25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Միջազգային հանրությունը չպետք է հանդուրժի, թույլ չտա, որ Ադրբեջանը բանակցային գործընթացի քողի տակ շարունակի այս արկածախնդիր քաղաքականությունը. ՀՀ ԱԳՆ

Այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Արգենտինայի ԱԳ նախարարի հետ ասուլիսի ընթացքում լրագրողի խնդրանքով անդրադարձել է Սաֆարովի դեպքի հետ կապված` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Հայաստանի բանակցային գործընթացը լքելու հնարավորությանը եւ դրա հետեւանքներին:

Նալբանդյանը մասնավորապես ասել է.

” Դեպքը շատ վատ ազդեցություն ունի արդեն բանակցային գործընթացի վրա և ընդհանրապես տարածաշրջանային կայունության և անվտանգության վրա: Բայց փորձերը դուրս գալ բանակցություններից, ձախողել բանակցությունները, դա Հայաստանի կողմից չեն արվում, Ադրբեջանի կողմից են արվում և այս գործարքի հենց պատճառներից մեկը նա է, որ Ադրբեջանը շարունակում է այդ փորձերը:

Ադրբեջանն է, որ մերժում է եռանախագահների կողմից բոլոր  առաջարկները: Գիտեք, մեր արձագանքը Լ՛Աքվիլայի,Մուսոկկայի, Դովիլի, Լոս Կաբոսի հայտարարություններից հետո և Ադրբեջանի արձագանքը:  Դուք գիտեք, մեր արձագանքը այն առաջարկների կապակցությամբ, որոնք արվել են եռանախագահների կողմից, ԵԱՀԿ գործող նախագահների կողմից, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից՝ դիպուկահարների դուրս բերման, հրադադարի ամրապնդման, շփման գծում հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, այլ առաջարկներ, որոնք մշտապես մերժվել են Ադրբեջանի կողմից”:

Հունգարա-ադրբեջանական խայտառակ գործարքի արդյունքում վերջին օրերին ստեղծված իրավիճակին վերաբերյալ Հայաստանի գլխավոր դիվանագետը նկատել է, որ Սաֆարովի հանցագործությունից  ի վեր Ադրբեջանը հետևողականորեն փառաբանում էր այս սարսափելի ոճրագործությունը՝ անգամ այն աստիճանի, որ մարդասպանին ներկայացնում էր որպես օրինակ ադրբեջանցի երիտասարդության համար:

“Եվրախորհուրդի, Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը ինչպե՞ս կարող էր ձեւացնել, որ հավատում է Ադրբեջանի սին խոստումներին եւ գնալ նման կասկածելի քայլի: Միջազգային հանրության մոտ մեծ մտահոգություն է առաջացրել այս գործարքը:

Սեփական երկիրը լիովին թաղելով կոռուպցիայի մեջ՝ ադրբեջանական իշխանությունները  փորձում են արտահանել այդ արատը այլ երկրներ, տեղափոխել միջպետական հարաբերությունների մակարդակ: Այս մասին վերջին տարիներին բազմաթիվ հրապարակումներ են եղել միջազգային մամուլում: Սա լուրջ զգուշացում է այն երկրներին եւ քաղաքական գործիչներին, որոնց մոտ նման գործարքների գնալու գայթակղություն է առաջանում”,-նշել է Է. Նալբանդյանը, հավելելով, որ միջազգային հանրությունը չի կարող հանդուրժել բանակցային գործընթացի քողի տակ Ադրբեջանի արկածախնդիր քաղաքականության շարունակումը, որը լուրջ սպառնալիք է տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության համար:

“Այն գործելաոճը, որը դրսևորում է տարիներ շարունակ Ադրբեջանը իր ռազմատենչ հայտարարություններով, սպառնալիքներով,  նոր եւ նոր սադրանքներով շփման գծում, աննախադեպ ձևով ավելացնելով ռազմական բյուջեն.  չկա որևէ երկիր աշխարհում, որը այդպիսի տեմպերով ավելացնի ռազմական բյուջեն: Այս ամենը ուղղված է հենց բանակցությունների տապալմանը:

Ամենակարևորը նա է, որ միջազգային հանրությունը չպետք է հանդուրժի, թույլ չտա, որ Ադրբեջանը բանակցային գործընթացի քողի տակ շարունակի այս արկածախնդիր քաղաքականությունը, որը հղի է լուրջ վտանգներով տարածաշրջանի և ոչ միայն տարածաշրջանի, այլեւ միջազգային անվտանգության և կայունության համար”,-եզրափակել է ԱԳ նախարարը:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ