16 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Գործող իշխանության համար լեգիտիմության հիմք է անհրաժեշտ, հեղափոխական զոհեր, քայլերթների համար դրդապատճառներ

«Մարտի 1»-ի հեղափոխական դիսկուրսը.

Ցանկացած իշխանություն լեգիտիմության համար հանրային դիսկուրսի պահանջ ունի։
Ադրբեջանի ղեկավարի լեգիտիմության հիմքն է «գրավված» տարածքների վերադարձը։ Կուբայի հեղափոխական կառավարության հիմքը համաշխարհային, այսինքն ամերիկյան իմպերիալիզմի և կապիտալիզմի դեմ պայքարը։ Վրաստանում և Ուկրաինայում պայքարում են ռուսական իմպերիալիզմի դեմ և այլն։

Լեգիտիմության դիսկուրսից հրաժարումը կարող է տապալել իշխանությանը։

Նման դիսկուրսներ ունեն նաև տարբեր ինստիտուտները․ Հայ եկեղեցին 5-րդ դարից ի վեր նշում է Ավարայրի բարոյական հաղթանակը և սրբադասել է նահատակներին։ Շիաները մինչև հիմա նշում են 661-ին տեղի ունեցած Ալի Մարգարեյի մահը և նշում են այնպիսի էմոցիոնալ կերպով, կարծես դա երեկ է տեղի ունեցել։ Դա նույնպես իրենց լեգիտիմության դիսկուրսի հիմքն է։

Բնականաբար, լեգիտիմության դիսկուրսը պետք է ունենա որոշակի բառապաշար, կախված ժամանակից, տեղից և իրավիճակից՝ «նահատակ», «մարտիրոս», «քաղաքացի», «աշխատավոր ժողովուրդ», «սովետական սոցիալիստական մեծ հեղափոխություն», «թավշյա, ոչ բռնի հեղափոխություն», «հպարտ քաղաքացի», «հեղափոխության առաջներդ» և այլն։ Դրանք պետք է անընդհատ և ցանկացած առիթներով կրկնվեն, որպեսզի մեխվեն մարդկանց ուղեղներում։ Տիրապետել մարդկանց ուղեղները, նշանակում է ուղղորդել և իշխել նրանց վրա։

Կարգախոսները պետք է ունենան էներգետիկա և որևէ գործողության պոտենցիալ․ «հողը գյուղացուն, գործարանները բանվորներին», կամ «պայքար, պայքար մինչև վերջ», ինչպես նաև որևէ մի խորհրդանշական «ճակատամարտ», իրական, կամ բարոյական հաղթանակներով։ Եկեղեցու համար դա Ավարայրի ճակատամարտն է, ֆրանսիական հեղափոխության համար Բաստիլի գրավումը, կուբայական հեղափոխության համար Մոնկադա զորանոցի գրավումը։

Հայկական հեղափոխությունը նույնպես պետք է ունենա իր բառապաշարը և որպես խորհրդանիշ որևէ իրադարձություն։ «Ռադիոտան» գրավումը չի կարող համեմատվել Ձմեռային պալատի, կամ Մոնկադայի գրավվման հետ։

Արցախյան հաղթանակի ստորադասումը ապրիլյան դեպքերին հանրության կողմից չընդունեցին։ Մնում էր մի այլ իրադարձություն դարձնել հեղափոխության խորհրդանիշը։

Նման իրադարձությունները կարևոր են նաև երթերի և զանգվածային միջոցառումների համար։ Պետք է լինեն նաև թանգարաններ, սակայն «թավշյա, ոչ բռնի հեղափոխության» թանգարանի ստեղծման փորձը հանրության կողմից նույնպես չընդունվեց։

«Մարտի 1-ի» դեպքերը, ըստ էության, միակ իրադարձությունն է, որը կարելի է նշել որպես հեղափոխական իրադարձություն, հնարավոր Ավարայրի ճակատամարտ։ Դա հեղափոխական սիմվոլիկայի միակ հնարավոր նշանակալի իրադարձությունն է կարող դառնալ, և կարևոր չի, որ քսան տարի առաջ է եղել։

Գործող իշխանության համար լեգիտիմության հիմք է անհրաժեշտ, հեղափոխական զոհեր, քայլերթների համար դրդապատճառներ։

Ինչ վերաբերում է զոհերին, ապա նրանց ողբերգական մահը պետք է միավորի մարդկանց, լինի ապագայի համար դաս։ Սակայն ոչ լեգիտիմության դիսկուրսի համար շահարկման միջոց։

Առհասարակ, մարդկանց մահը քաղաքական նպատակների համար շահարկելն աընդունելի է, ինչպես նաև սրբապղծություն է, երբ երթի կազմակերպմանը մասնակցում են մարդիկ, որոնք եղել են բարիկադների հակառակ կողմում ու կրել են զենք ու ստացել հանդերձանք այդ նպատակի համար»։

 Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ