Կհայտարարվի մրցույթ՝ ՀՀ նոր օրհներգի համար
Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ միջանկյալ լուծում է առաջարկում ՀՀ օրհներգի համար, այն է՝ իր կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ներգրավված են՝ Մայր աթոռից Տեր Ասողիք քահանա Կարապետյանը, Դանիել երաժշիտը, կոմպոզիտորիների միության նախագահ Արամ Սաթյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Կոմիտասի թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, Ա․ Խաչատրյանի թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, ակադեմիկոս Հենրիկ Հովհաննիսյանը, գրականագետ Ֆելիքս Բախչինյանը, Լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը եւ Ալեն Սիմոնյանը։ Հնարավոր է կազմը առաջիկայում համալրվի եւս նոր անդամներով։
«Այս աշխատանքային խումբը հայտարարում է մրցույթ, որը վերաբերում է Արամ խաչատրյանի երաժշտության հիման վրա գրվող տեքստին, սա լինելու է տեքստի մրցույթ, որից հետո 2 ամիս անց այս աշխատանքային խումբը կամփոփի մրցույթի արդյունքները եւ ՀՀ-ում կհնչի Ա․ խաչատրյանի հիման վրա գրված նոր օրհներգի տարբերակ, որը չի նախապատրաստվում իմ կողմից ԱԺ-ի օրակարգ մտցնելու։ Այն կհանձնվի հանրությանը, կմնա մեր օրակարգում, եւ երբ ժամանակը գա մենք այդ թեմային նորից կվերադառնանք։ 2 ամիս անց մենք կունենաք մի տարբերակ, որը կհանձնվի հանրության դատին։ Դրանից հետո բոլորս միասին կորոշենք ինչ անել»,-ասել է ԱԺ փոխնախագահը:
Մրցույթը տեւելու է 2 ամիս եւ վերջանալու է ապրիլի 30-ին, մրցույթին մասնակցելու համար կարող եք ուղարկել ձեր տարբերակները [email protected] կամ Բաղրամյան 19-ը՝ Ալեն Սիմոնյանի գրասենյակ, ինչպես նաեւ կարող եք տանել Արամ Խաչատրյանի թանգարան։ Կբացվի նաեւ ֆեյսբուքյան էջ, որին նույնպես կարող եք ուղարկել ձեր տարբերակները։