Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Լոռու եւ Տավուշի մարզեր /ֆոտո/
Լոռու մարզում Հանրապետության Նախագահն այցելել է Թեղուտի հանքավայր՝ շրջել պղինձ-մոլիբդենային այդ հանքավայրի տարածքում, ծանոթացել Թեղուտի լեռնահանքային համալիրի տնտեսությանը, որից հետո այցելել է հանքահարստացուցիչ ֆաբրիկա, ծանոթացել իրականացված ներդրումներին եւ ֆաբրիկայի արտադրական հզորություններին: Նախագահն այնուհետեւ հանդիպում է ունեցել տեղի համայնքներից ընկերությունում աշխատող մարդկանց հետ:
“Վալլեքս” խմբի կողմից ստեղծված “Թեղուտ” ընկերության վարչական համալիրում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության եւ պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի շնորհանդեսին, որին մասնակցել են նաեւ Շնող եւ Թեղուտ համայնքների ղեկավարներն ու ավագանին:
Հաշվի առնելով, որ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի համատեքստում բնապահպանական տեսանկյունից առավել կարեւոր խնդիրներից մեկն անտառային ֆոնդին հասցվելիք վնասի փոխհատուցումն է՝ ընկերությունը, պատասխանատուների հավաստմամբ, մշակել է անտառապատման ծրագիր: Ծրագրով նախատեսվում է անտառապատման իրականացում Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման հետեւանքով հատման ենթակա անտառի կրկնակի գումարային մակերեսով՝ 714 հա տարածքներում: Ընկերությունը պատասխանատվություն է ստանձնել այդ տարածքներում ոչ միայն բուն ծառատունկի, այլեւ տնկված ծառերի նկատմամբ խնամքի համար՝ մինչեւ այն պահը, երբ հնարավոր կլինի այդ տարածքները տեղափոխել անտառի կատեգորիա: Անտառապատում իրականացնող մասնագիտացված կազմակերպություններն ընտրվում են մրցույթով:
Ծրագրի շնորհանդեսի ժամանակ նշվել է, որ անցած ժամանակահատվածում անտառահատում իրականացվել է շուրջ 149 հա գումարային մակերեսով տարածքներում: Զուգահեռաբար ծառատունկ եւ տնկված ծառերի ընթացիկ խնամքի աշխատանքներ են իրականացվել Լոռու մարզի Թեղուտ, Շնող, Լեռնահովիտ, Օձուն, Արջուտ համայնքների վարչական սահմաններում, “Հայանտառ” ՊՈԱԿ Գուգարքի եւ Լալվարի անտառտնտեսություններում գտնվող շուրջ 378.5 հա գումարային մակերեսով տարածքներում:
Զեկուցվել է նաեւ, որ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի տարածքում առկա են մշակույթի եւ քաղաքակրթության վաղեմի հետքեր եւ հուշարձաններ, որոնց պատմամշակութային բովանդակության հնարավորինս ամբողջական պահպանումն ու հետագա սերունդներին փոխանցումն ապահովելու նպատակով մշակվել, ՀՀ մշակույթի նախարարության հետ համաձայնեցվել եւ իրականացվում է “Թեղուտի հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ տարածքներում գտնվող պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանությունն ու անվթարայնությունն ապահովող միջոցառումների վերաբերյալ ծրագիր”: Ընկերության ֆինանսավորմամբ հնագիտական ուսումնասիրություններ, պեղումներ եւ ծրագրով սահմանված այլ աշխատանքներ են իրականացվել ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի եւ այլ մասնագիտացված կազմակերպությունների կողմից:
Ներկայացվել է “Թեղուտ” ընկերության սոցիալական քաղաքականությունը եւս: Ընդգծվել է, որ Լոռու մարզում սոցիալական աջակցության եւ այլ բարեգործական ծրագրերը ճշգրիտ հասցեավորելու եւ համակարգելու, այդ գործընթացներում հասարակության պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով “Վալլեքս” խմբի նախաձեռնությամբ ստեղծվել է “Մանես” բարեգործական հիմնադրամը, որը համակարգում է ընկերության սոցիալական քաղաքականությունը: Լոռու մարզում ընկերության սոցիալական ծրագրերի գերակշիռ մասն իրականացվում է այդ հիմնադրամի միջոցով: Ընդհանուր առմամբ, 2008-2013թթ. ընկերությունը եւ “Մանես” բարեգործական հիմնադրամը Թեղուտ եւ Շնող համայնքներին՝ համայնքների զարգացման նպատակով, հատկացրել են շուրջ 116.7 մլն դրամ ֆինանսական ծավալով օժանդակություն: Հիմնադրման օրվանից հիմնադրամն իրականացրել է ավելի քան մեկ միլիարդ ՀՀ դրամ ֆինանսական ծավալով սոցիալական ծրագրեր:
Պատասխանատուների հավաստմամբ, Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության եւ պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը մեծ նշանակություն ունի նաեւ համայնքների տնտեսական կյանքում: Մասնավորապես նշվել է, որ հանդիսանալով համայնքներում գտնվող միակ արդյունաբերական ձեռնարկությունն ու խոշորագույն գործատուն, ընկերությունն ունի մոտ 1.200 աշխատող, այդ թվում՝ մոտ 150 աշխատող՝ Թեղուտից, 230 աշխատող՝ Շնողից, 430 աշխատող՝ Ալավերդուց: 2014թ. մարտի դրությամբ ընկերության աշխատողների միջին հաշվարկային աշխատավարձը կազմել է 295 հազար ՀՀ դրամ:
Լոռու մարզից Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Տավուշի մարզ: Հանրապետության Նախագահը մասնակցում է ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնում ԿԲ կազմակերպած տնտեսական աճի հեռանկարները երկարաժամկետ հատվածում թեմայով սեմինարին:
Հանրապետության Նախագահն այնուհետեւ կայցելի ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Դիլիջանի ուսումնական կենտրոն, որտեղ նրան կներկայացվեն կենտրոնի կառուցման աշխատանքների ընթացքն ու շահագործումից հետո ուսումնական գործընթացի կազմակերպման հետ կապված ծրագրերը: