Լիլիթ Մակունցի հետ մեր հանդիպման ձայնագրությունը հրապարակելուց հետո մեդիայում և սոցցանցերում աննախադեպ թափ է հավաքել իմ և իմ ընկերության դեմ ծավալված սև փիառը
Ի պատասխան ՀՀ մշակույթի նախարարության՝ «Տատիկիս վարսերը» ֆիլմի խնդիրների շուրջ կեղծիքով, զրպարտանքով ու ապատեղեկատվությամբ հագեցած հայտարարության և ի հավելումն փետրվարի 19-ի, նախարարության մեղադրանքները հերքող մեր ասուլիսի, ներկայացնում ենք «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության մեկնաբանությունները «Տատիկիս վարսերը» և «Թողություն» միջազգային կինոնախագծերի վերաբերյալ։
Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության մեկնաբանությունները «Տատիկիս վարսերը», ռեժիսորներ՝ Մարինե Զաքարյան, Հովհաննես Գալստյան, (Հայաստան, Բուլղարիա, Գերմանիա) և «Թողություն», ռեժիսոր՝ Հովհաննես Գալստյան, (Հայաստան, Ֆրանսիա, Բուլղարիա, Մալթա) ֆիլմերի վերաբերյալ
Լիլիթ Մակունցի հետ մեր հանդիպման ձայնագրությունը հրապարակելուց և ազատամարտիկ Մհեր Մազմանյանի՝ իմ սկսած հացադուլին միանալուց հետո, մեդիայում և սոցցանցերում աննախադեպ թափ է հավաքել իմ և իմ ընկերության դեմ ծավալված սև փիառը՝ կեղտոտ տեխնոլոգիաների ողջ արսենալի կիրառմամբ։
Այդ սև փիառի կիզակետում «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման հայտի մերժման «հիմնավորումների» վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության տարածած երկարաշունչ հայտարարությունն է, որը նախարարության ագրեսիայի, ստախոսության ու ամբարտավանության հավաքական գլուխգործոց է և որում սփռված են մեղադրանքներ իմ, իմ ընկերության և մեր ֆիլմի միջազգային գործընկերների հասցեին։
Հայտարարության մեջ տեղ գտած «անճշտությունների», ապատեղեկատվության ու հերյուրանքի ծավալն այնքան մեծ է, որ ես՝ որպես ընկերության տնօրեն և փաստաբան Նունե Դանիելյանը անդրադարձել ենք դրանց փետրվարի 19ին, Մատենադարանի մոտ հրավիրված բացօթյա ընդարձակ ասուլիսով։
Ստորև ներկայացնում ենք պարզաբանումներ «Տատիկիս վարսերը» և «Թողություն» ֆիլմերի արտադրության վերաբերյալ, ընդգծելով, որ «Տատիկիս Վարսերի» ֆինանսավորման Հայտը հաստատվել է 2015թ-ին և եթե «Թողություն» ֆիլմը խնդիրներ ունենար Հայտը չէր կարող ընդունվել։ Ավելին, 2016-ին ՀՀ մշակույթի նախարարը պաշտոնական նամակով դիմել է Բուլղարիայի մշակույթի նախարարին՝ «Թողություն» ֆիլմին աջակցելու առաջարկով, հետևաբար, մշակույթի նախարարությունը ևս չէր կարող այս ֆիլմի հետ որևէ խնդիր ունենալ։
ՏԱՏԻԿԻՍ ՎԱՐՍԵՐԸ
Ա․) 2015թ-ի հուլիսի 21-ին Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերությունը կինոկենտրոն է ներկայացրել «Տատիկիս վարսերը» միջազգային կինոնախագծի Հայտը, որն առկա է կինոկենտրոնի պահոցում, և որում ամրագրված Է ֆիլմի բյուջեն՝ 312 մլն ՀՀ դրամ և կինոկենտրոնից ակնկալվող գումարի չափը` 88 մլն ՀՀ դրամ։ Մինչ այդ ֆիլմը զարգացվել է Եվրոպական ֆիլմերի զարգացման և համատեղ ֆիլմարտադրության երկու եվրոպական ծրագրերով, ունեցել է միջազգային համաարտադրողներ։
Բ․) 2016թ-ին ազգային կինոկենտրոնը հավաստիացրել է, որ գեղարվեստական խորհուրդը հաստատել է ֆիլմի Հայտը և կինոկենտրոնը տրամադրելու է ֆինանսական աջակցություն արտադրության բոլոր փուլերի համար, ամբողջ բյուջեի 30%-ի չափով՝ անգլերեն փաստաթղթում և ամբողջ բյուջեի մինչև 30%-ի չափով՝ հայերեն փաստաթղթում (հայերեն փաստաթղթում նշվել է մինչև 30%, այն պատճառով, որ հայտում նշված 88 մլն դրամը կազմում է ամբողջ բյուջեի ոչ թե 30, այլ 28,2%)։ 2016թ-ին կինոկենտրոնը կատարել է պարտավորությունը: 2017թ-ին՝ մշակույթի նախարար Ա․Ամիրյանի հրահանգով, պայմանագրով ֆիլմի համար նախատեսված գումարի մի մասը փոխանցվել է Հայաստանի ֆիլմ հանձնակատարին՝ վերադարձնելու պայմանով։ Գումարը չի վերադարձվել, ինչի արդյունքում ֆիլմի արտադրության պլանը մասամբ խափանվել է։
Գ․) 2018թ-ին Բեռլինում Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերությունը Բուլղարական ԺելՖիլմ և Գերմանական Քլևեր Փրոդաքշն կինոընկերությունների հետ կնքել է այդ երկրների միջև պատմության մեջ առաջին Համատեղ Ֆիլմարտադրության պայմանագիր, որով կողմերը պարտավորվել են ներդնել իրենց միջոցները և արդեն առկա ֆինանսավորման աղբյուների միացմամբ՝ ավարտել «Տատիկիս վարսերը» ֆիլմի արտադրությունը 2019թ-ի փետրվարին։
Դ․) 2018թ-ի սեպտեմբերին, ՀՀ մշակույթի փոխնախարար Ն․Ղարիբյանի ղեկավարած Ֆիլմերի ֆինանսավորման պետական հանձնաժողովը մերժել է «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման Հայտը, հղում անելով իր իսկ կողմից գրված կանոնակարգին, ինչը հետո իր իսկ նախարարությունում հրավիրված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից համարվել է անօրինական։
Ե․) «Տատիկիս վարսերը» ֆիլմի հանդեպ Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից 2015թ-ին ստանձնած պարտավորության չկատարման պատճառով Ֆիլմի դեմ իրականացրած անօրինականությունների պատճառով․
1) խաթարվել է ֆիլմի արտադրական պլանը,
2) չեղարկվել են հայաստանյան և միջազգային թիմի հետ պայմանագրերը,
3) դադարեցվել են հայաստանյան և բուլղարական նկարահանումները,
4) հետաձգվել են Գերմանիայում պլանավորված հետարտադրական աշխատանքները,
5) սառեցվել են արտասահմանյան ներդրումները,
6) արտադրող ընկերությանը հասցվել է խոշոր չափի ֆինանսական վնաս,
7) արտադրող ընկերության գործարար վարկին՝ հսկայական բարոյական վնաս,
8) կուտակվել են պարտքեր, այդ թվում՝ ՀՀ հարկային մարմիններին։
Զ․) «Տատիկիս վարսերը» ֆիլմի հանդեպ ազգային կինոկենտրոնի և մշակույթի նախարարության կողմից իրականացրած ապօրինությունների մասին Հայտարարությամբ հանդես են եկել ֆիլմի Բուլղարացի և Գերմանացի արտադրողները։ Ֆիլմի խնդիրը լուսաբանվել է Եվրոպական կինոյի մասնագիտական տեղեկատվական կայքերում։
Է․) 2018թ-ի դեկտեմբեր 3-ին «Տատիկիս վարսերը» ֆիլմի խնդիրների շուրջ հանրությանը և ՀՀ իշխանություններին իրազեկելու, ֆիլմի իրավունքները պաշտպանելու և միջազգային գործընկերներին չկորցնելու նպատակով, ֆիլմի իրավատեր Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության տնօրեն, կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը հայատարարել է Հացադուլ։ Դեկտեմբեր 12-ին՝ տասներորդ օրը, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի կողմից տրվել են ֆիլմի պետական ֆինանսավորումը վերսկսելու երաշխիքներ։ Հացադուլը դադարեցվել է։ Սակայն արտադրությունը վերսկսելու ուղղությամբ ոչինչ չի արվել։
Ը․) Ի նշան ՀՀ պետական կառույցների կողմից կինոռեժիսորի ստեղծագործելու և կինոարտադրող ընկերության՝ գործելու իրավունքը խոչընդոտելու փաստերի դեմ բողոքի, Պարալլելս Ֆիլմպրոդքշն ընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը, 2019թ-ի փետրվար 3-ին, ժամը 15:00-ից վերսկսել է Հացադուլը, ներկայացնելով երեք պահանջ․
1․) Վերսկսել «Տատիկիս Վարսերը» կինոնախագծի պետական ֆինանսավորումը՝ համաձայն ֆիլմի հանդեպ 13.11.2015թ․ Nօ․329 գրությամբ ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորությունների։
2․) Վերադարձնել «Տատիկիս Վարսերը» կինոնախագծից մշակույթի նախկին նախարարի հրահանգով 2017թ-ին վերցրած գումարները։
3․) Սկսել ֆիլմարտադրողների կողմից առաջարկվող՝ կինոյի պետական կառավարման արդյունավետ, թափանցիկ ու առաջընթաց ապահովող մոդելի քննարկումները։
ԹՈՂՈՒԹՅՈՒՆ
Ա․) «Թողություն» ֆիլմի աշխատանքներն սկսվել են 2011թ-ին։ Ֆիլմի արտադրական սխեման և համաարտադրողների թիմը ձևավորվել է մեկ տարում։ Ֆիլմն ունի չորս արտադրող՝ «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն», Հայաստան, «ԺելՖիլմ», Բուլղարիա, «ՅուՖիլմ», Մալթա, «Ֆայնդըրզ Քիփըրզ Ֆիլմզ», Ֆրանսիա։ Բոլոր արտադրողները կատարել են ներդրումներ սեփական միջոցներից, որից հետո դիմել են իրենց երկրների լոկալ կամ գլոբալ կինեմատոգրաֆիական ֆոնդերին՝ արտադրության համար աջակցություն ստանալու նպատակով։
Բ․) «Թողություն» ֆիլմի նկարահանումները ընդհատվել են, երբ ցավալիորեն կյանքից հեռացել են՝ գլխավոր դերակատարներից մեկը՝ Կարեն Ջանիբեկյանը, բուլղարացի պրոդյուսեր Ժելյո Ժելևը, կինոյից, առողջական խնդիրների պատճառով, հեռացել է ֆրանսիացի պրոդյուսեր Լյուկ Նտոնգան։ Դրանից հետո մենք կոնսերվացրել ենք արտադրությունը, որպեսզի նոր համաարտադրողներ և դերակատար գտնենք։ Միջազգային պրակտիկայում, նման իրավիճակները ստանում են Ֆորս մաժորային կարգավիճակ և արտադրությունը ժամանակավորապես սառեցվում է։
Գ․) «Թողություն» ֆիլմում 2011-2015թթ-ին Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության և միջազգային համաարտադրողների կողմից կատարվել է 47 մլն ՀՀ դրամի ներդրում:
Դ․) «Թողություն» ֆիլմի 76րոպե տևողությամբ աշխատանքային նյութը գտնվում է ազգային կինոկենտրոնում։ Մեր ձեռքի տակ առկա է 97րոպե նկարահանված նյութ, բալետի փորձերի 30 րոպե նյութ, ինչը միանգամայն բավական է երկու շաբաթում «ֆիլմ» հավաքելու, կինոկենտրոնի արխիվ հանձնելու համար, այսինքն ավարտել ֆիլմի արտադրությունը այնպես, ինչպես կինոկենտրոնի կողմից ֆինանսավորվող հայկական ֆիլմերի մեծ մասը։
Ե․) «Թողություն» ֆիլմը շարունակվող, արտադրության մեջ գտնվող ֆիլմ է, որն ունի բուլղարացի, մալթացի և ֆրանսիացի համաարտադրողներ, որոնց հետ համագործակցության համաձայնագրերը առկա են կինոկենտրոնում։ «Թողություն» ֆիլմի համաարտադրողները պատրաստակամ են շարունակելու աշխատանքը ֆիլմի արտադրությունը ավարտելու ուղղությամբ։ Մենք վերանկարահանելու ենք Կարեն Ջանիբեկյանի տեսարանները և ավարտելու ենք ֆիլմը «Տատիկիս Վարսերը» ֆիլմի ավարտից հետո՝ մեկ տարվա ընթացքում։ Ազգային կինոկենտրոնը և ՀՀ մշակույթի նախարարությունը, անշուշտ տեղյակ են պետական աջակցություն ստացած, տասնյակ տարիներ արտադրության մեջ գտնվող այլ ֆիլմերի մասին և մեզ առնվազն տարօրինակ է, որ այդ ցանկից առանձնացվել և հատուկ թիրախավորվել է «Թողություն» ֆիլմը։
Հովհաննես Գալստյան
20-02-2019
Ք․ Երևան