27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ուղղորդված ֆեյքերի անգամ ամենամեծ բանակները չեն օգնի այդ հարցում

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանի երեկվա գրառումը լայն արձագանք է գտել։

«Չի կարելի գնալ ամեն տեղ, ամեն գյուղում, դպրոցում, մանկապարտեզում, ամեն ամեն տեղ հանցագործություն ու կոռուպցիա տեսնելու ճանապարհով։ Սրա վերջը պատկերացնո՞ւմ եք։ Կքանդվի երկիրը…»: Սա էր հիմնական ուղերձը։

Էլինար Վարդանյանին արձագանքեց ՀՀ ոստիկանությունը՝ «Այլընտրանքային նախագծեր խմբի» ներկայացուցչի տեսակետը համարելով մեղադրանք ոստիկանությանը:

Ցավալի է, որ ոստիկանությունը ճիշտ չընկալեց ասվածի խորությունը։ Եթե անկեղծ լինենք՝ ընդհանրապես չընկալեց, քանի որ գրառումը, մեծ հաշվով, վերաբերում էր երկրում տիրող մթնոլորտին, այն խրախուսող քաղաքական իշխանությանը։ Էլինար Վարդանյանն ընդամենը շեշտում է, որ այս ճանապարհը չի կարող տանել դեպի զարգացում և առաջընթաց, չի կարող երկրում արմատախիլ անել այն պատճառները, որոնք տնօրենին ստիպում են ամուսնուն կամ մորաքրոջ տղային, հարսին կամ փեսային փոքրիկ գործի տեղավորել:

Էլինար Վարդանյանի գրառման հասցեատերը ոստիկանությունը չէր, որը խորհուրդ է տալիս խոսել միայն «իրողություններին ողջ ծավալով իրազեկ լինելու դեպքում»: Իհարկե, մենք, իրազեկ ենք: Իրազեկ ենք, որ երկրում դեռևս չեն փոխվել մարդկանց սոցիալական պայմանները, և նման տեմպերի դեպքում, ոստիկանությունը շուտով ստիպված է լինելու «բացահայտել» ամեն երկրորդ քաղաքացու, քանի որ մարդիկ դեռեւս ստիպված են ուտել՝ ապրելու համար։

Իրազեկ ենք նաև, որ ոստիկանության և մյուս իրավապահ համակարգերում աշխատողները շատ լավ գիտակցում են այդ ամբողջ իրողությունը, և ամենևին հաճույք չեն ստանում հրեշտակ ձևանալու և օրը 24 ժամ դայակ, բուժքույր ու պահակ բացահայտելու գործընթացից։

Իրազեկ ենք նաև, թե վերջին համաներումից հետո ինչ ծանրաբեռնվածությամբ են աշխատում ոստիկանները, թե իրականում ինչ են մտածում, երբ իրենց ստիպում են այս ծանաբեռնվածության պայմաններում մտնել դպրոց և անցած դարի երեսունականների ոգով «հայրենիքի դավաճան» տնօրեններ և ուսուցիչներ գտնել: Մարդիկ վախենում են արդեն փողոց դուրս գալ, պառկել քնելու, մեքենա վարել և այլն, ամեն վայրկյան և ամենուր սպասելով «դուխով» հանցագործների։ Ի դեպ, այս ամենը նշելով, մենք դարձյալ չենք թիրախավորում ոստիկանությանը։ Երկրում մթնոլորտն է այդպիսին, իսկ մթնոլորտը քաղաքական իշխանություններն են ձևավորում։

Չի կարելի երկիրը բաժանել նոր սրբերի ու հին մեղավորների։ Նույն ոստիկանական համակարգում, ԱԱԾ-ում, ՀՔԾ-ում և այլուր, այսօր կան մարդիկ, որոնք ունեն այնքան հարստություն, որքան Հայաստանի բոլոր ուսուցիչները միասին։

Էլինար Վարդանյանն ընդամենը հուշում է, որ կա երկու ճանապարհ: Առաջին ճանապարհը շատ պարզ է. թողնել ուրվականների և վհուկների որսը և զբաղվել պետության զարգացման ծանր գործով: Սա բարդ ճանապարհ է, բայց՝ արդյունք տվող։ Տարիներ շարունակ մարդիկ ստիպված են եղել գտնել մեր երկրի բարդ, անարդար սոցիալական պայմաններում ինչ որ կերպ գոյատևելու ձևեր։ Խոսքը հատուկենտ հանցագործությունների մասին չէ, այլ՝ զանգվածային բնույթ կրող սխեմաների։

Այդ սխեմաները, այո, պետք է արմատախիլ անել, բայց դա չի արվում իքս գյուղի խեղճուկրակի հանդեպ գործ հարուցելով։ Պետք է նպաստել կենսամակարդակի, այդ թվում՝ ոստիկանների կենսամակարդակի աճին, երկիրը տանել իրական համերաշխության ճանապարհով:

Մյուս ճանապարհը, որով գնալ մենք խորհուրդ չենք տալիս, այն է, ինչ ընտրել է օրվա իշխանությունը: Մնալով անցյալում, այնտեղ ամեն միլիմետրում հանցագործություններ գտնելով, մարդկանց ձերբակալություններով և կալանավորումներով, մենք երկար ճանապարհ չենք կարող անցնել: Անցյալում մնալով՝ մենք ներկա հանցագործություններն ու կոռուպցիոն սխեմաներն էլ չենք նկատի, մեր դեմ ուղղված արտաքին մարտահրավերներն էլ: Ուղղորդված ֆեյքերի անգամ ամենամեծ բանակները չեն օգնի այդ հարցում։

 Հեղինակ՝ Գեղամ Նազարյան, «Այլընտրանքային նախագծեր խումբ

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ