Երբ խոսում եք 70% ձայն հավաքելուց, հիշեք՝ 1991թ. Տեր-Պետրոսյանը 83% ձայն ուներ, բայց ժողովուրդը հետո հիասթափվեց
Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ այսօր ունեցած իր ելույթում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նախ նշեց, որ ավելի առարկայական ու կետային ելույթ էր պատրաստել, բայց վարչապետի ելույթից հետո ստիպված եղավ կոնցեպտուալ փոփոխություններ կատարել իր ելույթի մեջ՝ նշելով՝ վարչապետն իր Կառավարության ծրագիրը ներկայացրեց շատ էմոցիոնալ, քաղաքական, գրեթե իր հանրահավաքային ելույթների պես, բայց այդ ելույթի մեջ առարկայական ոչինչ չկար։
«Խոսում եք պարենային անվտանգության մասին, բայց գյուղատնտեսական ոլորտի զարգացման տեսլական չկա ծրագրում։ Այդ մասին հարց ենք տալիս, ասում եք՝ պատգամավորի մասին էլ չկա, բայց հո մանդատը չե՞ք դնելու, աշխատելու եք։ Փաստորեն, գյուղացուն ուղերձ ենք տալիս, թե՝ գնացեք, աշխատեք, ապահովեք երկրի պարենային անվտանգությունն ու Կառավարության վրա ոչ մի հույս մի դրեք։ Ասում եք՝ կոռուպցիան վերացել է, բայց մենք ունենք Հարկային օրենսգիրք և մաքսային ընթացակարգեր, որոնք ամբողջությամբ ստեղծված են եղել կոռուպցիա ապահովելու համար։ Ուղղակի գնացեք, հենց այսօր գնացեք ու տեսեք, թե ինչեր են կատարվում հարկային ու մաքսային մարմիններում»,- շարունակեց ԱԺ պատգամավորը։
Նա տարակուսեց նաև, որ, երբ հարցնում են զինծառայողների սոցիալական վիճակի բացերի մասին, վարչապետն ասում է, որ լուրջ բարեփոխումներ են արվել, ու նշում եք վարկերի վերակազմավորումը։ Գորգիսյանի կարծիքով՝ դա բարեփոխում չէ, այլ չարափոխում, որովհետև, եթե քաղաքացին ամսական ավելի քիչ է վճարում, ավելի երկար է վճարում, և արդյունքում՝ ավելի շատ տոկոսներ։ Եվ սա առանց կառավարության միջամտության էլ կարվեր, որովհետև հիմա բանկերը մրցակցության արդյունքում բազմաթիվ նմանատիպ փաթեթներ են առաջարկում քաղաքացիներին։
Գորգիսյանը նշեց նաև, որ վարչապետն ասում է, թե զինծառայողների համար հիպոթեքային լավ ծրագրեր են մշակվում, բայց այդ մարդիկ հիպոթեք չեն ուզում, քանի որ մտածում են, որ զոհվելու կամ հաշմանդամ դառնալու դեպքում այդ բեռը մնալու է իրենց ընտանիքների ուսերին։
Խնդրահարույց է նաև թոշակառու և բնակարան չստացած զինծառայողներին 5 միլիոն դրամ փոխհատուցում տալու հարցը, քանի որ զինծառայության ընթացքում բնակարաններ վարձելով՝ այդ մարդիկ դրանից շատ գումարներ են ծախսել, ու հիմա, փաստորեն, վերադարձվում է այդ գումարի մի մասը։
«Գազի գնից ենք հարցնում, ասում եք՝ Ռուսաստան-«Գազպրոմ», այնինչ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ճիշտ աշխատելու դեպքում, մինչև 30% կարող է նվազեցնել գազի գինը, և դրա համար, պարոն վարչապետ, կան հաշվարկներ։ Տնտեսական հեղափոխություն եք խոստանում, բայց ասում եք՝ Կառավարությունը միայն դրա մասնակիցն է լինելու։ Քաղաքացիներին ասում եք՝ տնտեսական ակտիվիստ չդարձաք, տնտեսական հեղափոխություն չենք անելու, ՀԴՄ չպահանջեք, վթարային շենքը չենք կառուցելու, էդպես է, ոնց կարող եք՝ ապրեք։ Այդ դեպքում ո՞վ է լինելու տնտեսական հեղափոխության պատասխանատուն, հեղինակը։ Վաղը մենք ումի՞ց պահանջենք՝ այդ հեղափոխությունը եղա՞վ, թե՞ չէ»,- հավելեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամը։
«Երբ անընդհատ խոսում եք 70% ձայն հավաքելուց, հիշեք, որ 1991թ. Լևոն Տեր-Պետրոսյանը 83% ձայն ուներ, և նաև հիշեք, թե ինչպես ժողովուրդը հետո հիասթափվեց»:
Գևորգ Գորգիսյանն ասաց նաև, որ զարմանալի է, երբ վարչապետն ասում է, թե կարևոր չեն թվերը, կամ դուք մեզ մի ասեք, թե Կառավարության ծրագիրն ինչպիսի՞ն պետք է լինի, կամ քաղաքացին է մեղավոր, որ լավ չի ապրում, գաղջ մթնոլորտ է ստեղծում։ Եվ տրված հարցերին վարչապետի պատասխաններից տպավորություն է ստեղծվում, որ այն մարդը, որը վարչապետի համար տեքստեր է գրում, որոնցից նա տպավորություն է ստանում, թե Սերժ Սարգսյանի համար են դրանք գրված, հենց նույն մարդն էլ նրան տեղեկացնում է, թե ինչ է կատարվում երկրում՝ երևի թե այսպես՝ «ամեն ինչ հրաշալի է, մարդիկ երջանիկ են, միայն այս կեղտոտ ընդդիմությունն է կռռում, որ երկրում մի վատ բան լինի»։