Մսով պերաշկու մասին անեկդոտը հիշեք, պարոն վարչապետ, որը ժամանակին պատմում էիք, նայեք՝ այդ իրավիճակում չհայտնվեք
«Պարոն վարչապետ, «Իմ քայլի» հարգելի գործընկերներ, ես ուզում եմ՝ ճիշտ հասկանանք իրար։ Մենք չենք ուզում, որ դուք ձախողվեք,-Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ այսօր ունեցած իր ելույթում ասաց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը և շարունակեց,-մենք ուզում ենք իրական փոփոխություններ, մենք ուզում ենք, որ դուք կարողանաք իներցիան հաղթահարել, և երկիրը ռեալ առաջ գնա, ուզում ենք հին ավանդույթներից հրաժարվել։ Ուզում ենք քաղաքական նոր ավանդույթներ ձևավորել, քաղաքական դաշտը կայացնել ու մաքրել, ժողովրդավարական ինստիտուտներ հիմնել և եղածները զարգացնել, ուզում ենք քաղաքացիների հուսալքությունը բացառել։ Այս ամենը Դուք խոստացել էիք, խոստացել եք հեղափոխության օրերին, խոստացել եք առաջին անգամ վարչապետ չընտրվելիս, խոստացել եք առաջին անգամ վարչապետ ընտրվելիս, խոստացել եք երկրորդ անգամ վարչապետ չընտրվելիս, խոստացել եք երկրորդ անգամ վարչապետ ընտրվելիս, խոստացել եք քարոզարշավի ժամանակ։ Հիմա Կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակն է, երբ այդ ամենը պետք է միս ու արյուն ստանար, բայց դրա որևէ նախանշան չկա։
Տպավորություն է, որ մի քիչ թերագնահատում եք այս ամբիոնն ու Ձեր ուսերին եղած բեռը, պարոն վարչապետ, որովհետև ամբողջ բեռը հենց Ձեր ուսերին է։ Խոսում եք ԱԺ մեծամասնության, Կառավարության բարձր լեգիտիմության մասին, բայց այդ բարձր լեգիտիմությունը, հասկանում ենք, չէ՞», որ միայն Ձեզանով է պայմանավորված, պարոն վարչապետ։ Եվ Կառավարության ծրագրի իրականացման ու երկրում հաջողությունների գրանցման միակ պատասխանատուն էլի Դուք եք»,- եզրափակեց Գևորգ Գորգիսյանը՝ մինչ այդ նկատելով, որ, երբ անընդհատ խոսում են 70 % ձայն հավաքելուց, վարչապետը թող հիշի, որ 1991թ. Լևոն Տեր-Պետրոսյանը 83% ձայն ուներ, և ինքը չի ուզում այժմ հիշեցնել, թե ինչպես ժողովուրդը հետո հիասթափվեց՝ խնդրելով չկրկնել նախորդների սխալները ու չանտեսել փոքրամասնության ձայնը, քանի որ վարչապետը շատ լավ գիտի, որ դա կարող է հղի լինել վտանգներով։
Ելույթի վերջում Գևորգ Գորգիսյանը կրկին մեջբերելով Փաշինյանի խոսքերը՝ նշեց.
«Տնտեսական հեղափոխություն եք խոստանում, բայց ասում եք, որ Կառավարությունը դրա մասնակիցն է լինելու միայն… Ասում եք, որ եթե քաղաքացին ՀԴՄ կտրոն չպահանջի, ապա վթարային շենքերը չեք կառուցի… բա մենք ումի՞ց պահանջենք պատասխանատվություն, ո՞վ է պատասխան տալու տնտեսական հեղափոխության ձախողման համար… Ենթադրենք, ԱԺ-ն հաստատեց կառավարության ծրագիրը: Այդ ծրագրում 95 անգամ հանդիպում է՝ «պետք է», և 33 անգամ՝ «անհրաժեշտ է» արտահայտությունը: Մեկ տարի հետո մի բան հարցնենք, էլի ասելու եք՝ «պե՞տք է»… մսով պերաշկիի մասին անեկդոտը հիշեք, պարոն վարչապետ, որը ժամանակին պատմում էիք, նայեք՝ հանկարծ այդ իրավիճակում չհայտնվեք»: