Իրավապաշտպանին եւ տարեց կնոջը բռնության ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի եւ քաղաքացի Զինա Գյոզալյանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ: Բռնություն գործադրողները եղել են Դատական ակտերի հարկադիր կատարողները, որոնք մարտի 17-ին Աբովյան փողոցում բնակվող ընտանիքը սեփական տնից վտարելու ժամանակ մարմնական վնասվածքներ են հասցրել նաեւ իրավապաշտպան Մարինա Պողոսյանին, ով դեպքի վայր էր ժամանակ ընտանիքի շահերը պաշտպանելու համար:
Վերոնշյալ հասցեում գրանցված Զինա եւ Կարինե Մելիքյանները ինքնակամ լքել են տարածքը, քանի որ նրանց մասով առկա է եղել դատավճիռ, իսկ տան տատիկը՝ 75-ամյա Զինա Գյոզալյանը բռնությունների թիրախ է դարձել: «Կատարողական թերթիկում Զինա Գյոզալյանի անունը նշված չէր, այսինքն՝ ԴԱՀԿ աշխատակիցներն իրավունք չունեին նրան վտարելու այդ տարածքից, բայց նրանք դա հաշվի չառան եւ անասելի ստորացումների ենթարկեցին վատառողջ կնոջը,- պատմում է իրավապաշտպանը՝ տհաճությամբ վերհիշելով դեպքի մանրամասները: – Մենք երկու անգամ Շտապ օգնություն կանչեցինք 75-ամյա կնոջ համար, բայց նույնիսկ դա չսթափեցրեց հարկադիր կատարողներին, նրանք ծեր կնոջը մազերից և մարմնի այլ մասերից բռնած ուղղակի նետեցին բետոնե աստիճանների վրա»:
«Վելես» ՀԿ նախագահը փորձել է դեպքի վայրից զանգահարել ՀՀ ոստիկանության «Թեժ գիծ», դա նկատելով ԴԱՀԿ-ի աշխատակիցները նրան եւս բռնությամբ նետել են բետոնե աստիճանների վրա՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Մարինա Պողոսյանը եւ Զինաիդա Գյոզալյանն անցել են դատաբժշկական փորձաքննություն, նրանց ստացած վնասվածքներն արձանագրվել են:
Միջադեպից հետո իրավապաշտպանը եւ մյուս տուժած քաղաքացիները դիմել են ոստիկանություն՝ ներկայացնելով հաղորդում հանցագործության մասին, որի հիման վրա էլ հարուցվել է քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «բռնության գործադրման զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը»:
«Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի իրենց լիազորությունները լկտիաբար չարաշահող ԴԱՀԿ աշխատակիցները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»,- վստահեցնում է իրավապաշտպան Մարինա Պողոսյանը:
Նշենք, որ Երեւանի Աբովյան 38 հասցեում բնակվող քաղաքացիները զրկվել են իրենց սեփականությունից վաշխառուական գործունեություն իրականացնող խմբավորման ծրագրված գործողությունների արդյունքում, որի մասին բազմիցս բարձրաձայնել է «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ն, եւ որի վերաբերյալ քաղաքացիները մի շարք բաց նամակներ են ուղղել Հանրապետության նախագահին եւ այլ պաշտոնատար անձանց:
«Վելես» իրավապաշտպան
հասարակական կազմակերպություն