27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյա՞նը, Ուինսթոն Չերչի՞լը, Շարլ Դը Գո՞լը, թե՞ Հովհաննես Թումանյանը

Քաղաքականության մեջ հաճախ է հանդիպում, երբ քաղաքական գործիչները սկզբում մի հայտարարություն են անում, ապա լրիվ ուրիշ քայլ: Այսպիսին էին Ուինսթոն Չերչիլը, Շարլ Դը Գոլը:

Այս տրամաբանության մեջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դասական քաղաքական գործիչ է, միայն թե Փաշինյանի հերոսը կարծես թե Հովհաննես Թումանյանն է: 

Մինչեւ իշխանության գալը նա կենաց մահու կռիվ էր տալիս տեսախցիկների ու կարմիր գծերի դեմ, հայտարարում էր, թե տեսախցիկներն ու կարմիր գծերը հանվելու են: Իշխանության գալուց 11 ամիս անց կարմիր գծերն էլ են տեղում, տեսախցիկներն էլ: Ավելին, ոստիկանության հաղորդմամբ՝ տեսախցիկների թիվը ավելանալու  է:

Մինչեւ իշխանության գալը Փաշինյան Նիկոլը պատերազմում էր ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը պատմեց ժողովրդին, թե որքան ապահով ձեռքերում են իրենց գումարները պահվելու:

Մինչեւ իշխանության գալը պատգամավոր Փաշինյան Նիկոլը սարսափելի խղճի խայթ էր զգում խանութներում կուտակված տատիկ-պապիկների նիսյաների ցուցակից, խոստանում էր, որ Հայաստանում այլեւս գեթ մեկ աղքատ չի լինելու:

 Իշխանության գալուց 11 ամիս անց հայրենակիցների աղքատությունը վարչապետի խղճին այլեւս ահազանգ չի հնչեցնում: Ժողովրդին սարքել է չոբան՝ ուղարկում է ոչխար պահելու, թե՝ բա գիտե՞ք գիտնականները պետք է կրճատվեն, որովհետեւ արդյունավետ չեն, ուսուցիչները նախկին համակարգի ստրուկներ են ՝ ի՞նչ իրավունք ունեն աշխատավարձի բարձրացում ուզեն, հոգեւորականների մի մասը կոռուպցիոներ է, դասախոսները՝ կաշառակերներ, ընդդիմությունը նախկինների քաղաքական բովանդակության դարբնոց, լրատվականներն էլ՝ հակապետական: Այսպես կարելի է երկար թվարկել՝ «Հիտլերը տեղում չի, բեղերը՝ ծուռ ա… »: Ծափահարողներն էլ կծափահարեն՝ իներցիայի հարց է: Վարչապետ Փաշինյանը ժամեր առաջ մուննաթ եկավ գործարարի վրա, ով համարձակվեց ասել, թե արտագաղթելու տրամադրություն ունի,  իրեն լքված է զգում: Ասաց՝ վարկը, որ վերցրել ես՝ չե՞ս մտածել հետոն ոնց  լինելու:

Նույն հարցադրումն ուղղենք Հայաստանի վարչապետին՝ էդ աթոռին, որ նստել ես, չե՞ս մտածե՞լ, որ շվեյցարական թանկարժեք հյուրանոցի նախագահական համարում գիշերակացի համար մոտ 6000 ԱՄՆ դոլար ես վճարում, չե՞ս մտածել:

Երեւանից Դսեղ ուղղաթիռով է թռչում, ասում է՝ ինձ իրավունք եմ վերապահում Թումանյանի կոչը փոխանցել ժողովրդին, թե՝ վեր կաց եւ քայլիր:

Մինչդեռ ամենայն հայոց որբերի հայրիկ Թումանյանն իրեն իրավունք չէր վերապահում անգամ առողջարան գնալ, երբ բժիշկները հիվանդությունն էին գուժում: Գուցե նման պահվածքը մեր օրերում խենթություն է:

Իսկ մի՞թե խենթ չէին այն մարդիկ, ովքեր ավտոմեքենաների տակ պառկելով, իրենց մանկահասակ երեխաների սայլակները ոստիկանական փշալարերի դեմ կանգնեցնելով՝ դուրս եկան պաշտպանելու «հեղափոխական խոստումները»: Նրանք ճեղքեցին բանականության սահմանը եւ գնացին խիզախման: Ժողովուրդն արել է իր բաժին հեղափոխությունը:

Իսկ հեղափոխական իշխանությունը , որը սոցիալական լոզունգներով բազմեց աթոռներին, մեկ տարի էլ չանցած՝ լվանում է ձեռքերը աշխատանքից և պարտավորությունների բեռից, փողոցում՝ վայրագ շուկայում թողնելով հազարավոր քաղաքացիների: Հարստանում են մի քանիսը, իսկ պետության և քաղաքացիների վիճակն ավելի է ծանրանում:

Հ.Գ. Քաղաքական գործիչը պետք է խոստումներ տա,  իսկ հետո կարողանա բացատրել, թե ինչու դրանք չիրականացան: Փաշինյանը  ջանք չի դնում՝ բացատելու, թե ինչու շատ բան այնպես չգնաց:  Իրողություններն այնքան արագ են փոփոխվում, որ ամգամ նրա համակիրները չեն հասցնում ըմբռնել  նրա խոսքի հարատեւ փոփոխականությունը: Ընդամենը 2018թ. հունիսին ՀՀ վարչապետը հայտարարում էր, որ Հայաստանում կոռուպցիա չկա: Դրանից կես տարի անց նույն վարչապետը հայտարարում է՝ Հայաստանում կոռուպցիա կա:

Հայտնի ասացվածքը՝ քաջությունն այն է, ինչը պահանջվում է կանգնելու և խոսելու համար, Նիկոլ Փաշինյանի կենսագրությամբ արդարացված է: Միայն թե սրա երկրորդ հատվածը՝ քաջությունը նաև այն է, ինչը պահանջվում է նստելու և լսելու համար, «օդում կախված»  է:

Դե, վեր կաց եւ քայլիր, Հայաստանի հպարտ քաղաքացի: Դա մենք չենք ասում, «քո սրտի վարչապետն» Է ասում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ