05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արարատ Միրզոյանը՝ Բաքվում հակահայկական ակցիային ռուսաստանցի գործիչների մասնակցության մասին

«Հարգելի Վալենտինա Իվանի,

հարգելի գործընկերներ,

հարգելի ընկերներ,

նախեւառաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի լիագումար նիստում ելույթ ունենալու հնարավորության համար:

Հաճույքով կօգտվեմ այս հնարավորությունից` շարունակելու համար երկխոսությունը, որն ինտենսիվորեն իրականացվում է մեր պետությունների ղեկավարների մակարդակով, աջակցելու եւ ամրապնդելու այն մեր երկրների միջեւ երկկողմ միջխորհրդարանական համագործակցության մակարդակում եւ հնարավորինս նպաստելու շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների, տարածաշրջանային վարչակազմերի, ինչպես նաեւ գործարար մակարդակում եւ ոչ պակաս կարեւոր` մարդասիրական ու մշակութային առումով հետագա արդյունավետ զարգացմանը:

Ուղղակի, անմիջական եւ անկեղծ երկխոսություն, որն ուղղված է փոխըմբռնման եւ փոխադարձ վստահության ամրապնդմանը, հնարավոր բոլոր հարցերի քննարկումներին, փոխշահավետ լուծումներ փնտրելուն եւ բացառապես բոլոր ուղղություններով համագործակցության զարգացմանը: Անկեղծ բարեկամական երկխոսություն, որն առանձնահատուկ նշանակություն է ստանում այն հանգամանքի լույսի ներքո, երբ իրենց լոբբիստական հետաքրքրությունները բավարարելու համար եւ մեր երկրների լրատվական դաշտում կասկածելի մանիպուլյացիաներ օգտագործելով՝ որոշ շրջանակների կողմից փորձ է արվում խեղաթյուրված ներկայացնել Հայաստանում տեղի ունեցող գործընթացները, կեղծ լույսի ներքո թյուրիմացություն եւ անորոշություն սերմանել՝ դրանով իսկ թուլացնելով մեր ընդհանուր դիրքերը միջազգային ասպարեզում եւ բարձրացնելով մեր պետությունների խոցելիությունն արտաքին մարտահրավերներին:

Ամենայն պատասխանատվությամբ ցանկանում եմ հայտարարել. նման փորձերն ավելի քան ապարդյուն են եւ ի սկզբանե դատապարտված են լիակատար ձախողման, քանի որ մեր դարավոր հարաբերությունների մեջ սեպ խրելն անհնար է, քանի որ մեր երկրների եւ ժողովուրդների մերձեցման երկարաժամկետ հիմքերը, նախադրյալներն ու պատճառները քաղաքական իրավիճակի եւ որոշ շրջանակների այսրոպեական նեղ շահադիտական հետաքրքրություններից վեր են կանգնած: Այս առումով ուզում եմ ընդգծել, որ միայն մենք ձեզ հետ միասին կարող ենք որոշել երկկողմ հարաբերությունների օրակարգը, եւ մենք կշարունակենք դա անել՝ ելնելով պատմականորեն ձեւավորված փոխադարձ հոգեւոր եւ մշակութային մտերմությունից, մեր ժողովուրդների համակրանքի ու բարեկամության, մեր պետությունների փոխադարձ երկարաժամկետ շահերից:

Եւ ղեկավարվելով այդ բարձր առաջնահերթություններով՝ ժողովրդի կամքով եւ պետության շահով, որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ՝ ես անհրաժեշտ եմ համարում Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդում եւս մեկ անգամ հնչեցնել եւ ամրագրել այն թեզը, որը բազմիցս մեր կողմից 2018 թ. ապրիլից սկսած ասվել է բոլոր մակարդակներում եւ տարբեր առիթներով. «Ռուսաստանի հետ հարաբերություններն առանձնահատուկ են Հայաստանի համար, Հայաստանը Ռուսաստանին համարել եւ համարում է իր ռազմավարական գործընկերը, մեր հարաբերությունների հետագա ամրապնդումը եւ այդ ճանապարհին հնարավոր խոչընդոտների հաղթահարումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է»:

Այս ընկալումը, այս հայեցակարգն արտացոլված է ՀՀ Ազգային ժողովի կողմից օրերս հաստատված կառավարության հնգամյա ծրագրում, ինչը, իհարկե, վերը նշվածի վառ վկայությունն է:

Հարգելի ընկերներ,

hայ-ռուսական համագործակցության առանցքային կողմերից մեկը, ընդհանուր առմամբ աշխարհում եւ մասնավորապես Հարավային Կովկասի տարածաշրջանում, անվտանգության ապահովումն ու կայունության պահպանումն է: Մենք հանդես են գալիս հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու փորձերի դեմ եւ ողջունում մեր երկրագնդի վրա ամուր խաղաղության եւ կայունության հասնելուն ուղղված նախաձեռնությունները: Այս առումով, ավելի լայն փոխգործակցության լույսի ներքո վերջին շրջանի օրինակ կարող է լինել Սիրիայի Արաբական Հանրապետություն մեր մասնագետների խումբ ուղարկելը: Սիրիա վերջերս ուղարկված հայկական մարդասիրական առաքելությունը ծառայում է բացառապես խաղաղության եւ կայունության խթանմանը՝ օգնելով սիրիացի ժողովրդին հակամարտությունից տուժած շրջաններում վերականգնելու կենսագործունեությունը: Շնորհակալ ենք ռուսական կողմին Հայաստանի առաքելությանը լոգիստիկ աջակցության տրամադրման, ինչպես նաեւ վերջին տարիներին մեր մարդասիրական օգնությունն այդ երկիր ուղարկելու կազմակերպմանն աջակցելու համար:

Վերոնշյալ մարդասիրական բաղադրիչն ավելի արդիական է դառնում հատկապես այս օրերին, երբ աշխարհի հայերը հարգում են ավելի քան երեսուն տարի առաջ տեղի ունեցած Սումգայիթյան գազանաբարո կոտորածի զոհերի հիշատակը, որը դարձավ հայերի, ռուսների եւ հրեաների դեմ ուղղված ծրագրի նախերգանքը՝ սկիզբ դնելով լայնամասշտաբ էթնիկ զտումների քաղաքականությանը: Դա հանգեցրեց Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի եւ այլ քաղաքների հայ բնակչության զանգվածային արտագաղթին: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շատ առումներով բնական արձագանք էր հայ բնակչության ամբողջական ոչնչացման նպատակային քաղաքականությանը:

Հարգելի գործընկերներ,

ուզում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ  Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը եւ հիմնվելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում՝ որպես միջազգային հանրության օրինական մանդատ ունեցող միակ ձեւաչափի: Այս համատեքստում կցանկանայի ընդգծել, որ մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության դերը որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր:

Հարգելի բարեկամներ,

պետք է ցավով արձանագրեմ, որ չնայած մեր երկրների միջեւ բարձր մակարդակի եւ դաշնակցային համագործակցությանը, ինչպես նաեւ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ռուսական կողմի հետեւողական ջանքերին՝ ռուսաստանցի մեր որոշ գործընկերներ բառացիորեն երեկ դարձան վառ արտահայտված հակահայկական միջոցառման մասնակիցներ Բաքվում՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության եւ կայունության խաթարմանը: Ավելին, արդարացի տարակուսանք է առաջացնում այս միջոցառմանը ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների մասնակցությունը:

Միաժամանակ մեր միջխորհրդարանական հարաբերություններում կարեւոր դեր է խաղում եւ առանցքային օղակ է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության հանձնաժողովը: Տարիներ շարունակ հանձնաժողովն արդյունավետ հարթակ է ծառայել խորհրդարանականների, փորձագետների, երկու երկրների գործարար համայնքի ներկայացուցիչների կառուցողական երկխոսության համար: Այսօր մենք հանձնաժողովին կարող ենք նոր լիցք հաղորդել եւ պատրաստել դրա թարմացված օրակարգը:

Հարգելի գործընկերներ,

չեմ կարող չընդգծել բազմակողմ ռազմական համագործակցության եւ տնտեսական ինտեգրման ուղղությունները՝ ամրապնդված միջազգային ռազմաքաղաքական եւ տնտեսական կազմակերպություններում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում եւ Եվրասիական տնտեսական միությունում մեր երկրների մասնակցությամբ:

Հատկանշական է, որ Հայաստանի Ազգային ժողովում հենց իշխող մեծամասնության նախաձեռնությամբ ստեղծվեց նոր՝ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը: Հանձնաժողովը, ի թիվս այլ հարցերի, կզբաղվի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների օրենսդրության ներդաշնակեցմամբ, եւ սա եւս մեկ ծանրակշիռ օրինակ է, որը, ի դեպ, կարող է մեծապես ծառայել ԵԱՏՄ անդամ մյուս երկրների համար:

2019 թվականի հունվարի 1-ից մեր երկիրը նախագահում է Եվրասիական տնտեսական միության մարմիններում: Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, որոնք ներկայացված են Հայաստանի Հանրապետության վարչապետ, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանի՝ 2019 թվականի հունվարի 25-ին ԵՎՐԱԶԵՍ-ի անդամ պետությունների ղեկավարներին ուղղված ուղերձում, ներառում է այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են էներգետիկ ոլորտը, եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի դիվերսիֆիկացումը, տնտեսության բարձր տեխնոլոգիական հատվածի զարգացումը եւ միության թվային օրակարգի լիարժեք իրականացումը, ֆինանսական հատվածի աճի եւ կայունության ապահովումը:

Վերը նշվածի լույսի ներքո կցանկանայի նշել, որ երկկողմ հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը հաջողությամբ զարգանում է նաեւ միջտարածաշրջանային մակարդակով՝ Հայաստանի գրեթե բոլոր մարզերի եւ Ռուսաստանի Դաշնության շուրջ 70 սուբյեկտների մասնակցությամբ: Այնուամենայնիվ, համոզված եմ, որ մենք ապակենտրոնացված արգասաբեր համագործակցության հետագա զարգացման համար չօգտագործված զգալի ներուժ ունենք:

Ամփոփելով՝ կարելի է վստահությամբ ասել, որ կան բոլոր նախադրյալները հայ-ռուսական հարաբերություններին նոր իմաստ եւ բովանդակություն հաղորդելու համար` հիմնված փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, փոխշահավետության եւ մշակութային ընդհանրությունների վրա՝ դառնալով մեր ռազմավարական գործընկերության ակնառու օրինակ: Դրա համար մեր երկու պետությունները պետք է բոլոր հնարավոր ջանքերը գործադրեն: Սա երկկողմանի երթեւեկության փողոց է եւ այստեղ մեր առջեւ համատեղ ինտենսիվ ու պատասխանատու աշխատանքի համար լայն դաշտ է բացվում:

Եզրափակելով ելույթս՝ մեր պատվիրակության անունից ցանկանում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Վալենտինա Իվանի, Դաշնության խորհրդի հարգելի անդամներին՝ ջերմ ընդունելության եւ հյուրընկալության համար: Հուսով եմ, որ իմ այցը եւ ձեր ջերմ ընդունելությունը կդառնա երկու պետությունների հետաքրքրությունների շրջանակում մեր հարաբերությունների անխախտելիության եւս մեկ հաստատում:

Շնորհակալություն ուշադրության համար»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ