Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում
Ապրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կետրոնական վարչական ժողովի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ղեկավար կազմի ներկայացուցիչներին` ՀԲԸՄ կետրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբեանի եւ ՀԱՀ նախագահ Բրյուս Բողոսյանի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության, Հայկական բարեգործական ընդհանուր միության եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի միջեւ ստորագրվեց համաձայնագիր, համաձայն որի ՀԲԸՄ ամբողջական հովանավորությամբ ՀԱՀ կողմից կիրականացվեն հետեւյալ ծրագրերը. ՀՀ ՊՆ եւ ԶՈւ անգլերեն լեզվի դասավանդողների վերապատրաստում, պարտադիր զինվորական ծառայության վերջին 6 ամիսների ընթացքում զինծառայողների համար նախատեսված ուսուցում, ՀՀ ՊՆ քաղաքացիական հատուկ ծառայողների եւ զինվորական անձնակազմի վերապատրաստման եւ որակավորման բարձրացման դասընթացներ, Հայաստանի ամերիկյան համալսարանում ուսանելու նպատակով ՀՀ ՊՆ եւ ԶՈւ ներկայացուցիչներին մագիստրոսական եւ բակալավրիատի կրթաթոշակների տրամադրում, մի շարք այլ նախապատրաստական դասընթացներ:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը կարեւորեց համագործակցությունը Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ, որը տարեցտարի ընդլայնվելով տալիս է իր դրական արդյունքները: Նշվեց, որ ՀՀ պաշտպանության նախարարության եւ զինված ուժերի մի շարք ներկայացուցիչներ շարունակական կրթության բաժնի դասընթացներին մասնակցելու եւ ավարտելու հնարավորություն են ստացել՝ կատարելագործելով իրենց մասնագիտական հմտությունները, իսկ նրանցից մեկը ներկայումս ուսանում է Ամերիկյան համալսարանի մագիստրոսական բաժնում ՀԲԸՄ կողմից տրամադրված կրթաթոշակով:
2013թ.-ի մայիս-հունիս ամիսներին ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ՍԿՈԲ կենտրոնի ունկնդիրներին հնարավորություն է ընձեռվել մասնակցել առաջնորդության եւ կառավարման վերաբերյալ Հայաստանի Ամերիկյան համալսարանի Հատուկ դասընթացների բաժնի տնօրեն, դոկտոր Արփի Բալյանի կողմից անվճար հիմունքերով իրականացված հատուկ դասընթացին: Ներկայումս վերոհիշյալ դասընթացը ներառվել 2013թ. հիմնված հրամանատարաշտաբային դասընթացների ուսումնական ծրագրում եւ դասավանդվում է 2 առանձին ծրագրով՝ միջին եւ ավագ հրամանատարական կազմի ներկայացուցիչների համար:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց Հայկական բարեգործական ընդհանուր միությանը եւ սփյուռքահայությանը Հայաստանին շարունակական աջակցության համար, ինչից անմասն չեն մնա նաեւ ՀՀ զինված ուժերը, ինչպես նաեւ Հայաստանի Ամերիկյան համալսարանի ղեկավարությանը՝ ներկայացված ծրագրերը կյանքի կոչելու իրենց պատրաստակամության եւ հանձնառության համար: