, ո՛չ դրանից հետո կարմիր գծերը վերացնելու խոստում չի տվել» ։