Նիկոլ Փաշինյանի թեզը նշանակում է, որ իշխանությունը հրաժարվում է իր գործառույթից. Արման Բաբաջանյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առանց միջավայրը փոխելու անհատի վերափոխումն անհնար է:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության յուրաքանչյուր անդամ պիտի ընդունի, որ անհատի վերափոխումը հանրային վերափոխման կարևորագույն միջոց է»,- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անհատի դերի, անհատի վարքագծի վերափոխման մասին վարչապետը խոսել է նաև շաբաթ օրը Վանաձորում տեղի ունեցած տնտեսական համաժողովի ժամանակ։
Այսինքն՝ այս թեզը իշխանության, վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար սկզբունքային նշանակություն ունեցող թեզ է, ենթադրաբար դրա վրա է հիմնված նաև կառավարության քաղաքականությունը։
Հետևաբար, ինչպես առիթ ունեցել եմ անդրադառնալու, կառավարությունը գործում է ոչ թե «մարդու համար», այլ «մարդու միջոցով» հայեցակարգի շրջանակներում։ Սա շատ սկզբունքային բաղադրիչ է որևէ իշխանության գործունեությունը գնահատելու համար, քանի որ այդ բաղադրիչից է կախված՝ որքանով է իշխանության քաղաքականությունը մարդակենտրոն կամ հակառակը։ «Մարդու միջոցով» կոնցեպտի դեպքում ավելորդ է խոսել մարդակենտրոնության մասին, այդ կոնցեպտը մարդուն դիտարկում է որպես շահագործվող, որպես ոչ թե նպատակ, այլ որպես նպատակին հասնելու միջոց։
Ինչ վերաբերում է անհատի վերափոխմանը, ապա դա չի կարող տեղի ունենալ ապրիորի, ինքնըստինքյան։ Անհատին վերափոխվելու է դրդում այն միջավայրը, որում նա ապրում է։ Միջավայրը պետք է լինի այնպիսին, որ անհատին դրդի դրսևորել ավելի օրինապաշտ, ավելի ստեղծարար, ավելի նորարար վարքագիծ։ Առանց միջավայրի փոփոխության կարող է փոփոխվել առանձին վերցրած մի քանի անհատների, սակայն ոչ երբեք՝ հասարակության բոլոր անդամների վարքագիծը։ Եվ ուրեմն, անհատի վարքագծի ցանկալի փոփոխություն արձանագրելու համար պետք է փոխվի, վերափոխվի միջավայրը, որում ապրում է անհատը։ Իսկ միջավայրի փոփոխությունը իշխանության գործառույթն է, այդ թվում՝ գործադիր իշխանության գործառույթը։
Նիկոլ Փաշինյանի թեզը, մինչդեռ, նշանակում է, որ իշխանությունը հրաժարվում է իր գործառույթից՝ վերափոխման պատասխանատվությունը դնելով անհատի վրա։ Այդպես չի լինում։ Այդպես հնարավոր չէ հասնել հասարակության մեծ թվով անդամների վարքագծի ու մտածողության փոփոխության։ Այդ ճանապարհը խնդրին հակառակ կողմից մոտենալու արտահայտություն է, որը որևէ կերպ չի կարող նպաստել իշխանության հռչակած տնտեսական հեղափոխությանը։
Մինչև Հայաստանում չփոխվի միջավայրը, հանրային, քաղաքական, սոցիալական հարաբերությունների մշակույթը, չի կարող տեղի ունենալ անհատի վերափոխում կամ փոփոխություն, առավել ևս՝ հասարակության մակարդակով։ Որովհետև հասարակությունը ոչ թե առանձին անհատներից բաղկացած մեխանիկական ամբողջություն է, այլ այդ անհատների միջև գործող հարյուրավոր, հազարավոր կապերի, փոխառնչությունների օրգանական միավորում, որում յուրաքանչյուր բաղադրիչ ունի իր դերն ու գործառույթը։ Պետք է վերափոխել ոչ թե առանձին անհատին, այլ հասարակությանը, որում՝ որպես սոցիումի անդամ, ապրում է անհատը»։